Լեգիտիմ իշխանությունը նրանց սրտով չէ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը հստակ ազդանշան է Բաքվինՙ ստեղծված իրողություններն անտեսելու անհնարինության մասին», ասում է Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւըՙ հիշեցնելով, որ համանախագահները հայտարարել էին, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի իշխանություններիՙ ընտրական ընթացակարգերի միջոցով սեփական բնակչության հասարակական կյանքը կազմակերպելու դե ֆակտո ձգտման անհրաժեշտությունը: Արեշեւի գնահատմամբՙ ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը նոր ելեւէջներ է պարունակում, որոնք Ադրբեջանի ջղային արձագանքն են առաջացրել:
«Դա օրինաչափ է, նաեւ Բաքվին ուղղված հստակ ազդանշան, որ չի կարելի անտեսել այն իրողությունները, որոնք ձեւավորվել են տարածաշրջանում եւ արդեն 20 տարվա կյանք ունեն»:
Արեշեւն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը մասնակցել են ԼՂՀ ընտրություններին որպես դիտորդական խմբի անդամներ: Նրանք համակարծիք ենՙ ԼՂՀ-ում ընտրություններն անցկացվել են արդար, բաց եւ թափանցիկ:
«Անգամ այն գյուղերում, որտեղ 20 տարի միջազգային դիտորդի չէին տեսելՙ ամեն ինչ պատշաճ մակարդակով էր կազմակերպված, իսկ ընտրողների մասնակցության նման բարձր ցուցանիշ նույնիսկ նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում դեռ չի արձանագրվել»:
Բակո Սահակյանի հաղթանակն, ըստ քաղաքագետների, ապացուցեց, որ Արցախում վերջին 5 տարիներին դրական իմաստով շատ բան է փոխվել: Միաժամանակ, փաստը, որ Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է ընտրողների 1/3 մասը, խոսում է այն մասին, որ կան չլուծված խնդիրներ:
Ռուս փորձագետները համոզված են, որ Արցախում այս ընտրություններից հետո մրցակցային քաղաքական դաշտ է ձեւավորվելու:
«Ընդդիմությունն իշխանության հետ ինչ-որ հարցերում համագործակցելու է, ինչ-որ հարցերումՙ ոչ: Սակայն խորքային եւ ամենագլխավոր հարցերում նրանք համագործակցելու են, քանի որ ապագայի հարցերում թեկնածուների դիրքորոշումները համընկնում են»:
Ռուս փորձագետները համոզված են, որ Արեւմուտքը միշտ էլ Ադրբեջանի կողմն է բռնել: Նրանց խոսքովՙ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն եւ նրանց գաղափարակից երկրները չէին կարող Արցախի ընտրությունները ճանաչելու կոչեր անել, որովհետեւ դրանով կվտանգեին ադրբեջանական սցենարն ու պնդումները, թե Արցախը «ադրբեջանական օկուպացված տարածք է»:
«Դա հիմա Արեւմուտքին պետք չէ, որովհետեւ դրանով Ադրբեջանը դիտվում է, որպես հարթակ Սիրիայի եւ Իրանի ռազմական գործողություններ սկսելու դեպքում: Արեւմուտքին երեւի ձեռնտու կլիներ, որ Ղարաբաղում զինվորական դիկտատուրա լիներ, չէ՞, լեգիտիմ իշխանությունները նրանց ձեռնտու չեն, նրանք ուզում են, որ ժողովրդավար ԼՂ-ն ավտորիտար Ադրբեջանին հանձնեն, չէ՞», ասում է Ալեքսանդրովը:
Հարցին, թե երբ Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը, Ալեքսանդրովն ասաց, որ դա կլինի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դիրքերի թուլացան հաշվին, երբ ՌԴ-ն ավելի ուժեղ կլինի տարածաշրջանում:
Նրանց ներկայացմամբՙ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերը չպետք է նմանեցնել Արցախի խնդրին, Ռուսաստանը ճանաչեց այդ պետությունները, որովհետեւ Սաակաշվիլին հարձակվեց նրանց վրա:
Արեշեւի մեկնաբանությամբՙ եթե առաջ Հայաստան-Արցախ միավորմանը կողմ էր արցախահայության հիսուն տոկոսը, ապա այսօր հայկական երկու հանրապետությունների վերամիավորումը ցանկացողների թիվը շատացել է: