«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2012-07-14 | #128, 2012-07-17 | #129, 2012-07-18


ՈՉ ԹԵ ՍՐՃԱՐԱՆ, ԱՅԼՙ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑ

Աբովյան 19 հասցեում ընթացող շինարարության մասին Երեւանի քաղաքապետարանը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, որ այս հասցեում վերակառուցվում է հասարակական ստորգետնյա սանհանգույցը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ եւ ձեռնարկել միջոցներՙ հանրությանն իրազեկելու ընթացող աշխատանքների մասին:

Կատարվող շինարարությանը «Ազգը» երեկվա համարում դարձյալ անդրադարձել է: Երկուշաբթի օրը լրագրողներիս աշխղեկը տեղեկացրել էր, թե Աբովյան 19-ում կառուցվելու է սրճարան, ինչի համար իրենք ունեն քաղաքապետարանի թույլտվությունը: Իսկ այսօր Երեւանի քաղաքապետը հանդես է եկել այլ հայտարարությամբ:

«Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել, եւ որեւէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել են հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետում», ասել է Տարոն Մարգարյանը :

Տարածքը սանհանգույցի համար իհարկե բավականին մեծ է ու առաջին հայացքից էլ անհարմար, իսկ եթե հաշվի առնենք, որ Աբովյան 19-ից փոքր-ինչ վերեւ գտնվող գետնանցումում հասարակական սանհանգույց արդեն կա, ապա նոր սանհանգույցի կառուցումը դառնում է նաեւ անտեղի: Եթե սրան էլ գումարենք աշխղեկի պատասխանը սրճարան կառուցելու մասին, ապա կասկածները դարձյալ տեղի չեն տալիս:

Իսկ քաղաքապետարանի հայտարարությունը սպառիչ պատասխաններ չի տալիս եւ չունի բացատրություն, թե ի՞նչ վնաս է հասցվել հաստաբուն ծառերի արմատներին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4