Կրիմսկի վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վասիլի Կրուտկոն ջրհեղեղից ժամեր առաջ ընտանիքին հեռացրել է քաղաքից: Lifenews.ru կայքի տեղեկացմամբՙ Կրիմսկի բնակիչները հավաքվում են նրա տան մոտ, որպեսզի բացատրություն պահանջեն նրանիցՙ բնակչությանը ջրհեղեղի վտանգի մասին չզգուշացնելու համար, սակայն Կրուտկոյին չեն կարողանում գտնել:
Ջրհեղեղից տուժածներին օգնելու նպատակով Կրասնոդար քաղաքի Պաշկովի հայկական մշակութային կենտրոնն ու Սուրբ Սահակ եւ Մեսրոպ հայկական եկեղեցին մարդասիրական օգնություն են կազմակերպում: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբՙ տեղացիներն ունեն բացառապես ամեն ինչի կարիքՙ սկսած գումարից, վերջացրած կենցաղային ապրանքներով եւ հիգիենայի պարագաներով:
Փոստով ծանրոցները կարելի է ուղարկել անվճար: «Ռուսական փոստ»-ը հայտարարել է, որ ծառայությունն անվճար է: Անհրաժեշտ է ծանրոցի վրա գրել «Մարդասիրական օգնություն» եւ հասցենՙ Կրասնոդարի երկրամաս եւ նշել քաղաքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի 3 քաղաքներումՙ Գելենջիկ, Կրիմսկ եւ Նովոռոսիյսկ, տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետեւանքով զոհերի թիվն արդեն անցնում է 200-ը: Զոհերի թվում կան նաեւ հայեր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի փոխանցմամբՙ ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 5 հայ:
Երեկ Life News-ը հաղորդել է որ անհետ կորածների թվում է նաեւ Դավթյանների ընտանիքը: Անհետ կորած են համարվում ընտանիքի հայր, 65-ամյա Թեւոս Դավթյանը, նրա որդինՙ 44-ամյա Զավենն ու 3-ամյա թոռնիկըՙ Արտյոմը:
Հ. Հ.