Կիրակի օրվանից ի վեր կատաղի մարտեր ծավալվեցին նաեւ Սիրիայի 2-րդՙ Հալեպ քաղաքում, որն իր էթնիկ ու կրոնական կազմով, հին, նոր եւ նորագույն մշակույթով, առեւտրական նշանակությամբ հանդիսանում է երկրի ամենահավասարակշիռ, ավանդապահ, բարեկեցիկ ու հանդուրժողական քաղաքը, որտեղ ապրում է մեր ամենակազմակերպված գաղութներից մեկըՙ իր եկեղեցական, մշակութային, կրթական, մարզական ու բարեգործական հաստատություններովՙ ստեղծված նախաեղեռնյան ու հատկապես հետեղեռնյան տասնամյակներում: Ավելի քան 40 հազար հայ է այժմ ապրում այնտեղ, ընդհանրապես բարեկեցիկ եւ, հետեւաբար, իշխանամետ:
Եվ հիմա, Դամասկոսի համեմատաբար փոքրաթիվ գաղութից հետո վտանգված է այս զորավոր հայ համայնքը: Ու թեեւ դեռեւս չգիտենք դեպքերն ինչպես կծավալվեն, սակայն հաստատապես դրանք ցնցել ու ցնցելու են համայնքըՙ շատերին մղելով արտագաղթի, ոչ միայն դեպի հարեւան Լիբանան, որը սիրիական դեպքերի անմիջական ազդեցությունը կրում է եւ կրելու է անկասկած, այլեւ դեպի հեռավոր ափերՙ ճնշիչ մեծամասնությունը շրջանցելով Հայաստանը:
Չեմ ուզում անդրադառնալ Սիրիայի եւ ողջ տարածաշրջանի դեմ ծրագրված ու համակարգված դավադրությանըՙ անշուշտ օգտագործելով երկրների ներքին հակասությունները: Դա համապարփակ եւ մասնագիտական մոտեցման կարիք ունի: Այլ ցանկանում եմ պարզապես շեշտել, որ Հայաստանի իշխանություններին ուղղված մեղադրանքներըՙ սիրիահայությանը անհրաժեշտ օգնություն չտրամադրելու մասին, անարդար էՙ անշուշտ միջազգային քաղաքականության ու տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Դավադրությունն այնքան մեծ է, այնքան հզոր, որ Հայաստանը ոչինչ չի կարող անել դրա դեմ: Սակայն մեր անզորության գիտակցումը պետք չէ մեզ մղի այլՙ հատկապես մարդասիրական ու բարեգործական հնարավորությունները չմոբիլիզացնելուՙ օժանդակելով տեղի հայությանը, բարոյապես ու գործնապես թիկունք կանգնելով նրան: Եվ դաՙ ներկա պահի հրամայականներով:
Ինչ վերաբերում է հեռահար մեր գործունեությանը, ապա չեմ կարող առայժմ տեսական թվացող մի ընդհանրացում չանել. եթե մեր պետական իշխանություններից պահանջում ենք մեր երկրում հաստատել արդարությունն ու արդարադատությունը, գործնականորեն խթանել ու զարգացնել տնտեսությունն ու գիտությունը, ապա դա պետք է անել ոչ միայն Հայաստանում ապրող ներկա ազգաբնակչության համար, այլ մեր ժողովրդի այն հատվածի համար նաեւ, որն ապրում է հարեւան ու մերձավոր երկրներում: Մեր ազգակիցները ուշ կամ կանուխ լքելու են դրանք: Եվ մեր երկիրն ի վիճակի պետք է լինի հյուրընկալելու, պատսպարելու, աշխատանքով ապահովելու նրանց: Նրանք իրենց ապագան պետք է տեսնեն այս երկրում, ինչպես եւ մենք բոլորս:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ