«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2012-07-19 | #131, 2012-07-20 | #132, 2012-07-21


ԼՈՆԴՈՆՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆՙ ՍԱԴՐԱՆՔԻ ԹԱՏԵՐԱԲԵ՞Մ

Բնական է, որ հայերս չենք կարող անտարբեր մնալ մեր հարեւան Իրանին առնչված ամեն մի իրադարձության, տեղեկատվության նկատմամբ. ծայրահեղ լարված են ԱՄՆ-Իսրայել-Իրան եռանկյունու ներկա հարաբերությունները եւ որեւէ պատերազմական գործողություն վերջինիս նկատմամբ անցանկալի հետեւանքներ կունենա մեր երկրի համար:

Պատմում են, որ դիվանագիտական շրջանակներում վերջին ժամանակներս շրջանառության մեջ է մտել մի անեկդոտ, ըստ որի արդի աշխարհի միակ երկիրը, որտեղ չի կարող տեղի ունենալ պետական հեղաշրջում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Ինչո՞ւ: Որովհետեւ այնտեղ չկա ամերիկյան դեսպանատուն: Բայց ահա (արդեն անեկդոտից դուրս) ամերիկյան դեսպանատուն չկա նաեւ Իրանում: Եվ եթե այնտեղ էլ է բացառվում ներքին արմատական իշխանափոխությունը, ապա մնում է միայն խնդիրը լուծել զինված արտաքին միջամտությամբ:

Առայժմ ամերիկացիներին (հրեաներին) Իրանին ռազմական հարված հասցնելուց հետ են պահում նման գործողության հետեւանքների անորոշությունը եւ ԱՄՆ-ի նախագահի մոտալուտ ընտրությունները: Այդ պատճառով էլ հետաձգվեցին «գարնանային թե ամառային» հարձակումների տարբերակները, բայց ուժի մեջ է մնում արդեն «աշնանայինի» հավակնությունը: Սակայն դրա համար անհրաժեշտ է լայն արձագանք հարուցող լուրջ մի միջադեպ: Եթե Իրաք ու Աֆղանստան ներխուժելու համար նման առիթ ծառայեց նյույորքյան երկու երկնաքերների ինքնաթիռակոծումը, ապա Իրանի հետ կապված առաջ է քաշվում ծայրահեղական իսլամիստների (իրանցիների) ահաբեկչական գործողությունների տարբերակը... Լոնդոնի ուր որ է բացվող օլիմպիական խաղերում: Այս իրողությունը, չասենք լայնորեն, սակայն քննության է առնվում ռուսաստանյան լրատվամիջոցներում, իհարկեՙ արեւմտյան աղբյուրների վկայակոչումներով:

Առհասարակ Ռուսաստանի ԶԼՄ-ներում հաճախ է առաջադրվում մոլորակում զանազան մասշտաբային պատերազմների հրահրման տեսությունը: Պարզ է, որ ամերիկացիների, եվրոպացիների, իսկ ընդհանուր առմամբՙ համաշխարհային գերհզոր վերազգային ուժերի կողմից: Եվ առաջիկայում ամենահավանականը համարվում է հենց իրանական «ռազմաճակատը»: Քանզի հենց այդ պետությունն է դարձել գլոբալ «նոր աշխարհակարգի» հաստատման էական խոչընդոտը: Բայց սա էլ չէ ամենագլխավորը: Վճռորոշն այն է, որ Իրանը իրական սպառնալիք է Իսրայելի գոյության համար:

Լայն առումով, գրում է ռուսական թերթերից մեկը, խնդիրը նախ եւ առաջ կապված է համապարփակ կոնֆլիկտային պոտենցիալի շեշտակի մեծացմանը համակարգային սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում: Վերջին տասնամյակում ԱՄՆ-ի ձեռնարկած ագրեսիաները Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում ոչ միայն չհանգեցրին որեւէ երկրառազմավարական հակասությունների լուծման, այլեւ սկզբնավորեցին հաջորդՙ շատ ավելի սուր, մասշտաբային ու ծախսատար փուլը: Այդ կայսերապետական արկածախնդրության շրջանակից ԱՄՆ-ը կարող է դուրս գալ միայն լիակատար ռազմաքաղաքական հաղթանակի միջոցով, ինչը նրան թույլ կտա վերահսկել համաշխարհային ռեսուրսները, մարել իր աստղաբաշխական պարտքերը, մեկուսացնել պոտենցիալ հակառակորդներին, որոնց թվում է նաեւ Ռուսաստանը:

Սակայն մոռացանք Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բրիտանական, համաշխարհային լրատվամիջոցները լայնորեն իրազեկում են մարզափառատոնի անվտանգությանը նպատակամղված աննախադեպ միջոցառումների մասին. ծախսվել է 40 միլիարդ դոլար, գործի են դրվել ոստիկանության, գաղտնի ծառայությունների, բանակային հսկայական ուժեր, նույնիսկ մարտական նորագույն տեխնիկա եւ այլն, եւ այլն: Վերջին տարիներս հեռուստատեսության, տարբեր գրաժանրերի միջոցով զանգվածային գիտակցության մեջ են ներարկվել լոնդոնյան միջոցառման ժամանակ «իրականացված» պայթյունների տեսարան-կերպարներ: Եվ այս ֆոնի վրա կարելի է պատկերացնել այն քաղաքական հզոր էֆեկտը, որ կտա «իսլամական» ահաբեկչական գործողությունը Բրիտանիայի մայրաքաղաքում, ինչն անմիջապես կվերագրվի իրանցիներին (բացարձակապես կարեւոր չէ, թե որն է իրական եւ որըՙ սադրիչ. դեռ չհետաքննած Բուլղարիայում տեղի ունեցած միջադեպըՙ Իսրայելը անմիջապես վկայակոչեց իրանական հետքը): Փոխարենը աշխարհի իրական տիրակալները հնարավորություն կունենան ագրեսիա ծավալելու պարսից պետության դեմ եւ հերթական մասշտաբային փորձը ձեռնարկելու ռեսուրսները սպառած միջազգային ճգնաժամից դուրս գալու համար: «Արաբական գարունը» կվերածնվի Պարսից ծոցի երկրներում, կհրկիզվի սիրիա-իրաքյան վառոդի տակառը, իսկական քաոս կծավալվի Պակիստանում ու Աֆղանստանում եւ այլն:

Մեզ մնում է միայն հուսալ, որ չիրականացվի այս մռայլ սցենարը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4