Աբխազիան ու Հարավային Օսիան ունենալու հույսով` Վրաստանի «միանշանակ» աջակցությունը տարածքային ամբողջականությանը
«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «նախագահական ընտրությունները»», հուլիսի 19-ի ուշ երեկոյան, ըստ «Գրուզիա օնլայն» կայքէջի, այսպիսի հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Վրաստանի ԱԳՆ-ն գտնում է, որ պետք է ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը, որպեսզի կողմերը կառուցողական երկխոսության ճանապարհով կարողանան հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը», ասված է հայտարարության մեջ, ինչը ամբողջապես տրամաբանական կարելի է համարել այն համատեքստում, որ քանի դեռ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, այլ բան, քան այդ բանակցություններից արդյունք ակնկալելը, տեղին չի կարող լինել որեւէ երկրի, հատկապես «մերձավոր հարեւանի» պարագայում:
Սակայն Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունը այս տրամաբանական պարբերության կողքին անտրամաբանականն էլ է դրել, թե «Վրաստանի արտգործնախարարությունը հաստատում է իր միանշանակ աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում 2012-ի հուլիսի 19-ին անցկացված այսպես կոչված «նախագահական ընտրությունները» Լեռնային Ղարաբաղում»:
Հասկանալի է, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտություններն ունենալու պարագայում Վրաստանից այլ բան ակնկալելու հիմքեր չկան, սակայն նույն հայտարարության մեջ իրարամերժ մտքերի շարադրումը բնավ էլ վրացական դիվանագիտության ուժեղ դրսեւորում չէ, առավել եւս, որ Վրաստանը, ամերիկյան բոլոր դրդումներին դրական արձագանքելով հանդերձ, այդպես էլ չի ճանաչել, ասենք, Կոսովոն: 2008-ի փետրվարի 17-ին Սերբիայից իր անկախությունը միակողմանիորեն հռչակած Կոսովոյի ճանաչման հարցում Վրաստանի համար «հիմք» չէ նաեւ Արդարադատության միջազգային դատարանի 2010-ի հուլիսի 22-ի որոշումը, ըստ որի Կոսովոյի անկախության հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը:
Վրաստանը չի արձագանքել նաեւ Հարավային Սուդանի անկախացմանը, որ հռչակվեց 2011-ի հուլիսի 9-ին` նույն տարվա հունվարին անցկացված հանրաքվեից հետո: Այսինքն` այս երկրի պարագայում խոսել հարեւանի չեզոքության ու նման կատեգորիաների մասին ավելորդ է, այն էլ, երբ Վրաստանի հարեւաններից մեկը Հայաստանն է, որին այդ երկրում չեն կարեւորում, մյուսը` Ադրբեջանը, ուր գրեթե բոլոր կարեւոր ու առաջին այցերն են կատարում վրաց պաշտոնյաները:
Հայաստանի հետ Վրաստանի` բարիկադի տարբեր կողմերում լինելու հանգամանքը բազմապիսի փաստարկներ ունի, որոնցից վերջինն էլ, ի դեպ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բռնի տեղահանվածների տուն վերադառնալու իրավունքի մասին բանաձեւն էր: Վրաց արտգործնախարարությունը հուլիսի սկզբին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, շնորհակալություն հայտնելով «Աբխազիայից, Վրաստանից ու Ցխինվալից/Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների ու փախստականների վիճակի մասին» հարցի քննարկմանը աջակցություն ցուցաբերած երկրներին, որոնց ձեռամբ նաեւ բանաձեւ էր ընդունվել: Այդ նույն հայտարարության մեջ նշվում էր, որ բանաձեւին աջակցող 60 երկրների դիմաց 15 պետություն էր դեմ քվեարկել, այդ թվում` Հայաստանը:
Այնպես որ, Վրաստանն, իր գնահատմամբ, Հայաստանից իբր դժգոհելու առիթ, իսկ հոկտեմբերին կայանալիք խորհդրարանական ընտրությունների նախաշեմին էլ որպես աբխազական ու հարավօսական հակամարտությունների առնչությամբ դիրքորոշման «անդրդվելիության» վկայում, ձեռքի հետ, նաեւ ներքաղաքական միավորներ վաստակելու խնդիր ունի ու իր ձեւով փորձում է լուծել:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ