Երբ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց գործող նախագահ Բակո Սահակյանը հավաքել է ձայների 60 տոկոսից ավելին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվումՙ Հեյդար Ալիեւի կենտրոնում հրդեհ բռնկվեց: Անշուշտ զուգադիպություն է...
ԼՂՀ նախագահական ընտրությունների թեման քննարկելու երկու ճանապարհ կա, առաջինը, երբ շեշտը դնում ես միջազգային հանրության արձագանքի վրա, երկրորդը, երբ առավել կարեւորում ես, թե ինչ է կատարվում Ղարաբաղի ներսում, ինչ նոր բան են տալիս այդ ընտրությունները ԼՂՀ պետական ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը: Ու հաշվի առնելով, որ շատ ավելի կարեւոր է այն, թե ինչ է տեղի ունենում տան ներսում, քան այն, թե ինչ են այդ ամենի մասին մտածում հարեւանները, ԼՂՀ-ում համապետական նշանակության ընտրությունների վերաբերյալ առավել առաջնային է դառնում ներքին իրադրության փոփոխության նշմարումը: Իսկ այդպիսի փոփոխություն Ղարաբաղում տեղի ունեցավ: Մասնավորապես Ղարաբաղի անկախ պետականության պատմության ողջ ընթացքում առաջին անգամ ընդդիմության թեկնածուն` Վիտալի Բալասանյանը, կարողացավ որոշակիորեն համախմբել երկրի ընդդիմադիր շերտը ու այդպիսով գործող նախագահ Բակո Սահակյանի համար դարձավ «իսկական» մրցակից` ապահովելով նախագահական ընտրություններում «իսկական» մրցակցություն: Սա դեռ ժողովրդավարություն չէ, սակայն ժողովրդավար պետություն ու հասարակարգ հենց այս միակ ճանապարհով են ստեղծում ու դառնում:
ԼՂՀ-ի նախագահական ընտրություններին, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մասնակցել է ընդհանուր ընտրողների 73,4 տոկոսը, խիստ բարձր ցուցանիշ է, հետեւաբար Ղարաբաղում քաղաքացիական ակտիվության պակաս չկա: Ընդդիմության թեկնածուն` Վիտալի Բալասանյանը, հավաքել է ընդհանուր ձայների 32,5 տոկոսը, սա նշանակում է ղարաբաղցիների 1/3-ի վստահության քվեն: Եթե Բալասանյանը չի կարողացել հաղթել գործող նախագահին մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ բնակվում է ԼՂՀ բնակչության շուրջ կեսը, ապա Ղարաբաղի երեք խոշոր քաղաքներում` Ասկերանում, Մարտակերտում եւ Մարտունիում, հաղթել է Բակո Սահակյանին: Սա անշուշտ բարձր ու նախադեպային ցուցանիշ է: Ուշագրավ է նաեւ, որ ո՛չ տեղական, ո՛չ միջազգային դիտորդները (վերջիններսՙ տարբեր երկրներից) որեւէ լուրջ ընտրախախտում չեն արձանագրել, բնականաբար, խախտումներ եղել են, շրջաններից մեկում անգամ ճնշումներ են գործադրվել դիտորդի նկատմամբ, սակայն լուրջ խախտումներ, որոնք կարող են ազդեցություն թողնել ընտրությունների արդյունքների վրա, ոչ ոք չի արձանագրել:
Պարտված թեկնածու Վիտալի Բալասանյանը, չնայած պաշտոնապես չի շնորհավորել Բակո Սահակյանին, արդեն հայտարարել է, թե ինքը կշարունակի իր ընդդիմադիր գործունեությունը: Այս առումով հարկ է նկատել, որ Բալասանյանի թեկնածությանը սատարողների թվում կային նաեւ որոշ պատգամավորներ ԼՂՀ-ի ԱԺ-ից: Այսինքնՙ այս համագործակցությունը կամ համախմբումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի Ղարաբաղի խորհրդարանում գոյանա նոր` ընդդիմադիր խմբակցությունը` Բալասանյանի «ոչ պաշտոնական» առաջնորդությամբ: Սա Ղարաբաղում կբերի նոր քաղաքական իրավիճակ, ինչը ԼՂՀ-ին անդառնալիորեն կարող է դնել ժողովրդավարացման հիմքերի վրա:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ