Հայաստանի անկախացումից հետո հայկական մամուլն ունեցել է զարգացումներ, բայց կոնկրետ հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը դեռեւս շատ բացթողումներ ունի, չնայած հիմա ունենք հեռուստաընկերություններ, որոնք շատ լավ գիտակցում են, թե ինչ է ծրագրային քաղաքականությունը:
Հեռուստամշակույթի մեջ մի խոր փոս էլ ձեւավորել են սերիալները, հետեւաբար դրա մասին բնական է, որ մտավորականները պետք է արտահայտեին իրենց կարծիքը: Եթե մասնավոր հեռուստաընկերությունները նկարում են սերիալ, դրանում վատ բան չկա, սակայն սերիալները չպետք է լինեն ցածրորակ ու քարոզեն բռնություն:
«Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը երեկ` ասուլիսի ժամանակ, անդրադարձավ հեռուստատեսության գործառույթներին: Իսկ սերիալների վերաբերյալՙ զարմանքով նշեց «Շանթ» հեռուստաընկերության` սերիալներին նվիրված մի հաղորդման մասին, որի ժամանակ ամեն կերպ փորձել են արդարացնել սերիալները:
Աստղիկ Ավետիսյանը կարծում է, որ թերթերում աշխատում են ավելի պրոֆեսիոնալ լրագրողներ, քան հեռուստաընկերություններում, պատճառն այն է, որ հայտնի դառնալու համար շատերը ձգտում են դեպի հեռուստատեսություն` մոռանալով պրոֆեսիոնալիզմի որակների մասին:
Բանախոսը իր ուսումնասիրությունների ընթացքում եկել է եզրահանգման, որ ուսուցողական, մանկական հաղորդումներն ու մուլտֆիլմերը հեռուստաեթերում գնալով նվազում են: «Մեր եթերից դուրս է մնացել նաեւ մարդու կերպարը, փոխարենը գերիշխող են դարձել տեղեկատվական հաղորդագրությունները», նշում է Ա. Ավետիսյանը:
Ընդհանուր առմամբ` բանախոսի դիտարկումները պարզել են, որ ամեն հեռուստաընկերությամբ կա ընդամենը 1-2 հաղորդում, որը համապատասխանում է տվյալ հեռուստաընկերության գործառույթներին, եւ դրանք հավաքելով մի տեղում կարելի է ստանալ այն որակն, ինչը պետք է ունենա Հանրային հեռուստատեսությունը: Եվ, ընդհանրապես, Հանրային հեռուստատեսության հաղորդումները չպետք է շահույթ հետապնդեն:
Այսօր հեռուստահաղորդումները, որոնք հանրության լայն շերտերի համար մնում են որպես վստահելի աղբյուրներ, կարիք ունեն մասնագետների կողմից վերահսկման, հետեւաբար զարմանալի չէ, որ մտավորականները հանրապետության նախագահին դիմել են նամակով` նշելով հեռուստաեթերի մասին իրենց անհանգստությունը:
Իսկ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովը այս խնդրով չի զբաղվում: «Բացի արտոնագրած լիցենզիաներ տալուց` չեմ տեսել, որ հանձնաժողովը կատարի այլ աշխատանք: Իսկ նման հանձնաժողովները պետք է աշխատեն իմ, ոչ թե հեռուստաընկերությունների համար», ավելացրեց Աստղիկ Ավետիսյանը:
Ի. Պ.