Աշոտ Մանուչարյանը դեռեւս նախքան խորհրդարանական ընտրությունները, երբ մի խումբ առավելաբար երիտասարդ ակտիվիստներ գիշերում էին Մաշտոցի այգում, առաջարկեց ընդդիմադիր կուսակցություններին համամասնական ցուցակներում ընդգրկել նաեւ այս երիտասարդների անունները, չլսեցին, թերեւս այս երիտասարդների ժամանակը դեռ չէր եկել, բայց գալու է...
Օրինակՙ Բիլ Քլինթոնը, երբ այնքան երիտասարդ էր, որ իրեն ճանաչում էին միայն նեղ շրջապատում, այն էլ որովհետեւ լավ սաքսոֆոն էր նվագում, մի առիթով հրապարակային պատռեց ամերիկյան որոշ խորհրդանիշներ, փախավ Կանադա... ու շատ տարիներ անց դարձավ ԱՄՆ նախագահ: Իսկ այսօր Եվրոպայում մեծ կշիռ ունեցող մի շարք կուսակցություններ ծնվել են որպես բնապահպանական շարժումներ, հետեւաբար «երեկ» Մաշտոցի այգում գիշերողները «վաղը» մեծ հեռանկաներ կարող են ունենալ...
Բայց ովքե՞ր են նրանք, ի՞նչ են ուզում, ինչպե՞ս են հասնում իրենց ուզածին կամ հասնո՞ւմ են արդյոք...
Նախՙ նրանք որոշ, գրեթե ընդհանուր կրթական մակարդակով հիմնականում երիտասարդներ են, հետեւաբար սա հասարակական ընդվզում չէ, քանի որ այստեղ չկան, օրինակ, կոշկակարներ, ծաղկավաճառներ, հագուստ վաճառողներ... ժողովուրդ: Անշուշտ, ակտիվիստները փորձում են շարժումը ներկայացնել որպես հասարակական ընդվզում, իհարկե սա կարող է եւ հանդիսանալ այդ ընդվզման հիմք, սակայն այսօր սա ընդվզում չէ, քանի որ մասսայական չէ: Ուշագրավ է, որ, օրինակ, Թեղուտում զուտ բնապահպանական խնդիրների լուծման համար պայքարող ակտիվիստները գրեթե ողջ կազմով հայտնվեցին Մաշտոցի այգում` թույլ չտալով այնտեղ կրպակների տեղադրում, նրանցից ոմանք դեմ էին Երեւանում դելֆինարիումի ստեղծմանը, եթե այս բոլորը կարող է տեղավորվել «բնապահպանական շարժում» անվանման տակ, ապա ի՞նչ կասեք այն մասին, որ այս նույն խումբը` որպես կորիզ, պայքարեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը չքանդվի ու այսօր էլ Վահե Ավետյանի սպանության համար «բոլոր մեղավորների» արդարացի պատիժն է ուզում: Հետեւաբար այս մարդկանց ուզածը բազմազան է, նրանց հետաքրքրությունների շրջանակը խիստ լայն է, ուրեմն այս շարժումը բնապահպանական շարժումից, աստիճանաբար ուշադրության դաշտում պահելով գրեթե բոլոր ոլորտները, վերածվում է քաղաքական թրենդի:
Մի փոքր մեր իսկ պետության անցյալը հիշելովՙ նկատենք, որ ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեն պայքարում էր բնապահպանական հարցերի համար, Վրաստանի նախկին, հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիան եւս քաղաքականություն մտավ բնապահպանությունից: Ուրեմն սա համաշխարհային փորձ է, բավական նախադեպային, ավելին` սա եվրոպական դասական ձախ հայացքների ծնունդն է, երբ մարդիկ այսօր մեր երկրի պես տնտեսական ու սոցիալական իրավիճակն ունեցող երկրներում ու դրանցից ելնելով սկսում են պայքարել արդարության համար, հարստության դեմ գաղափարն են առաջ տանում («ռոբինհուդություն») ու պայքարում են քաղաքականության մեջ անձնական մասնակցություն ունենալու համար:
Այս շարժումը Հայաստանում բերեց որոշակի նոր իրավիճակ, իշխանությունները սկսեցին զիջումներ անել, այլ կերպ ասած` «ձախերը» ստիպեցին իշխանությանըՙ զիջումներ անել: Օրինակ` նույն Մաշտոցի այգում: Կարելի է ասել, որ այս շարժումների հետեւանքով Հայաստանում սկսվեց, պատկերավոր ասած, «քաղաքական բանավեճերի եվրոպականացում», երբ հասարակական որոշակի խումբը կարող է եւ, ամենակարեւորը` ցանկանում է որոշ հարցեր լուծել ու լուծում է: Սակայն ուշագրավ է, որ «ձախերը» կարողանում են ստիպել իշխանություններին, որ նրանք կատարեն զիջումներ միայն այն հարցերում, որոնք, իշխանությունների կարծիքով, կարեւոր չեն կամ այնքան կարեւոր չեն, որից կախված լինի իշխանության ամբողջականության պահպանումը:
Բնականաբար այս ակտիվությունը պետք է շարունակվի, անընդհատ իրեն հասարակական ընդվզում անվանելով, միեւույն ժամանակ անընդհատ դեպի հասարակական ընդվզման վերածվելու փորձեր կատարելով: Այս ակտիվության պահպանման համար անհրաժեշտ է առիթ, ընդ որում այդ առիթը, հաշվի առնելով «ձախերի» հետաքրքրությունների ու տեսադաշտի լայնամասշտաբ լինելը, կարող է լինել ամեն բան` ամեն ոլորտից, սկսած Արաբկիր վարչական շրջանում ծառահատումից, վերջացրած Շենգավիթ վարչական շրջանում մարդասպանությամբ: Իշխանություններն էլ շարունակելու են «անհատական» զիջումների դիմել, ինչպես վերը նշեցինք, ըստ իրենց` ոչ այնքան կարեւոր հարցերում:
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքովՙ Հայաստանում այս իրավիճակը նման է «անցյալ դարի վերջի Արեւելյան Եվրոպային կամ այսօրվա Լատինական Ամերիկային»: Տրամաբանորեն սա նշանակում է, որ մի քանի տարի հետո մենք... հայտնվելու ենք այսօրվա Արեւելյան Եվրոպայում: Սակայն մնում է մի հարց, մի՞թե այս շարժումները, ընդ որումՙ ոչ միայն Հայաստանում, չեն ֆինանսավորվում, քաջալերվում դրսից` Արեւմուտքից: Միգուցե, սակայն դա այսօր առաջնային հարց չէ, քանի որ երբ մի հասարակական վայրում մեկը հանկարծ վեր է կենում տեղից ու տակի աթոռով հարվածում դիմացինի գլխին, երկրորդական հարց է, թե այդ մարդը հոգեկան խանգարո՞ւմ ստացավ, թե՞ այդ մարդուն այդ արարքի համար նախօրորք վճարել էին: Հետաքրքրական է, որ այս հարցի պատասխանը կարեւոր չի լինելու նաեւ մի քանի տարի անց... երբ հայտնվենք այսօրվա Արեւելյան Եվրոպայում, քանի որ պատասխանն այս բոլորին էլ հայտնի ու տեսանելի դարձած կլինի:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ