«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2012-07-13 | #127, 2012-07-14 | #128, 2012-07-17


ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում ընթանում է շինարարություն: Երեկ կեսօրին այս մասին ստացանք հաղորդագրություն, որտեղ նշված էր` Աբովյան 19 հասցեում փորվում է մեծ փոս, ինչը վնասում է հարակից հաստաբուն ծառերի արմատներին:

Հենց երեկ աշխղեկը լրագրողներին հայտնել էր, թե շինարարությունը կատարվում է սրճարան կառուցելու նպատակով, ինչի համար նրանք ունեն անհրաժեշտ նախագիծն ու Երեւանի քաղաքապետարանի շինթույլտվությունը, սակայն շինթույլտվությունը նա ցույց չի տվել:

Ժամը 16-ին, ոստիկանությանը հղված ահազանգերից հետո, հասարակական կարգի պահապանների ստիպմամբ բեռնատարն ու էքսկավատորն արդեն հեռացել էին, տարածքը փակվել էր կապույտ ցելոֆաններով, որոնց վրա փակցված էին շինարարության դեմ բողոքող հասարակական կազմակերպությունների եւ անհատներիՙ քաղաքապետարանին ու պատասխանատուներին ուղղված պաստառները` «Փնտրվում է շինարարության պատասխանատուն», «Տարոն Մարգարյան, սիրուն չէ», «Հանրային տարածքի զավթում»:

Ակնհայտ է, որ տարածքը փորել սկսել են օրերս, քանի որ հողը դեռեւս խոնավ է: Կողքի սրճարանի աշխատողները «Ազգի» հետ զրույցում ասացին, որ փորել սկսել են երեկվանից: Սրճարանի աշխատակիցներն ասում են` լսել են, թե տեղում կառուցվելու է հասարակական զուգարան, դրա համար էլ փորում են փոսը, որն արդեն շուրջ 3 մետրի է հասնում: Սակայն անզեն աչքով նկատելի էրՙ այդ տարածքում կարելի է մի քանի զուգարան կառուցել, հետեւաբար տարածքը հազիվ թե ծառայի միայն հասարակական զուգարանի համար: Եվ նման խորությամբ փոսըՙ հենց ծառերի արմատների շուրջը, կասկած չի թողնում, որ դա իսկապես վնասել է ծառերի արմատներին:

Իսկ շինարարություն սկսելու շտապողականությունը հենց երեկ կամ կիրակի` ոչ աշխատանքային օրերին, առիթ է տալիս մտածելու` ինչո՞ւ է շտապում կառուցապատողը, որն ունի, իբր, քաղաքապետարանի շինթույլտվությունն ու կարող էր սկսել փորելը նաեւ մյուս օրերին:

Խմբագրության ստացված հաղորդագրության մեջ նաեւ հիշեցվում է, որ ժամանակին քաղաքապետարանը տարածել էր հայտարարություն, թե այս վայրում որեւէ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում:

Համենայն դեպս, եղած փաստերը եւ տվյալների քողարկվածությունը, թե ո՞վ կամ ո՞ր ընկերությունն է Աբովյան 19 հասցեում շինարարություն կատարում, թույլ են տալիս կասկածել դրա օրինականության շուրջը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4