2012 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում արդեն զոհվել է 72 լրագրող: Ըստ «Արմենպրեսի»` այս մասին նշված է «Press Emblem Campaign» (PEC) կազմակերպության հաղորդագրությունում, որը տարածել են Ժնեւում` հուլիսի 2-ին:
Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին զոհված լրագրողների թիվը 33 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Թվի ավելացումը, ըստ PEC կազմակերպության, ուղղակիորեն կապված է աշխարհում գոյություն ունեցող ներքին հակամարտությունների սաստկացման հետ:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Սիրիան, որտեղ տարեսկզբից զոհվել է 20 լրագրող, Սիրիային հաջորդում են Մեքսիկան (8), Սոմալին ու Պակիստանը (6-ական), 5-րդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան, որտեղ այս տարի սպանվել են մամուլի 6 աշխատակիցներ:
Լրագրողների համար ամենավտանգավոր տարածաշրջանը դարձել է Լատինական Ամերիկան, որտեղ ներքին զինված հակամարտությունների բացակայության պայմաններում լրագրողների համար հիմնական սպառնալիքը դառնում են տեղական հանցավոր խմբավորումները: Այստեղ տարեսկզբից զոհվել է ԶԼՄ-ների 23 ներկայացուցիչ: Լատինական Ամերիկային հաջորդում են Մերձավոր Արեւելքի (22), Ասիայի (17) եւ Աֆրիկայի (10) տարածաշրջանները:
Ի. Պ.