«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2012-06-29 | #119, 2012-06-30 | #120, 2012-07-03


ՉԱԽԱԼՅԱՆ. ՔԱՅԼ` ՈՒՂՂՎԱԾ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆԸ

«Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնավորապես, Մելիք Ռայիսյանը եւ Գեորգի Մխչյանը», «Երկիր» միությունը տարածել է իրեն փոխանցված ջավախահայ քաղաքական ակտիվիստ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքի վերջին դեպքերի կապակցությամբ:

«Ազգը» նախորդ շաբաթ տեղեկացրել է, թե ինչպես վրացական ընդդիմադիր ուժ ներկայացող, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու կուսակցությանն անդամագրվելու համար հետապնդումներ են իրականացվում Ռայիսյանի եւ Մխչյանի նկատմամբ, ընդ որում, եթե առաջինը հետախուզման մեջ է, ապա երկրորդին կալանավորել են «կեղծ» փաստաթղթերի համար, վրադիր էլ` այդ ամենը հազար տարվա հնության:

Չախալյանը, ում տասը տարվա ազատազրկման են դատապարտել վրացական իշխանությունները, ու վրացական արդարադատության բոլոր ատյանները տառ իսկ չեն փոխել անհեթեթ մեղադրանքների ու գործի մեջ, հայտարարել է. «Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը»: «Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունը ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար եւ բռնապետական ռեժիմներին», առաջին հերթին հաստատապես սեփական փորձից ելնելով մայիսի 29-ով թվագրված իր հայտարարության մեջ նշել է Վահագն Չախալյանը` Վրաստանի Ռուսթավի քաղաքի քրեակատարողական թիվ 1 հիմնարկից:

Քաղաքական ակտիվիստն իր հայտարարությունը եզրափակել է պահանջով. «Պահանջում եմ անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների բոլոր ճնշումներն ու հետապնդումները, ինչպես նաեւ պայմաններ ապահովել Ջավախքում եւ ողջ Վրաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4