Նախորդ տարվա դեկտեմբերին կառավարության որոշմամբ ներդրվեց սոցիալական փաթեթից օգտվելու համակարգը, որի արդյունքում հանրային ծառայողներին պետք է տարեկան որոշակի գումար հատկացվի: Շուրջ 120.000 հանրային ծառայողների պետական բյուջեից կտրամադրվի 132.000 դրամ, որը նրանք կարող են ծախսել բժշկական ապահովագրության, երեխաների ուսման վարձի, հիփոթեքային վարկերի տոկոսների մարման կամ հանգստի կազմակերպման հարցերում:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբՙ սոցիալական փաթեթը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Նախարարությունը հաստատել է հատուկ կարգ, չափանիշներ, որոնց համապատասխանող զբոսաշրջային օպերատորները կարող են հայտ ներկայացնել նախարարություն եւ իրենց ծառայություններն առաջարկել:
Չափանիշները հետեւյալն ենՙ տուր-օպերատորն առնվազն երեք տարվա փորձ պետք է ունենա, մասնակցած լինի տեղական եւ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, ներկայացնի ամենաքիչը 15 զբոսաշրջային փաթեթ, որից երկուսըՙ ծառայություն ԼՂՀ տարածքում եւ ՀՀ կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում: Ցուցակում կընդգրկվեն այն տուրիստական գործակալությունները, որոնք կառաջարկեն նույն գինը, ինչ հյուրանոցները:
«Ազգ» -ի դիտարկմանն ի պատասխան Ապրեսյանը հավելում է, որ մինչ գումար սահմանելը տեղյակ են եղել հյուրանոցային գներին, եւ 132.000 դրամի սահմաններում կարելի է ամբողջ ընտանիքով գնալ հանգստանալու: «Ոչ «պատալոկ» թվեր են, ոչ էլ շատ են, կան հյուրանոցներ, ծառայություններ, որ թանկ են, բայց կան նաեւ հյուրանոցներ, որտեղ 5.000 կամ 6.000 դրամով կարելի է սենյակ պատվիրել երեքանգամյա սնունդով», հավաստիացնում է Ապրեսյանը:
Նրա ներկայացմամբՙ զբոսաշրջային ոլորտը լուրջ ձեռքբերումներ է արձանագրում: Նա օրինակ է բերում 10 տարի առաջվա պատկերն ու ներկայիս իրավիճակը, եւ հավելում, որ հյուրանոցային բիզնեսը զարգանում է, ու «ինչո՞ւ ոչ, կարելի է գտնել նաեւ մատչելի սենյակներ»:
Թե որտեղ կարելի է գտնել 5.000 դրամով հյուրանոցային համարներՙ Ապրեսյանը դժվարանում է անուն տալ, սակայն հավաստիացնում է, որ այդպիսիք կան: Նա առաջարկում է ուսումնասիրել www.mineconomy.am կայքը, որտեղ առանձին բաժին է հատկացված վերոնշյալ խնդրին: Առայժմ 10 տուրիստական գործակալություն է ընդգրկված ցանկում: Երեկ մենք զանգահարեցինք ցանկում ընդգրկված «Սպուտնիկ» տուրիստական գործակալություն եւ փորձեցինք պարզել, թե որ ուղղություններով են նրանք կազմակերպում տուրեր: գործակալությունից տեղեկացրին, որ հիմնական ուղղություններն են Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանն ու Աղվերանը, Ղարաբաղը: Ղարաբաղում մեկ սենյակը մեկ հոգու համար արժե 10.000 դրամ, ներառյալ սնունդը: Իսկ Ջերմուկում ամենամատչելի սենյակը «Գլաձոր»-ում է եւ արժե 14.000 դրամ, ներառյալ սնունդը: «Արմանե» տուրիստական գործակալությունը, որ նույնպես ընդգրկված է ցանկում, առաջարկում է հանգստի կազմակերպում բազմաթիվ ուղղություններով: Օրինակՙ Սեւանում ամենամատչելի սենյակը երկու անձի համար արժե 24.000 դրամՙ միայն նախաճաշով, իսկ մեկ անձի համար արժե 10.000 դրամ, առանց սնունդի: Ցավոք, մեզ չհաջողվեց 5.000 դրամով սենյակ գտնել, որն, ինչպես Ապրեսյանն էր ասում, մաքուր է, հարմարավետ եւ ներառում է երեքանգամյա սնունդ:
Ապրեսյանը հավաստիացնում է, որ վերոնշյալ սոցիալական փաթեթից օգտվողները շատ են: Հստակ թիվը նա կներկայացնի հուլիսի վերջին, սակայն ակտիվությունն ակնհայտ է: Որպես իր խոսքերի ապացույց Ապրեսյանը հավաստիացնում է, որ քաղաքացիներն անգամ իրեն են զանգում կամ գրում:
Զբոսաշրջության ոլորտի զարգացման պատասխանատուն ընդգծում է, որ ներքին զբոսաշրջության ոլորտում նույնպես նկատվում է հետաքրքրություն եւ դինամիկա: «Միջինը տարեկան 20 տոկոսով աճում է: Նկատելի է միտումը, որ Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում անցկացնել իրենց հանգիստը»:
Զբոսաշրջության ոլորտի զարգացման կարեւորագույն խնդիրներից մեկն էլ հասարակական զուգարանների տեղադրումն է: Ապրեսյանի ներկայացմամբՙ պատմամշակութային հուշարձանների հարեւանությամբ հասարակական զուգարաններ կան, բայց բավարար չեն: Սակայն այս հարցում պետք է լինի նաեւ հասարակության աջակցությունը: Ապրեսյանն առաջարկում է նախ սովորել հասարակական զուգարաններից օգտվելու մշակույթն ու կարճ ժամանակահատվածում դրանք չդարձնել աղբանոցներ: Նրա համոզմամբՙ հասարակական զուգարանները պետք է լինեն միայն վճարովի, որպեսզի մաքուր լինեն, հակառակ պարագայում դրանք դառնում են աղբանոցներ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ