Եվրոմիությունը 25 տոկոսով ավելացնում է Հայաստանին տրվող օգնությունը «բարեփոխումները շարունակելու համար»
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Դժվար է ասել, թե ի՞նչ հոկու (ճապոնական ավանդական լիրիկական պոեզիայի ժանր) կգրի ֆլամանդացի Հերման վան Ռոմպոյը Հայաստան կատարած այցից հետո կամ կգրի՞ արդյոք, չնայած հոկու գրելը Բելգիայի նախկին վարչապետի ու այսօր Եվրոպայի խորհրդի նախագահի սիրելի զբաղմունքն է:
Կարծես թե Հայաստանում անցկացրած ոչ լրիվ երկու օրում ստացած տպավորությունները պետք է որ 4 երեխաների հայր վան Ռոմպոյին ոգեշնչեն հերթական հոկուն գրելու համար: Օրինակ, երեկ, երբ նա մտնում եւ դուրս էր գալիս Ազգային ժողովի շենքից, «Հարսնաքարի» գործով ԱԺ-ի դիմաց հավաքված շուրջ հարյուր «ՀՀ ինքնորոշված քաղաքացիները» վանկարկում էին` «ամոթ, ամոթ», բնականաբարՙ ոչ Եվրոպայի խորհրդի նախագահի հասցեին, այլ որպեսզի նա լսի... :
Իսկ նախքան ԱԺ գալը վան Ռոմպոյը հանդիպում էր Հայաստանի «ժողովրդավարական ինստիտուտների հետ». ԵԽ նախագահը մասնակցեց երեկ Երեւանում տեղի ունեցած «Հայաստանը` Եվրոպայում» կոնֆերանսին, որտեղ ելույթ ունեցավ: Քաղաքացիական հասարակության առջեւ ելույթում ԵԽ-ի նախագահը, խոսելով կոնկրետ ԼՂ հիմնախնդրից, ընդգծել է. «Հայաստանի հսկայական ներուժի իրացումը, այդ թվումՙ ԵՄ քաղաքական ասոցիացիայի միջոցով, կախված է հակամարտության կարգավորումից եւ դրա հետեւանքներից»: Վան Ռոմպոյը ԼՂ հակամարտության կարգավորման գործում հատկապես կարեւորել է քաղաքացիական հասարակության դերը:
«Ավելին` ավելիի դիմաց»
Արդեն նախագահի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ճեպազրույցի ընթացքում ԵԽ-ի նախագահը շեշտելով որ «Հայաստանը ԵՄ-ի շատ սերտ գործընկերն է», նշեց. «Մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունները` եվրոպական արժեհամակարգը որպես առաջնահերթություն ընդունելու առումով: Պարոն նախագահ (դիմում է նախագահ Սերժ Սարգսյանին-Հ.Ա.), Դուք ճիշտ ճանապարհին եք, սակայն դեռ բազմաթիվ անելիքներ ունեք: Ես եկել եմ այստեղ հայտարարելու, որ ԵՄ-ն 25 տոկոսով ավելացնում է Հայաստանին տրամադրելիք օգնությունը` ձեր երկրում իրականացվելիք բարեփոխումների համար, այն կկազմի 15 մլն եվրո: Ուզում եմ ասել նաեւ, որ Եվրոմիությունն առաջնորդվում է ավելին ավելիի դիմաց սկզբունքով, եւ ողջունում ենք ՀՀ հանձնառությունը` վերացնել խորհրդարանական ընտրություններում արձանագրված թերությունները` նախքան հաջորդ տարի տեղի ունենալիք նախագահական ընտրությունները»: Նախագահ Սարգսյանն իր հերթին ընդգծելով, որ «Եվրոպացի գործընկերների` Հայաստանի բարեփոխումներին սատարելու պատրաստակամությունը շատ կարեւոր է այդ բարեփոխումների արագ եւ լիարժեք իրականացման համար», ասաց. «Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների եւ մեր գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռեւս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013-ի նախագահական ընտրությունների կազմակերպման հարցում»:
Հայաստանի ու ԵԽ-ի նախագահները երկուսն էլ ընդգծեցին, որ գրանցվել է առաջընթաց Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործընթացում: Նախագահն ընդգծեց, որ վան Ռոմպոյի հետ ունեցել է «անկեղծ ու օգտակար զրույց», եւ որ իրենց մեջ «առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջը»: Վան Ռոմպոյը եւս ընդգծեց. «Շատ լավ առաջընթաց կա ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործընթացում»: Խոսքը մասնավորապես ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի մասին է, ինչպես նաեւ վիզային ռեժիմի մեղմացման վերաբերյալ, ինչի առնչությամբ վան Ռոմպոյը ԱԺ-ում դեռ, ասել է. «Այս հարցում անհրաժեշտ է համբերություն եւ համակարգված աշխատանք: Ընդ որում այս հարցը հիմա ավելի շատ ուշադրություն է պահանջում, քան առաջ»: Իսկ նախագահ Սարգսյանն ասաց. «Մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունները եւ սեղմ ժամկետներում ավարտել նաեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները: Ընթանում են նաեւ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցություններ: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջեւ շփումներն ընդարձակելու համար»:
Միայն խաղաղ, միայն խաղաղություն եւ կայունություն
Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյայի հետ ՀՀ նախագահը, բնականաբար, քննարկել է նաեւ ԼՂ հիմնահարցը: Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն այս հիմնահարցի լուծման առնչությամբ, որ խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա. «Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբավորման փորձերը», ընդգծեց ՀՀ նախագահը: Վան Ռոմպոյն, իր հերթին, հայտնեց իր մտահոգությունը` «հայ-ադրբեջանական» եւ «շփման գծում» (տարբերակումը` վան Ռոմպոյի-Հ.Ա.) վերջին օրերին գրանցված «լարվածության հետ կապված», եւ, ընդգծելով, որ «ԼՂ համակարտությունը ԵՄ-ի կարեւոր առաջնահերթություններից է», ասաց. «Մենք ընդամենը կարող ենք կրկնել այն, ինչ հայտարարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներն իրենց հայտարարության մեջ: ԼՂ հիմնահարցի խաղաղ լուծումն այյընտրանք չունի», ասաց վան Ռոմպոյը` հավելելով, որ հակամարտության միայն խաղաղ լուծումը կարող է տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար ապահովել հարատեւ խաղաղություն եւ կայունություն:
Երեւանյան տպավորությունները, հուսանքՙ նոր հոկուի համար, վան Ռոմպոյը հավելեց հատուկ իր պատվին ՀՀ նախագահի կողմից տրված աշխատանքային ճաշով, եւ Ազգային պատկերասրահ, այնուհետեւ` «Զվարթնոց» տաճար այցելություններով: Երեկ ԵԽ-ի նախագահի տարածաշրջանային այցի հայաստանյան մասն ավարտվեց, վան Ռոմպոյը Երեւանից մեկնեց Թբիլիսի, այնուհետեւ ուղեւորվելու էր Բաքու: