«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2012-07-18 | #130, 2012-07-19 | #131, 2012-07-20


ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ «ՀԱՏԸՆՏԻՐԸ» ԵՎ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Թեքեյան մշակութային միության դահլիճում թեեւ հավաքի առիթները մի քանիսն էին, բայց օրը Վահան Թեքեյանինն էր. ոգին թեքեյանամերձ էր. պատճառն իհարկե նրա բանաստեղծությունների ընտրանու նոր հատորի լույսընծայումն էր, եւ Երվանդ Քոչարիՙ 1924-ին վրձնած «Պոէտըՙ Վահան Թէքէեան» հրաշալի նկարը սրահի դիմահայաց պատինՙ Քոչարի տուն-թանգարանի կողմից այդ օրվա համար տրամադրված, շատ օգնում էր մթնոլորտ ապահովելուն: Այս նույն նկարըՙ որպես իլյուստրացիա, զետեղված է նորընծա հատորում:

Ներկաները ոտքի վրա էին, դահլիճի աթոռները հանված էին, փոխարենը հյուրասիրության գունեղ սեղաններն էին. սոսկալի շոգը անօդափոխիչ սրահի, գրեթե աննկատ անցավ շնորհիվ կիրթ հանդիսավարության. բնութագրումներ, վերաբերմունք, կարծիք, անձի ներկայացում տրվեցին հակիրճ, սակայն բնորոշ, դիպուկ արտահայտություններով, մի փոքր տարբեր էր հիմնական բանախոսիՙ գրականագետ Սամվել Մուրադյանի պարագան իր ակադեմական մոտեցմամբ:

Վահան Թեքեյանի բանաստեղծությունների նոր գիրքը դահլիճ բերվեց, կարելի է ասել, տպարանից («Տիգրան Մեծ» հրատ.): Ժողովածուի կազմող-խմբագիրն է ամերիկահայ գրականագետ, հրապարակախոս Երվանդ Ազատյանը : Այս ժողովածուն Վահան Թեքեյանի ներքին կենսագրության հարազատ թարգմանությունն է: Այստեղ բանաստեղծը մերձ է, մտերիմ, ավելի հասանելի-հասկանալի, շնորհիվ ժողովածուն կազմողիՙ Թեքեյանի հանդեպ պաշտամունքի հասնող սիրո եւ այդ քերթության խորիմացության, որը Ազատյանի, ինչպես ինքն է ասում, հոգու պարտքն էր առ բանաստեղծը:

Տարբերությամբ Վ. Թեքեյանի նախորդ ժողովածուների, այս նոր «Հատընտիրը» առանձնանում է բանաստեղծությունների ընտրության գաղափարական-թեմատիկ սկզբունքովՙ ամփոփված առանձին խորագրերի ներքո («Ինքներգութիւն», «Սեռ եւ սէրեր անկարելի», «Հայերգութիւն», «Ահաւոր բան մը այնտեղ», «Կեանքէն ու մահէն անդին»), որով ժողովածուն նաեւ ճանաչողական բնույթ է ստանում, բանաստեղծը ներանձնական մտասուզումներից բացվում է դեպի ազգային ու համամարդկային հորիզոններ, նկատելի է դառնում բանաստեղծական անցած ճանապարհը, հոգու փորձը:

Երվանդ Ազատյանի գրականագիտական վերաբերմունքը Թեքեյանի քերթությանըՙ ներկայացված ներածական-առաջաբանում, ի հայտ է բերում մի քանի շերտեր. Թեքեյանին նա դիտում է ժամանակի բանաստեղծական շարժումների, գեղարվեստական մտքի զարգացումների միջավայրումՙ համարելով ֆրանսիական խորհրդապաշտ գրականության ներկայացուցիչը մեզանում, զուգահեռներ է տանում իր ժամանակի նշանավոր քերթողների, մասնավորապես հույն բանաստեղծ Կոնստանտին Կավաֆիի հետ, իրավացիորեն նկատելով, որ վերջինիս միջազգային համբավը պայմանավորված է օտար լեզուներով նրա գրականության թարգմանություններով: Ազատյանը Վահան Թեքեյանին տեսնում է արեւելահայ բանաստեղծական ոգու, հոգերի, տրամադրությունների ընդհանուր դաշտում, հատկապեսՙ Հովհաննես Թումանյանի հետ հարազատությամբ:

Իր առաջաբանը Թեքեյանի արվեստի վերագնահատում-վերարժեւորումն է եւ հատկապես արեւմտահայ բանաստեղծին հայաստանցի ընթերցողական լսարանին մերձեցնելու քայլ, քանի որ գրում է. «Ինչպէս իր անձըՙ իր գրականութիւնը եւս եղաւ դժուարամատոյցՙ հակառակ իր պարզութեան»: «... Ան մահկանացու ծնած անմահ բանաստեղծն է, որ իր անձնական, ազգային ու համամարդկային լարերով կապուած է մարդկային ճակատագրի ամէնէն էական ու յաւիտենական բնազդներուն եւ անոնցմէ թելադրուած իմացական իրագործումներուն»: Ինչպես մարդկության պատմության փորձն է վկայում, այդպիսիների համար ժամանակը չի հնանում. «Թէքէեան մեր հին, բայց չհինցող բանաստեղծն է, դասականացած իրաւունքով»:

Ժողովածուի յուրաքանչյուր բաժնի խորագիր օժտված է կազմողի սեղմ մուտք-խոսքով, որը լավագույնս է բնութագրում իր ստեղծողի բանաստեղծական ներաշխարհային յուրաքանչյուր շերտՙ տագնապները ներանձնական ու տրամադրությունները, երկվություններն ու հոգու ամենանուրբ երանգները, սերերն ու անպատասխան, թաքուն զգացումները, ցավն ու հոգսը առ հայրենին ու նրա լեզուն, հայկական եկեղեցին ու հայոց մեծ արհավիրքը, վերջապես մարդկային, սեփական կյանքն ու դրա իմաստավորումը, վախը, եզրագիծը, մահվան խորհուրդը, անդինը..., որից այս կողմ մեր կյանքն այսօր շարունակվող փորձում է մատուցել արժանին, վերադարձնել այն փառքը, այն պատիվը, որից անիրավացիորեն իր կյանքի տարիներին զրկվեց բանաստեղծը:

Օրվա հանդիսավարըՙ Հակոբ Ավետիքյանը ծրագրի երեք հատվածները շաղկապեց այնպես ամբողջական, որ այսպես ասած անհաջող տողադարձեր (ձանձրույթներ) չպատահեցին: Ներկայացնելով Թեքեյանի «Հատընտիրը»ՙ ընդհանուր բնութագրեց այն, նկատելով բանաստեղծությունների ընտրության Ազատյանի ինքնատիպ մոտեցման առավելությունները. «Այս «Հատընտիրը» հատկապես նկատի ունի հայրենի ընթերցողին, մասնավորաբար երիտասարդությանը, որոնք ինչ-ինչ հանգամանքների բերումով քիչ ծանոթ են Թեքեյանին, իսկ վերջին շրջանում հետաքրքրություն է առաջացրել արտառոց մի երեւույթ` նրա սեռայնության հետ կապված, որին էլ անդրադառնում է Երվանդ Ազատյանը ներածականում եւ սպառիչ պատասխան տալիս, հնարավորության սահմաններում»:

Ժողովածուիՙ կառուցվածքային ինքնատիպությանը, գրականագիտական նշանակությանը հանգամանալի անդրադարձավ Սամվել Մուրադյանը . «Երվանդ Ազատյանը այն հարմարագույն անձն է, որը տեսնում է 20-րդ հարյուրամյակի ճշգրիտ արտացոլումն ու վերացարկված արձագանքները Վահան Թեքեյան բանաստեղծի բարձարժեք ու բազմաշերտ քնարերգության մեջ եւ 21-րդ դարի հայ ընթերցողին է հրամցնում նրա հրատապ արդիականության խոր ըմբռնումով:

Թեմատիկ-գաղափարական միասնության, հույզերի, տրամադրությունների իրարահաջորդ ու միմյանցից բխող զարգացմամբ բանաստեղծությունները տեսակավորելու եւ այդպիսով առանձին արժեքները իրենց գեղարվեստական ամբողջի մեջ միավորելու դժվարին արվեստին տիրապետում էր նաեւ Վահան Թեքեյանը: Այս հանգամանքը գնահատելիորեն աչքի առնելով է Երվանդ Ազատյանը կազմել «Հատընտիրը»ՙ նրա ամեն բաժնին տալով բանաստեղծական յուրօրինակ իմաստավորում, որոնց էջերում Թեքեյան բանաստեղծն ու մարդը ներկայացված է նոր հայացքի խորաթափանց դիտումներով: Նրա դիպուկ, հակիրճ, բայց ընդգրկուն խոսքը, որ մտքի բարձր կարգապահության արտահայտություն է, չի մնում հայտարարության սահմաններում եւ որպես կանոն ունի նախադրյալ հիմնավորումներ եւ ապացույցներ»:

Այսպես էլ «Թեքեյան» դահլիճում Ազատյանի խոսքը հակիրճ էր եւ ըստ էության. նպատակըՙ Վահան Թեքեյանին իրեն արժանի չափանիշներով ծանոթացնելու հայ գրասեր հանրությանը, նաեւ օտար շրջանակներին. այս առումով ուշագրավ էր այն տեղեկությունը, որ հրատարակության է պատրաստ եւ շուտով ԱՄՆ-ում կտպագրվի Վ. Թեքեյանի «Հատընտիրը» անգլերենովՙ Ժիրայր Փափազյանի եւ իր հորեղբոր Ջոն Փափազյանի թարգմանությամբ, Ազատյանի ներածական խոսքով. «Կկարծեմ, որ բանաստեղծի ամենեն հարազատ, գեղարվեստական բոլոր նրբություններու մեջ ամբողջական ցոլացումով թարգմանությունն է, որուն ներածականը ուղղված է միջազգային հանրության»:

Ներկաներից միակ մարդը, որ անձամբ ճանաչել է բանաստեղծինՙ Նորա Ազատյանն էր, որի հուշերը նույնպես տեղ են գտել անգլերեն հատորում: Այդ հուշից մի պատառիկ երբ Նորա Ազատյանըՙ Թեքեյանի «Հայու հոգին» բանաստեղծության ասմունքից հետո պատմեց, թվաց ոչ թե վերհուշ, այլՙ ներկա իրականություն-ե՛ւ զգացմունք ե՛ւ խորհրդավորություն ե՛ւ խորը ակնածանքՙ կյանքի մի ակնթարթում: Վահան Թեքեյանիՙ հայտնի հանգամանքների արձագանք հայտնի «Իմ մէկ-հատիկս» բանաստեղծության ապրումների խորունկ ցավը հարազատորեն հնչեցրեց Ժիրայր Փափազյան տաղանդավոր արտիստ-արվեստագետը:

Հաջորդ գիրքը, որի մասին խոսեց Հ. Ավետիքյանը, «Թեքեյան մրցանակակիրները», ներկայացնում է ԹՄՄ մրցանակների («Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակ, Վահան Թեքեյան ամենամյա մրցանակներ) եւ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին արժանացած գրականության, արվեստի, մշակույթի, կրթության, գիտության, լրագրության ասպարեզներում աչքի ընկած անձանց: Հակոբ Ավետիքյանը երախտագիտությամբ հիշատակեց ներկայացվող 2 գրքերի մեկենասինՙ Գալուստ Գյուբենկյան հիմնարկությանը եւ նրա Հայկական բաժանմունքի երկարամյա նախկին տնօրեն Զավեն Եկավյանինՙ ոչ միայն հին թեքեյանասեր, նաեւ բանաստեղծի հետ ազգակցական կապով մտավորական-հայագետ:

Երվանդ Ազատյանին էր վիճակված հանձնելու «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը կրթության, գիտության ոլորտում նշանակալի ներդրում ունեցող երեք մտավորականների, կրթության գործի կազմակերպիչներիՙ Ռադիկ Մարտիրոսյանին, Արամ Սիմոնյանին եւ Ռուբեն Միրզախանյանին : Ազատյանը, որ մի քանի տարի առաջ ընտրվել էր Ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, նաեւ պետհամալսարանի բարեկամները խորհրդակազմի անդամ է, իր մշտական հոգածության տակ է պահում Հայաստանը, հայ մարդուն եւ հատկապես հայ մտավորականին: «Ազատյանը այն մտավորականն է, որ մեզ հետ զուգընթաց ապրում է մեր դժվարին տարիները, մեր բազմաթիվ պրոբլեմների մասնակիցն է: Նրա հրապարակախոսությունը ուղղված է մի նպատակիՙ որպեսզի կայանա Հայաստանի պետությունը, մեր երկրի հեղինակությունը միջազգայնորեն բարձր լինի, առանց որեւէ սպեկուլյատիվ հանգամանքների»,- նկատեց Ռադիկ Մարտիրոսյանը: Եզրափակիչ խոսքըՙ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի , իրադարձությունը ամփոփող-արժեւորող էր. «Վստահ ես, որ եթե ԹՄՄ-ում միջոցառում է, ուրեմն կհանդիպես լավագույն մարդկանց, լավագույն ստեղծագործողների եւ ամենակարեւորըՙ կտեսնես որակյալ աշխատանքի արդյունքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4