Ամենամեծ աճը տնտեսության իրական հատվածում է, իսկ շինարարության ծավալները շարունակում են նվազել
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2012-ի հունիսի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 9,3 տոկոս: Հիշեցնենք, որ 2011-ից Ազգային վիճակագրական ծառայությունն անցել է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի` դադարեցվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվել է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Միաժամանակ, նախորդ ամսվա` մայիսի նկատմամբ տնտեսական ակտիվության աճը դարձել է երկնիշ` 10,8 տոկոս:
Արդյունաբերությունում աճը հունիսին անցյալ տարվա հունիսի համեմատ կազմել է 4,4 տոկոս, իսկ այս տարվա մայիսի համեմատ նվազել` 2 տոկոսով: Շինարարությունն ունեցել է 1,7 տոկոս անկում, իսկ մայիսի նկատմամբ` 7,7 տոկոս աճ: Գյուղատնտեսությունը հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 24,4 տոկոսով, իսկ այս տարվա մայիսին համեմատ` 54 տոկոսով: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 5,6 տոկոս աճ, իսկ մայիսի նկատմամբ` 7,2 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա հունիսի նկատմամբ 19,4 տոկոս աճ է արձանագրվել, իսկ այս տարվա մայիսի նկատմամբ` 11,4 տոկոս աճ: էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 4 տոկոսով, իսկ այս տարվա մայիսի նկատմամբ` 3,6 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի հունիսին 2011-ի հունիսի նկատմամբ աճել է 5 տոկոսով եւ կազմել 462,7 մլն դոլար, իսկ 2012-ի մայիսի նկատմամբ նվազել` 5,2 տոկոսով: Արտահանումը կազմել է 105 մլն դոլարՙ աճելով 6,2 տոկոսով, իսկ 2012-ի մայիսի նկատմամբ` 0,5 տոկոսով: Ներմուծումը կազմել է 340 մլն դոլարՙ աճելով 4,6 տոկոսով, իսկ 2012-ի մայիսի նկատմամբ նվազելով 7,1 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 235 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում ապրիլին կազմել է մոտ 126 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 159 հազար դրամ, պետականումՙ 97 հազար դրամ:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաեւ 2012-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները եւ դրանք համադրել 2011-ի հունվար-հունիսի հետ: Ըստ այդմ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2012-ի հունվար-հունիսին կազմել է 7,8 տոկոս:
Արդյունաբերության աճը հունվար-հունիսին նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ կազմել է 13 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության աճը` 9,1 տոկոս, շինարարությունն ունեցել է 6,7 տոկոս անկում, ծառայությունների ոլորտում արձանագրվել է 12 տոկոս աճ, մանրածախ առեւտրում` 2,4 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 8,1 տոկոս աճ: Կես տարվա կտրվածքով ամենամեծ աճն արձանագրվել է տնտեսության իրական հատվածում` ադյունաբերությունում, այդ թվումՙ էլեկտրաէներգիայի արտադրությունում եւ գյուղատնտեսությունում:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի հունվար-հունիսին 2011-ի հունվար-հունիսի նկատմամբ ավելացել է 8,3 տոկոսով եւ կազմել մոտ 2 մլրդ 702 մլն դոլար: Արտահանումը կազմել է 684,4 մլն դոլարՙ արձանագրելով 13,5 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 2 մլրդ 17 մլն դոլարՙ աճելով 6,7 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-հունիսին կազմել է մոտ 1,3 մլրդ դոլար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ