«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2012-07-17 | #129, 2012-07-18 | #130, 2012-07-19


2050 ԹՎԻՆ ԿՊԱՀԱՆՋՎԻ ՍՆՈՒՆԴ 9 ՄԻԼԻԱՐԴ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

2050 թվականին աշխարհում բնակչության թիվը կլինի շուրջ 2 միլիարդով ավելի, քան կա այսօր, հետեւաբար ավելի շատ սննդի կարիք կզգացվի: Բրիտանական «Գարդիան» օրաթերթն ուսումնասիրել է, թե արդեն եղած հողատարածքներով ինչպես կարելի է ապահովել բավարար քանակությամբ սնունդ մոլորակի անընդհատ ավելացող բնակչության համար: Ըստ թերթի` սննդի բավարար քանակի խնդիրը հրատապ է պարզ պատճառով` ի տարբերություն բնակչության, մոլորակի տարածքները չեն ավելանում: Օգտվելով «Գարդիանի» ինտերնետային տարբերակից` ստորեւ անդրադառնում ենք սննդին առնչվող ուսումնասիրությանը:

Մոլորակի նախազգուշացումների հանդեպ որոշ մարդիկ կարծես կույր լինեն: Նրանց համար կլիմայի փոփոխությունը չափազանցություն է, իսկ ջրի սակավությունը` պարզապես պատրվակ գարեջուր խմելու համար: Ցույց տալու համար, թե ինչ տեմպերով է փոխվում կլիման, միայն նշենք, որ վերջին 3 տասնամյակում Երկիր մոլորակի վրա ջրհեղեղները քառապատկվել են, միեւնույն ժամանակ երաշտները դարձել են ավելի հաճախակի ու տեւական: Այս ամենը ստեղծել են անկանոնություն սննդի շղթայում:

«Պարենային քաղաքականության հետազոտման միջազգային ինստիտուտի» (IFPRI) կազմած կլիմայի մոդելը կանխատեսում է եգիպտացորենի ու ցորենի գների համընդհանուր բարձրացում. մինչեւ 2050 թվականը 131 տոկոսով կթանկանա եգիպտացորենը, իսկ ցորենը` 67 տոկոսով:

Կոլումբիայի համալսարանի Ագրարային ինստիտուտն էլ կանխատեսել է, որ մինչեւ 2050 թիվն Աֆրիկայում ու Արեւմտյան Եվրոպայում ցորենի արտադրությունը կկրճատվի:

Ի՞նչ քայլեր են հարկավոր նման պայմաններում: Ըստ էության, ընտրության հնարավորությունները երկսայրի են:

«Մի դեպքում հայացքները հիմնականում ուղղված են դեպի արտադրության ու հողամշակման ավելի արդյունավետ մեթոդների կողմը», ասում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) պարենային ծրագրի ղեկավար Մարկ Դրիսկոլը, որը նաեւ կարծում է, թե ստիպված ենք ստանալ ավելի շատ սնունդ եղած հողատարածքներից, սակայն առանց շրջակա միջավայրի վրա մեծ ազդեցություն թողնելու:

Տեխնոլոգիաներն էլ անշուշտ կխաղան իրենց դերը: Ագրոքիմիական ընկերությունները, օրինակ` «Բայեր Քրոփսայնսը» (Bayer CropScience) եւ BASF-ը արդեն աշխատում են այսպես կոչված «կլիմային դիմակայող» մշակաբույսերի ուղղությամբ: Սակայն կպահանջվի 2 տասնամյակ, մինչեւ գիտական փորձերը լաբորատորիաներից կտեղափոխվեն դաշտեր: Սպասելը ձեռնտու չէ. այն ժամանակ, երբ սննդի անվտանգությունը դառնա իրական վտանգ, չափազանց ուշ կլինի: Տեխնոլոգիական ինովացիան էլ չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները: Իսկ հասարակական դժգոհությունը գենետիկորեն մոդիֆիկացված սննդի հանդեպ ցույց է տալիս, որ քաղաքական տեսանկյունից էլ սննդի հարցը մտահոգիչ է:

Անդրադառնալով խնդրի լուծման մի այլ հնարավորության` «Գարդիանը» գրում է, որ ֆերմերների մակարդակով կարելի է շատ բանի հասնել: Օրինակ` նրանց միջեւ փորձի փոխանակումը կկրճատի անարդյունավետությունը հատկապես ցածր որակավորում ունեցող ֆերմերների, որոնք հիմնականում մանր սեփականատերեր են եւ ամբողջ աշխարհում կազմում են արտադրողների մեծամասնությունը:

Միմյանց միջեւ փորձի փոխանակման շատ լավ օրինակ է Cafe Directs WeFarm նախաձեռնությունը, որի օգնությամբ ֆերմերները տեղեկացնում են միմյանց իրենց իսկ գտած լուծումների մասին:

Գյուղատնտեսության ոլորտի արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատում են տարբեր ընկերություններ, դրանցից մեկն էլ «Ագրոբիզնես ICT»-ն է, որը համացանցի միջոցով Հնդկաստանի գյուղական շրջաններում հաղորդում է գյուղատնտեսության ոլորտի վերջին լուրերը` սերմերի տեսակների, ոռոգման մեթոդների եւ այլ թեմաների մասին:

Բերքատվությանն ուղղված շատ քայլեր իսկապես լավ են մտածված, սակայն արդյունավետ լինելու համար դրանք պետք է ընդգրկեն ավելի լայն մասշտաբներ:

Սննդի փորձագետ Դեն Քրոսլիի կարծիքով` հրատապ խնդիր է նաեւ նորարարական լուծումները տարածելը:

Սննդի քանակությունն ավելացնելու հարցում կառավարման քաղաքականությունը նույնպես դեր կխաղա: Որպես օրինակ թերթը հիշեցնում է ձկան պաշարների հարցը, որը ծագել էր Եվրոպայում: Տարիներ շարունակ ձկնորսները ստիպված էին դեն նետել ձկնատեսակները, որոնք չէին համապատասխանում Եվրոմիության սահմանած խիստ նորմերին: Սննդի անվտանգության առումով դա պարզապես աբսուրդ էր: Բարեբախտաբար, համապատասխան նախարարները, գիտակցելով իրավիճակի անհեթեթությունը, վերջ դրեցին դրան:

Ուսումնասիրությունը ցույց է տվել` նաեւ կարեւոր է արտադրողների, մանրավաճառների ու մեծաքանակ առեւտրով զբաղվողների համագործակցությունը: «Հանուն ապագայի» ֆորումը սկսել է փորձնական ծրագիր, որը նախագծված է հենց նման համագործակցության համար: Համախմբելով Միացյալ Թագավորությունում կաթնարդյունաբերության ոլորտի հիմնական դերակատարում ունեցող անձանց` նրանցից պահանջել են նկարագրել, թե ինչպիսին կարող է լինել կլիմայի հանդեպ սննդի կայունությունը 2020 թվականին: Ապա մասնակիցներից պահանջվել է պլանավորել կայունությանը հասնելու քայլերը:

Իսկ MSC նախագիծը, որն ի սկզբանե իրականացվում է «Յունիլեւեր» ընկերության ու Բնության համաշխարհային հիմնադրամի միջեւ, ցույց է տալիս, թե կոնկրետ ծովային սննդամթերքի ողջ ոլորտն ինչպես կարող է անցում կատարել դեպի էկոլոգիապես անվտանգ հենքի:

Օրակարգային հաջորդ գաղափարը կապված է սպառողների հետ: Փորձագետների ուսումնասիրությունները ենթադրում են, որ արտադրված ողջ սննդի 2/5-ը կորչում է: Դրա զգալի մասը կորչում է բերքահավաքին հաջորդող շրջանում, իսկ պատճառները թերի ենթակառուցվածքները, սխալ կառավարումն ու կոռուպցիան են: Կասեցնելու համար սննդամթերքի կորուստը պարոն Քրոսլին առաջարկում է վերացնել սպառողների ու արտադրության միջեւ եղած անջատ մթնոլորտը:

Ապրանքանիշներն էլ դերակատարում կունենան, դրանք կարող են տեղեկացնել սննդամթերքի տարբեր ազդեցությունների մասին: Օրինակ` «Մաքս Բուրգերը», որը ներկայացնում է արագ սննդի շվեդական ցանցը, հստակորեն նշում է ածխածնի արտանետումների մասին, որոնք պարունակում են իր ճաշացանկի սիրված ուտեստները: Բայց արդյոք կգա՞ մի ժամանակ, երբ մանրավաճառները կնայեն ավելի հեռուն ու կառաջարկեն ոչ թե արհեստականորեն մեծացված, այլ անվտանգ սնունդ: Գաղափարը միգուցե տարօրինակ է հնչում, իսկ տարօրինակ չէ՞, որ աշխարհում մեկ միլիարդ մարդ տառապելու է ճարպակալումից, մինչդեռ այժմ արդեն մեկ միլիարդ մարդ թերասնվում է:

Պատրաստեց ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4