ԵՄ-ն չի ընդունում ԼՂՀ նախագահի ընտրությունների «սահմանադրական ու իրավական շրջանակները», ՆԱՏՕ-ն` չի ճանաչում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեկ անցկացվող ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությունները, մեղմ ասած, դատարկախոսություն են, քանի որ ժողովրդավարությունից եւ իրավունքի գերակայությունից խոսող ու մարդու իրավունքների պաշտպանությամբ ամեն քայլ պայմանավորող բոլոր միջազգային կառույցները պիտի որ նախընտրեն ուզածդ տարածքում ընտրությունների անցկացումը, քան առանց այդ ինստիտուտի իշխանությունների ձեւավորումը:
ՆԱՏՕ-ն աշխարհի որ հատվածում ցանկանում է, «մարդու իրավունքները պաշտպանելու» հովանու ներքո ներխուժում է թույլ տալիս, հարձակում գործում, անգամ ռմբակոծում, իսկ երբ խոսքը որեւէ տեղ նույն մարդու իրավունքներից բխող ամենագործառնական ինստիտուտի` ընտրությունների անցկացման մասին է, մոռանում է սեփական առաքելության հիմքեր ներկայացվող արժեքները:
«ՆԱՏՕ-ն, ինչպես մյուս միջազգային կազմակերպությունները, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ընտրությունները», «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությանը հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը : Նրա խոսքերով, «նման ընտրությունների անցկացումը չի նպաստում հակամարտության խաղաղ ու ամուր կարգավորմանը»:
Նույն տրամաբանությամբ, բայց առավել ընդգծված դիտարկումներով հուլիսի 18-ի երեկոյան տարածված հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Եվրոմիությունը` ի դեմս ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի : «Կցանկանայի վերահաստատել, որ Եվրոմիությունը չի ճանաչում դրանց անցկացման սահմանադրական ու իրավական շրջանակները», հայտարարությամբ նշել է Էշթոնը, ավելացնելով, որ «այդ «ընտրությունները» չպետք է վնասեն հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ընդհանուր շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանը»:
«Վերահաստատում եմ ԵՄ-ի ամուր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, մասնավորապես համանախագահների` հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», նշվում է Էշթոնի հայտարարության մեջ:
«Ազգը» ներկայացրել է, թե ինչ «տեղեկացվածությամբ ու իմացությամբ» էին ղարաբաղյան հարցի առնչությամբ հունիսի 20-ին քննարկում կազմակերպել եվրոխորհրդարանականները (Տես` «Բանից անտեղյակ Եվրոպան ու ղարաբաղյան հարցը» հունիսի 21-ի համարում»), ուստի կրկին մարդու իրավունքների գերակայությունը գերակա տեսնել ցանկացող Եվրոպան, չճանաչելով, չընդունելով ղարաբաղյան ընտրությունները, հակասում է իր իսկ հռչակած արժեքներին, ավելին այդ տարածքներում նախընտրում է տեսնել անիշխան ու անտեր վիճակ:
Ադրբեջանականը...
Մինչ այս հայտարարությունները, որ ադրբեջանական կողմը գերագույն հրճվանքով մատուցում է, հենց Ադրբեջանն ու, հետո էլ, Թուրքիան էին բարձրաձայնել`«մուղամի» իրենց վայրիվերումներով: Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը , որ, ըստ ադրբեջանական կայքէջերի, կրկնել էր ղարաբաղյան ընտրությունների առնչությամբ ադրբեջանական տեսակետի արդեն քանիցս հնչած տարբերակը, հայտարարել էր, թե ընտրությունների անցկացումը «չի նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին, ընդհակառակը, հարված է բանակցություններին, նման քայլը առավել ամրապնդում է ստատուս քվոն ու հերթական անգամ ցուցադրում բանակցություններ վարելու հայկական կողմի ցանկության բացակայությունը»:
Թե ով է խոսում բանակցային գործընթացը վնասելուց ու բանակցություններին հարված հասցնելուց, ցինիզմի դրսեւորման ցցուն օրինակ կարելի է ընկալել, երբ ամեն օր թուր-թվանքն առած հայկական կողմի վրա հարձակվելու մասին հայտարարող կողմը փորձում է մյուս կողմին մատնացույց անել որպես «բանակցություններին հարված հասցնողի»: Աբդուլաեւի մտավարժանքները թերեւս անբավարար գնահատվեցին, դրա համար էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ, թե «Հայաստանը Ադրբեջանի օկուպացված հատվածում էթնիկ զտումներ է անցկացրել ու ստեղծել անօրինական խամաճիկային ռեժիմ, իսկ ժամանակ առ ժամանակ անցկացվող «ընտրությունները» կոչված են քողարկելու հարեւան երկրի տարածքի ռազմական ագրեսիայի փաստն ու անեքսիան»: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունում անհրաժեշտ են համարել հայտարարությամբ նաեւ նշել, թե անցկացվող ընտրություններն իրավական ուժ չեն կարող ունենալ:
ԵԱՀԿ ՄԽ-ն կհայտարարի
«ԱՊԱ» գործակալության եվրոպական բյուրոյից Արցախի նախագահի ընտրությունների քվեարկության նախօրեին տարածել էին, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարության օնլայն ասուլիսում այդ ընտրությունների առնչությամբ հարցին ի պատասխան ֆրանսիական ԱԳՆ մամուլի խոսնակը արձագանքել էր, թե մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա հայտարարությամբ:
Դժվար թե Մինսկի խմբի համանախագահները ողջույնի խոսքեր ասեն ԼՂՀ-ում նախագահի ընտրությունների առնչությամբ, սակայն ժամանակն է, որ գոնե այս ձեւաչափում ընդունելի դառնա Արցախի ժողովրդի` իր ապագան ժողովրդավարական ընթացքով տանելու ցանկության նաեւ այս դրսեւորումը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ