«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2012-07-17 | #129, 2012-07-18 | #130, 2012-07-19


ԿՈՂՈՊՈՒՏԻ ՀԵՏՔԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ

Մշակութային արժեքները երկրից գողանալը բնորոշ երեւույթ է նաեւ Հայաստանին: Ընդհանրապես, տարբեր երկրներից տարեկան կողոպտում են շուրջ 6 միլիարդ դոլար արժողությամբ մշակութային արժեքներ:

Երեկ ասուլիսի ժամանակ գրող, լրագրող Սերգեյ Գալոյանը մշակութային արժեքների կողոպուտների մասին խոսելիս հիշեցրեց նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոցի հրդեհի մասին: Սերգեյ Գալոյանը շեշտում է, որ նկարչի արվեստանոցը 1972 թվականին հրդեհվել է, ինչից հետո անգամ չեն գտնում ցուցակը գործերի, որոնք իբր այրվել են:

Սերգեյ Գալոյանը հայտարարում է` նկարները չեն այրվել, դրանք գողացել են, իսկ արվեստանոցն այրվել է կողոպուտից հետո, հենց դա էլ պատճառներից մեկն է, որ մինչեւ այսօր երեւան չի գալիս անգամ նկարների ցանկը:

Հիմա Սերգեյ Գալոյանը գիրք է գրում Մինաս Ավետիսյանի մասին, իսկ գրքի հովանավորին, որն ապրում է Մոսկվայում, գտել են Մինաս Ավետիսյանի որդիները:

Հայ նկարիչների արվեստի գործերից գողերի ու կողոպտիչների ուշադրության կենտրոնում ավելի հաճախ հայտնվում են Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի ու Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործությունները:

Իսկ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված ստեղծագործությունների վերաբերյալ բանախոսը հիշեցնում է` այս տարվա հունիսի 8-ին «Հրապարակ» թերթը տպագրել է Մոսկվայում բնակվող Վարուժան Գեւորգյանի նամակը, որտեղ նա խոստովանել է, որ 2003 թվականին հենց ինքն է գողացել Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանի նկարները:

Գողացված 21 նկարներից 3-ը վերադարձվել են, իսկ մնացած 18-ի տեղը գիտի Վարուժան Գեւորգյանը: Սակայն վերջինիս մեր իրավապահները դեռ չեն գտել:

Սերգեյ Գալոյանն ասում է, որ արժեքավոր նկարների գողությունը կատարվում է այն մարդկանց ձեռքով, որոնք մոտ են կանգնած թանգարաններին ու արվեստի գործերին, կատարվում է նաեւ մշակութաբանների ձեռքով, իսկ կողոպտիչները չեն բացահայտվում հավանաբար այն պատճառով, որ կողոպուտի հետքերը տանում են բարձրաստիճան մարդկանց մոտ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4