Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղի հուլիսի 19-ի նախագահական ընտրությունները համարում է ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հավատարմության վկայություն: Այս մասին երեկ «Արմենպրես» գործակալությանը հայտնել է նախարարը` մեկնաբանելով արցախյան ընտրությունները:
«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար ու մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը», ասել է նախարարը` ողջունելով ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնք էլ իրենց հերթին ընտրությունները գնահատել են որպես կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:
«Չեմ կարծում, որ ժողովրդավար որեւէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը», շեշտել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, «միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրած իշխանությունների հետ, առավել եւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով»:
Թեեւ Նալբանդյանը «բնական» է համարել միջազգային հանրության կողմից «ԼՂ ընտրված իշխանությունների հետ հարաբերվելու» շահագրգռությունը, մինչ օրս հնչած բոլոր հայտարարությունները ապացուցում են, որ միջազգային հանրություն ասվածը առաջնորդվում է շահերով, այլ ոչ ժողովրդավարության շահագրգռությամբ:
Այդուհանդերձ, Նալբանդյանը շեշտել է. «Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը»:
Ա. Հ.