«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2012-07-03 | #121, 2012-07-04 | #122, 2012-07-05


ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին եւ ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների եւ ակտիվիստների դեմ», անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռայիսյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ քրեական հետապնդմանը` հայտարարել է 2009-ին ստեղծված Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, որը միավորում է ջավախահայության եւ վրացահայության խնդիրներով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպությունների. «Ջավախք» հայրենակցական միությունը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ժողովրդական շարժում» կազմակերպությունը, «Ռուսաստանի ջավախահայերի համայնք» կազմակերպությունը եւ «Երկիր» ՀԿ միությունը:

Խորհուրդը դատապարտում է Ջավախքում վրաց իշխանությունների նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը, մասնավորապես Ռայիսյանի եւ նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը: «Պարզ է, որ այս գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել ջավախահայությանը եւ հերթական անգամ ընտրակեղծիքների միջոցով հօգուտ իշխող կուսակցության կանխորոշել ընտրությունների արդյունքները», նշվում է հայտարարության մեջ, որ տարածել է «Երկիր» միությունը:

Ըստ այդմ, խորհուրդը գտնում է, որ վրաց իշխանությունները նման գործելաոճով կոպտորեն ոտնահարում են ջավախահայության մի շարք տարրական քաղաքական իրավունքներ, այդ թվում` Վրաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց քաղաքական կամքն արտահայտելու իրավունքը: Ուստի Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը մի շարք պահանջներ է ներկայացնում վրացական իշխանություններին, մասնավորապես, որ նախընտրական այս շրջանում զերծ լինեն ընդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախահայ ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի հետապնդումներից, Ջավախքում եւ Վրաստանի ողջ տարածքում պայմաններ ապահովեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման եւ դրանցում ջավախահայության շահերը ներկայացնող տարբեր հասարակական-քաղաքական ուժերի մասնակցության համար:

Պահանջներում նաեւ նշվում է, որ պետք է անհապաղ դադարեցվեն Մելիք Ռայիսյանի եւ նրա կողմնակիցների հետապնդումները, չհարուցվեն խոչընդոտներ նրանց հետագա քաղաքական գործունեության համար:

Հայտարարությունն անդրադառնում է նաեւ 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանին, պահանջելով ազատ արձակել նրան, «փոխհատուցել ապօրինի ազատազրկման տարիներին նրա եւ նրա ընտանիքի կրած բոլոր վնասները»:

Խորհուրդը վրացական իշխանություններին ներկայացրել է նաեւ այլ պահանջներ` ջավախահայության եւ վրացահայության հասարակական-քաղաքական, լեզվա-կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծման առնչությամբ, միեւնույն ժամանակ վրացական ընդդիմադիր ուժերին էլ կոչ անելով առավել ակտիվ կերպով անդրադառնալ ջավախահայությանը հուզող խնդիրներին` դրանք ընդգրկելով իրենց նախընտրական ծրագրերում:

Ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքցիների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու կոչ ուղղված է նաեւ միջազգային կառույցներին ու Վրաստանի գործընկեր պետություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4