Հետաքրքրական զուգադիպությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե «Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը լինելու է ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների խթանումը», համընկավ ՀՀԿ-ի փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը, ըստ որի առաջիկայում նախատեսվում է ստեղծել ԱՊՀ տարածաշրջանում «կուսակցությունների ակումբ», որի վերաբերյալ նախաձեռնողական քննարկումները ուրվագծվում են այս տարվա աշնանն արդեն, այն էլ Երեւանում, ՀՀԿ-ի ու «Եդինայա Ռոսիա»-ի նախաձեռնությամբ:
Աշոտյանը մանրամասնեց, որ այդ քննարկումներին հրավեր են ստանալու կուսակցություններ, որոնք ներկայացնում են իրենց երկրներում «քաղաքական էլիտան», բացի Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, նաեւ Ադրբեջանի իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցությունից: Փաստորեն, առաջիկայում մենք կարող ենք ականատես լինել մի քաղաքական ակումբի, որտեղ են մեր ՀՀԿ-ն, ադրբեջանական «Ենի Ազարբայջանն» ու ռուսական «Եդինայա Ռոսիան»: «Քաղաքական էլիտա» ասելով` Աշոտյանը նկատի է ունեցել երկրներում իշխող կուսակցություններին, հետեւաբար այս ծրագրված դեռեւս ակումբը իշխող կուսակցությունների ակումբ է, որոնք իրենց երկրներում գրեթե նույնականացվում են պետությունների հետ:
Ինչ խոսք, սա առաջին հերթին ռուսական նախագիծ է, ավելին` պուտինյան, ինչը նպատակ ունի եւս մեկ քար դնել Եվրասիական միության պատին: Եթե ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունները միավորվում են «քաղաքական ակումբ» ստեղծելով, ապա հաջորդ քայլը տրամաբանորեն լինում է խորհրդարանների ինտեգրացումը, ինչը հիմք է հանդիսանալու այսպես կոչված «ԱՊՀ խորհրդարան» ստեղծելու համար, որն էլ իր հերթին Եվրասիական մեծ խորհրդարանի հենասյունը պետք է լինի` ըստ ռուսական հաշվարկների: Ու չնայած Եվրասիական միության նախագծի հեղինակ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ միությունը չի կարող նոր ԽՍՀՄ լինել, սակայն գործընթացները համենայն դեպս, վկայում են, որ Եվրասիական միության ներսում միայն մեկն է պահպանած լինելու սեփական ինքնիշխանությունը. տնտեսական համակարգերի, մաքսային ծառայությունների միավորումը, ազատ, ընդհանուր առեւտրի գոտու ձեւավորումն ու, ահա` նաեւ երկրների քաղաքական համակարգերի` «էլիտաների» ինտեգրումը վկայում են հենց այս մասին:
Սակայն չմոռանանք, որ «մեր քաղաքական էլիտան»` ՀՀԿ-ն, եթե «ԱՊՀ երկրների կուսակցությունների ակումբն» իրոք ստեղծվի, ու ՀՀԿ-ն դրան մաս կազմի, նաեւ ԵԺԿ-ի անդամ է` եվրոպական արժեհամակարգի դե յուրե կրողը: Աշոտյանն այս կապակցությամբ վստահեցրել է. «Ոչ Բրյուսելից, ոչ Մոսկվայից մենք խանդի տեսարանների չենք հանդիպում», իսկ Պուտինն ընդգծում է. «Եթե կարող է միություն լինել եվրոպական տարածաշրջանում, ինչն է խանգարում ստեղծելու ավելի լայն աշխարհագրությամբ` ողջ Եվրասիայով միություն, միեւնույն քաղաքական, տնտեսական, հասարակական արժեհամակարգ», պարզից էլ պարզ է, որ Եվրասիական միությունը ստեղծվում է նախ ընդդեմ Եվրոպական միության ու արժեհամակարգի, ապա եւ այդ միությանը «հաղթելու», եթե կարելի է` նրան գրավելու, նոր կառույցի մեջ ներքաշելու համար, ինչը պետք է առաջնորդվի բացառապես ռուսական դոմինանտությամբ: Հակառակ պարագայում Պուտինը նոր միություն չէր ստեղծի, այլ քայլեր կձեռնարկեր ապահովելու Մոսկվայի մուտքը Եվրոմիություն, այնուհետեւ այդ միության մուտքն ապահովելով ԱՊՀ երկրների համար: Ուրեմն եթե Պուտինի Ռուսաստանը եվրոպական արժեհամակարգի հիման վրա ցանկանում է Եվրասիական միություն ստեղծել, ապա ի՞նչն է նրան խանգարում մտնել արդեն իսկ եվրոպական արժեհամակարգի վրա ստեղծված Եվրոպական միության մեջ` տանելով իր հետեւից ողջ ԱՊՀ-ն: Իհարկե` դոմինանտության ձգտումը, իսկ որտեղ կա դոմինանտություն, այնտեղ չի կարող չլինել ենթակայություն:
Այդուհանդերձ Եվրասիական միությունը, համենայն դեպս այնպես, ինչպես ցանկանում է տեսնել Պուտինը, հեռու է իրականություն դառնալուց: Հիշեցնենք, որ Միջին Ասիայում կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող Ուզբեկստանը օրերս դուրս եկավ ռուսական մեկ այլ նախաձեռնություն ՀԱՊԿ-ից, որի հիման վրա Պուտինը ցանկանալու է ինտեգրացնել ԱՊՀ տարածաշրջանի զինված ուժերը, նվազագույնը` ստեղծել դրանցից առնվազն մեկ ընդհանուր ստորաբաժանում: Ուրեմն այս քայլերի հանդեպ Արեւմուտքից խանդ կա, եւ եթե կա ուզբեկների պարագայում, մի օր լինելու է Երեւանի պարագայում եւս, քանի որ աշխարհում այսօր ինտեգրացում անվանման տակ գնում է ազդեցության գոտիների ընդլայնման, ավելի պարզ ասած` զավթման քաղաքականություն, անզիջում, բայց եւ խիստ զգույշ:
Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանն ընդգծել էր, թե «Գործընկերների սահմանափակում ըստ աշխարհաքաղաքական ճաշակի մենք չունենք», իսկ գուցե` ավելի վա՞տ, որ չունենք, գուցե հենց այն պատճառով, որ չունենք, մեր երկրում մշտապես մեկն ինչ-որ բան է փորձում անել` մյուսը խանգարում է, կամ մեկը մի բան է անում, մյուսն` անմիջապես դրա հակառակը: Չնայած ինչո՞ւ միայն մեր երկրում, ինչո՞ւ ոչ` ամենուր...
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ