Էլհան Յուզիֆլին ադրբեջանցի լրագրող է այդ երկրի հյուսիսարեւելյան մասումՙ Կասպից ծովի ափին գտնվող Խաչմազ քաղաքից: Էլհանը տեղական հեռուստաընկերություններից մեկում վարում էր հաղորդում «Պատերազմը չի ավարտվել» խիստ բնութագրիչ խորագրով:
Էլհանի հետ ծանոթացել եմ Թբիլիսիում, որտեղ հարավկովկասյան երկրներից` Վրաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից, 4-ական լրագրողների համար գերմանական deuche welle-ն կազմակերպել էր սեմինար`«Կոնֆլիկտային լրագրություն» թեմայով: Ի տարբերություն ադրբեջանական խմբի մյուս երեք ներկայացուցչի, Էլհանի հետ մեր մտերմությունն այսօր դարձել է ընկերություն: Այո, կա մի ադրբեջանցի, ում կարող եմ անվանել ընկեր:
Ի դեպ, Էլհանի հաղորդումն իր խորագիրը փոխեց սեմինարից, ավելի ճիշտ, իր իսկ խոսքերով, «հայ մարդկանց հետ շփումից հետո», ինչն իր համար առաջին անգամ էր: Այսօր այդ հաղորդումը կոչվում է` «Պատերազմը` անհրաժեշտությո՞ւն»: Հիմա կարո՞ղ եմ արդյոք ես, հիմք ընդունելով իմ ու Էլհանի ընկերությունը, պնդել, թե ադրբեջանցիները բոլորը ընկերական մարդիկ են, ազնիվ, ու դիմացինի կարծիքը հարգող: Իհարկե` ոչ:
Սահմանում հրադադարի ռեժիմը շարունակվում է խախտվել, զոհվում են երկու կողմերից էլ... զոհվում են մեր տղաները, ու նրանք զոհվում են, որովհետեւ ադրբեջանական կողմը կրակ է բացում, որովհետեւ ադրբեջանական կողմը ներթափանցման փորձեր է անում դեպի ՀՀ ու ԼՂՀ տարածք, նրանք Էլհանի ընկերներն են, մերոնք` իմ, Էլհանն էլ` իմ: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այս երկուստեք զոհերի համապատկերում հայտարարում է. «Եթե Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում, որ իր մարդիկ մահանան, ապա թող իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի տարածքներից», հակառակ եզրից այս հայտարարությունը հետեւյալն է. «Եթե Հայաստանի ղեկավարությունը դուրս չբերի իր զորքը Ադրբեջանի տարածքներից, ապա հայ մարդիկ կշարունակեն մահանալ»...
Այս ամենից ելնելով ես կարո՞ղ եմ պնդել, որ ադրբեջանցիներն իմ թշնամիներն են, անշուշտ` այո... Իսկ հաշվի առնելով Էլհանի հետ իմ ընկերությունը, հաշվի առնելով նաեւ մեր բոլոր զոհված տղաներին, կարո՞ղ եմ պնդել, որ ադրբեջանցիները, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, ունի ե՛ւ ստահակներ, ե՛ւ ընկերներ, թերեւս կարող եմ, որովհետեւ երկրագնդի վրա չկա, չի կարող լինել մի ժողովուրդ, որն ամբողջությամբ ստահակ է:
... Օրինակՙ ո՞վ է այն «մուսկուլներով» տղան, որը «Հարսնաքար» ռեստորանում ծեծեց երեք քաղաքացու (ու ամենեւին էլ կարեւոր չէ, որ նրանք ՊՆ բժիշկներ են-Հ. Ա.): Շա՞տ բանով է տարբերվում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցուց...
...Ադրբեջանցիների հետ կողք կողքի մենք ապրել ենք Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում, Ֆիզուլիում, Շուշիում, անգամ Կապանում: Երբ Բաքվում, Սումգայիթում... ադրբեջանցիներն իրագործեցին հայ ազգաբնակչության մասսայական ջարդ, ադրբեջանցիներից ոմանք էլ փրկեցին հայերի, ու երբ մենք այսօր ունենք Բաքվի, Սումգայիթի... ջարդերի ականատեսներ, նրանք այսօր մեզ հետ են, որովհետեւ նրանց փրկել են ադրբեջանցիները, իրենց հարեւան ադրբեջանցիները, որոնք, ինչպես ես ու Էլհանը, ընկերացել էին: Այսինքնՙ սա հնարավո՞ր է, պարզվում է` այո:
Գիտեմ մարդկանց, որոնք այսօր էլ շփվում են իրենց հին ադրբեջանցի ընկերների հետ, հիմնականում, իհարկե, երրորդ երկրներում: Լսել եմ բազմաթիվ դեպքերի մասին, երբ հայ ու ադրբեջանցի հին ընկերները ընտանիքներով մի սեղանի շուրջն են նստել, «որպեսզի իրենց երեխաներն էլ միմյանց հետ ընկերություն անեն»: Ու հիմա ուզում եմ հարցնել, ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ չկան, ինչո՞ւ իրենց խոսքը չեն ասում այս հակամարտության մեջ ու մի՞թե հենց նրանց շնորհիվ չէ, որ կարելի է հույս ունենալ, որ այս հիմնահարցը մի օր կլուծվի: Ինչո՞ւ մենք չենք տեսնում հայ ու ադրբեջանցի փախստականներին` միմյանց հետ ՄԱԿ-ի դիմաց, չէ՞ որ նրանք միեւնույն չարիք-պատերազմի զոհերն են ու նախկինում կողք կողքի ապրող հարեւաններ: Տարբեր ցանկություննե՞ր ունեն, տարբեր դիրքորոշումնե՞ր, բայց չէ՞ որ ինչպես էլ լուծվի այս հիմնահարցը, նրանք էլի պետք է կողք կողքի ապրեն, իսկ ժողովուրդը ստահակների հարեւանությամբ չի ապրում, ստահակներն են ապրում ժողովուրդների մեջՙ նրա մի անքակտելի մասը լինելով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հ. Գ. - Ակնհայտ է, որ ԼՂ հիմնահարցը երկու, երեք... պետությունների խնդիր չէ, սա ժողովուրդների խնդիր է, հետեւաբար ժողովուրդներն էլ պետք է լուծեն այն, այո, թերեւս ուշ, բայց լուծեն: Իսկ հակամարտող ժողովուրդները կամ երկխոսում են, կամ պատերազմում... Իհարկե, այսօր ադրբեջանցի հասարակությունը հիվանդ է, երկխոսության համար ոչ պիտանի հիվանդ, իսկ մե՞նք, մենք արդյոք հիվանդ չե՞նք...