Մի՞թե այդ «երկիրն» էլ «երկիր չէ» հայերի համար
ԱՄՆ-ի ամենահայաշատ քաղաքիՙ Գլենդեյլի (Լոս Անջելես) քաղաքային իշխանությունները ցանկանում են բարձրացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները: Այդ մասին խոսվում էր «Ամերիկայի ձայն» հեռուստահանդեսի կիրակնօրյա (հուլիսի 15-ի) թողարկման ռեպորտաժի մեջ: Ինչպես եւ կարելի էր սպասել, քաղաքային իշխանությունների այս մտադրությանը խիստ դեմ են մեր հայրենակիցները: Գուցե դժգոհ են նաեւ քաղաքում բնակվող մյուս ազգությունների ներկայացուցիչնե՞րը: Գուցե: Համենայն դեպս, «Ամերիկայի ձայն»-ի ռեպորտաժում խոսում էին միայն հայերը: Լսելով նրանցՙ մի պահ թվում էր, թե ռեպորտաժը ոչ թե ԱՄՆ-ից էր, այլ Հայաստանից, իսկ խոսողներն էլ այստեղ բնակվողներն էին, այլ ոչ թե իրենց «ամերիկյան երազ» իրականացնելու ցանկությամբ Հայաստանից այդ երկիր մեկնածները: Ի՞նչ էին ասում մեր հայրենակիցները էլեկտրաէներգիայի թանկացման հեռանկարի կապակցությամբ.
- Ես դեմ եմ դրան, ամեն ինչ թանկացել է, գազի թանկացումից հետո ուտելիքներն էլ են թանկացել, ժողովուրդը չի կարող ապրել:
- Չէի ուզեր, որ սուղնա, շատ դժվար է ապրիլը:
- Ոչ գործ կա, աշխատատեղերի կրճատում կա, ժողովրդի վիճակը վատացել է: Այդ ամենը պետք է ընդունել:
- Շատ կդժվարանա, ինչպե՞ս կարող ենք ապրել:
- Առաջին հերթին թող մարդկանց ապահովեն աշխատանքով եւ նորմալ աշխատավարձ վճարեն, հետո նոր տեսնենՙ նպատակահարմա՞ր է, թե՞ չէ:
Ինչպես արդեն տեսանք, նույն պատճառաբանությունները, նույն ազգային հոգեբանություն դարձած բողոքավորությունը` անկախ նրանից, որ ԱՄՆ-ում սոցիալական վիճակն այնպիսին չէ, ինչպիսին Հայաստանում է, եւ կենսամակարդակն էլ այնպիսին չէ, ինչպես Հայաստանում: Բացակայում էր միայն «երկիրը երկիր չէ» արտահայտությունը, որովհետեւ եթե դա էլ ասեին մեր հայրենակիցները, ապա էլ երկիր չէր մնա, որ հակադրեին Հայաստանին: Տեղեկացնենք նաեւ, որ խոսքը տարիների ընթացքում, փուլերով, էլեկտրաէներգիայի միայն 4 տոկոս թանկացման մասին է, որին զուգահեռ սոցիալական այլ միջոցառումներ էլ են նախատեսվելու բնակիչների համար:
Վերոնշյալը բավականին տխուր մտորումների տեղիք է տալիս: Հաստատ այնպես չէր, որ ռեպորտաժի մեջ բոլոր խոսողները Գլենդեյլի ամենաաղքատ հայերն էինՙ եւ եթե ավելի շատ հայերի խոսեցնեին, պատկերը շատ կտարբերվեր: Ցավալի է, բայց փաստ, որ դժգոհելը դարձել է մեզ ամենաշատ վնասող ազգային բնավորությունը, եւ եթե անգամ Հայաստանում երբեւէ կենսամակարդակն այնպիսին լինի, ինչպիսին Գլեդեյլում է, ապա դժգոհությունը շատ չի տարբերվի ներկա կենսամակարդակի պայմաններում առկա դժգոհությունից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ