«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2012-07-11 | #125, 2012-07-12 | #126, 2012-07-13


Ի՞ՆՉ ԿՄՏԱԾԵՐ ԼԵՆԻՆԸ

ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Ուզբեկստանի դիվանագիտական նոտային հաջորդեց ՀԱՊԿ-ի եւս մեկ այլ անդամի անհամաձայնության հայտնումը Մոսկվային: Ուշագրավ է, որ այս մի երկիրն էլ Միջին Ասիայում է: Ղրղզստանի իշխանությունները ցանկություն են հայտնել, որ Մոսկվան ավելի բարձր վարձավճար սահմանի ղրղզական տարածքում երեք ռուսական ռազմական բազաների տեղակայումը երկարաձգելու համար: Ընդ որում, այս պահին Ղրղզստանում գործում են 4 ռուսական ռազմական բազաներ, որոնցից երկուսը` ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հետեւաբար ղրղզները ավելի բարձր վարձավճար են պահանջում առնվազն մեկ ռազմական բազան պահելու համար, որը պատկանում է մի դաշինքի, ինչին անդամակցում են եւ իրենք: Այս ցանկության մասին բարձրաձայնել է այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թաալայբեկ Օմուրալիեւը : Ռուսական ռազմական բազաներն իրենց երկրում պահելու համար ավելի բարձր վարձատրություն են պահանջել նաեւ տաջիկները:

Քաղաքագետ Ռուստամ Յուսուպովը , մեկնաբանելով այս իրադարձությունները, կարծիք է հայտնել. «Սա ճիշտ քաղաքական որոշում է, գաղտնիք չէ, որ երբ մի երկրի տարածքում տեղակայվում են մեկ այլ երկրի ռազմական բազաներ, ապա «հյուրընկալող» երկիրը ստիպված է կատարել այդ թվում ֆինանսական հատկացումներ` այդ բազաները պահելու համար: Օրինակՙ Ղրղզստանը «Կանտ» ավիաբազայի միայն կոմունալ կարիքների համար ամեն տարի ծախսում է ավելին քան 300 մլն սոմ»: Ընդ որում, ռուսները վերջերս ղրղզներին 15 մլն դոլար են վճարել` որպես փոխհատուցում, այն էլ «անցյալ տարիներին կատարած ծախսերի համար»: Քաղաքագետ Յուսուպովն այս առումով ընդգծել է. «Տարածաշրջանի երկրների տնտեսական ու սոցիալական վիճակը թույլ չի տալիս` ապահովել այդ բազաների առկայությունը իրենց տարածքում: Տարածաշրջանի երկրներն ուղղակի ստիպված են Կրեմլի առջեւ դնել նման նախապայմաններ: Ու ես չեմ կարծում, որ այս հարցը կարող է ազդել ռուս-ղրղզական կամ ռուս-տաջիկական հարաբերությունների վրա»: Յուսուպովը նաեւ վստահեցրել է, որ «Ռուսաստանն այլընտրանք չունի, եւ կգնա այդ զիջումներին», քանի որ Միջին Ասիայում Մոսկվան աշխարհաքաղաքական շահեր ունի: Այն էլ հիմա, երբ ՆԱՏՕ-ի զորքերը պատրաստվում են դուրս գալ Աֆղանստանից, տարածաշրջանում վստահաբար իրավիճակ է փոխվելու, հետեւաբար Մոսկվան կարող է համաձայնել ղրղզների պահանջին, միայն թե չզրկվի կարեւոր տարածաշրջանում ռազմական ներկայությունից:

Ահաբեկչության եւ ծայրահեղության հարցերով փորձագետ Ֆարհադ Ջուրաեւն այս կապակցությամբ ասել է. «Կոալիցիոն ուժերի դուրսբերումը Աֆղանստանից կարող է անմիջականորեն ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա, հետեւաբար ռուսական ռազմական ներկայությունն այստեղ ձեռնտու է ոչ միայն առանձին երկրներին, այլեւ ողջ հետխորհրդային պետություններին: Չի կարելի բացառել նաեւ, որ ռուս զինվորականները զսպաշապիկ են Աֆղանստանի ու Միջին Ասիայի երկրների միջեւ: Չի կարելի կարծել, թե մենք առանց Մոսկվայի կկարողանանք հաղթահարել այն ազդեցությունը, որը կլինի կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո»:

ՆԱՏՕ-ի ռազմաօդային «բազան» Ռուսաստանում

Մինչ միջինասիական երկրներն ու փորձագետները վերլուծում են իրավիճակը իրենց տարածաշրջանում, մասնավորաբար` մատնանշելով ռուսական ներկայության չեզոքացման միտումը, բայց եւ դրա անհրաժեշտությունը, Մոսկվան ինքը լայն բացված քայլերով ընդառաջ է գնում ՆԱՏՕ-ին: Ռուսական Ուլյանովսկ քաղաքը, որտեղ ծնվել է «բոլոր պրոլետարիատների հայր» Լենինը, ռուսական իշխանությունների, անձամբ` Պուտինի համաձայնությամբ կհյուրընկալի ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռներն ու բեռները, որոնք այնտեղ կգան Աֆղանստանից կամ հակառակը: Ուլյանովսկի օդանավակայանը ՆԱՏՕ-ի առջեւ կբացվի արդեն այս օգոստոսից, ու ՆԱՏՕ-ն կարող է լիարժեք օգտագործել այն: Օդանավակայանը 5100 մետր թռիչքուղի ունի ու զորքի տեղաշարժի ապահովման հարմարությունների մակարդակով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Կրեմլի այս որոշումը հաստատել է ՆԱՏՕ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցիչ Նիկոլայ Կորչուկովը, նշելով, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել դեռեւս այս տարվա հունիսին: Մոսկվայի նման որոշումը, մանավանդ Պուտինի հավանությունից հետո, քննադատել են ռուս կոմունիստներն ու ծայրահեղականները: Կոմկուսի գլխավոր քարտուղար Գենադի Զյուգանովը մասնավորապես ասել է, թե սա «նվաստացուցիչ է Ռուսաստանի համար»:

Իրականում, սակայն, խոսքը ռուսական տարածքում ՆԱՏՕ-ի բազայի տեղակայման մասին չէ: ՆԱՏՕ-ն ընդամենը իրավունք կստանա օգտագործելու Լենինի ծննդավայրի օդանավակայանը` «մարդկանց ու բեռների անհրաժեշտ տեղափոխությունների համար, որը կապված է աֆղանական առաքելության հետ»: Մանավանդ հիմա, երբ ՆԱՏՕ-ի 130-հազարանոց զորքը պատրաստվում է դուրս գալ աֆղանների երկրից, բնականաբար առաջանում է «հարմար օդանավակայանների» խնդիր: Ռուսական կողմը նշել է. «ՆԱՏՕ-ի ռազմական բեռները Ուլյանովսկ կհասնեն նաեւ գնացքներով ու կվերահսկվեն ռուս սահմանապահների կողմից այն համաձայնագրերի շրջանակներում, որոնք կնքվել են անցնող տարիներին ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների հետ»: Իսկ այս ամենն ապահովելու համար Ռուսաստանը ՆԱՏՕ-ից ամեն տարի կստանա 1 միլիարդ դոլար: Բացի ֆինանսական օգուտից, Մոսկվային ուղղակի անհրաժեշտ է լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ` աֆղանական ուղղությամբ, որպեսզի կանխվեն թալիբների հավանական առաջխաղացումները կոալիցիոն զորքի դուրսբերումից հետո: Իր հերթին ռուսական ճանապարհների ու նաեւ օդանավակայանի օգտագործումը ՆԱՏՕ-ին հնարավորություն կտա խուսափելու զորքի դուրսբերման` Պակիստանի առաջարկած ճանապարհից, քանի որ, չնայած Իսլամաբադի հետ Վաշինգտոնն այս մասին համաձայնագիր ունի ստորագրած, սակայն Պակիստանի ճանապարհը ՆԱՏՕ-ի զորքի համար հղի է թալիբների հավանական հարձակումների վտանգով:

Որպես վերջաբան նկատենք, որ փաստորեն արեւմտյան զինվորականները ռուսական տարածքից կօգտվեն 70 տարի ընդմիջումից հետո: 1942-45-ին անգլիացի ու ամերիկացի օդաչուները օգնում էին ԽՍՀՄ-ին` կործանելու գերմանական ինքնաթիռները: Օտարերկրացի օդաչուներն այդ ժամանակ իրավունք ունեին վայրէջք կատարելու սովետական օդանավակայաններում` վառելիք լիցքավորելու կամ այլ անհրաժեշտության պարագայում:

Այնպես որ Մոսկվան, այն էլ Պուտինի վերադարձից հետո, ինքն է քայլում դեպի ՆԱՏՕ-ն, չնայած դժվար է ասել, Պուտինի հաշվարկներն ո՞ւր են տանում ու կամ տանո՞ւմ են արդյոք այնտեղ, որ ՆԱՏՕ-ն իր կազմում երբեք չընդունի երկրներ «ռուսական տարածքից» կամ անհրաժեշտության պարագայում անգամ չօժանդակի Վրաստանին... Մի՞թե Կրեմլը կարող է այս ամենի դիմաց ՆԱՏՕ-ին թույլատրել իջնել մի քաղաքում, որտեղ ծնվել է մեկը, ում ստեղծած երկրի պատճառով էլ ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Հետաքրքրական է, թե ի՞նչ կմտածեր Վլադիմիր Ուլյանովն այս ամենի առնչությամբ...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4