«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2012-07-19 | #131, 2012-07-20 | #132, 2012-07-21


ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՆՀՐԱԺԵՇՏ» Է ՀԱՄԱՐՈՒՄ, ԲԱՅՑ...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածված իրենց հայտարարությամբ թեեւ չեն ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները, սակայն ընդունել են հանրային կյանքը ժողովրդավար տարբերակով կազմակերպելու անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի համաձայն, Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (Միացյալ Նահանգներ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) ու Իգոր Պոպովը (Ռուսաստան), յուրաքանչյուրն իր երկրից հայտարարությամբ նախ նշել են, որ տեղյակ են «Լեռնային Ղարաբաղում «ընտրությունների» անցկացման մասին, որ տեղի են ունեցել 2012-ի հուլիսի 19-ին»:

«Համանախագահները ընդունում են անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանությունների համար սեփական բնակչության հանրային կյանքը ժողովրդավարական կազմակերպելու անհրաժեշտությունը նման գործընթացով», նշված է փաստաթղթում, շեշտադրմամբ, որ, այդուամենայնիվ, համանախագահները «նշում են, որ իրենց երեք երկրները, նաեւ ոչ մի այլ երկիր Լեռային Ղարաբաղը չեն ճանաչում որպես անկախ ու ինքնիշխան պետություն»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են նաեւ, որ հուլիսի 19-ին անցկացված գործընթացները որեւէ կերպ «չեն կանխորոշում ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության տեւական ու խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված ընթացող բանակցությունների ելքը»:

Այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ըստ այդմ նաեւ համանախագահող երկրների պարագայում ընդունելի է ընտրությունների անցկացումը, քանի որ որեւէ այլ պարագայում ղարաբաղյան իշխանությունները կձեւավորվեին աշխարհի համար ոչ նախընտրելի, անընդունելի ճանապարհով, այնպես, ինչպես աշխարհի համար անընդունելի, սակայն նավթային գործոնի շնորհիվ հանդուրժելի են Ադրբեջանում ժառանգական իշխանությունն ու նաեւ վերջին օրերին հնչող բարձրաձայնումները, թե ապագա նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն Ալիեւն է:

Մյուս կողմից, որքան էլ տարբեր ատյաններ ու կազմակերպություններ ներկայացնող անհատները, նաեւ ընդհանրական կառույցները նմանօրինակ հայտարարություններում նշեն, թե ընտրությունների անցկացումը չի կանխորոշում, առավել եւս չի որոշում Արցախի կարգավիճակը կամ բանակցությունների ելքը, հստակ է, որ նախագահական, նաեւ այլ ընտրությունների անցկացումը պետությանը, երկրին բնորոշ գործըթնացներ են, որոնք այսպես թե այնպես, ուղղակի կամ անուղղակի ի ցույց են դնում տվյալ տարածքի` գոնե սեփական ընկալումը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սպասվող հայտարարության մասին դեռեւս մինչեւ Արցախում քվեարկության օրը հայտարարել էին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4