Ադրբեջանի լատինամերիկյան պտույտները, նավթը, ձկնկիթն ու դրանց հնարավոր հետեւանքները
Հեռավոր Արգենտինայի` Հարավային Կովկասի առնվազն երկու երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները համադրելի իրողություններ չեն, անգամ գոյության ժամանակահատվածի ու դրսեւորումների առումով, սակայն հնարավոր է, որ Եվրոպայի խորհրդի, նաեւ դրանից դուրս գործադրվող ադրբեջանական «ձկնկիթային դիվանագիտության» ու նավթային համաձայնությունների պարագայում իրավիճակի փոփոխություն տեղի ունենա:
Սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ` հերթով:
Հուլիսի 19-ին Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Արգենտինայի Հանրապետության արտգործնախարար Էկտոր Տիմերմանին: ԱԳՆ հաղորդագրությամբ, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին, իրավապայմանագրային դաշտին, ինչպես նաեւ երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Արգենտինայի արտգործնախարարը հետաքրքրվել է այն բնագավառներով, որոնք կարող են փոխշահավետ տնտեսական համագործակցության հիմք հանդիսանալ: Դեսպան Մելիքյանն էլ հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, առկա ներդրումային դաշտը եւ հնարավորությունները: Առանձնացվել են գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ատոմային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտները:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Տիմերմանը նշել է, որ Արգենտինան աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին եւ կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Արգենտինահայ համայնքի առնչությամբ էլ նշել է, որ նա իր կարեւորագույն դերակատարումն ունի երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում:
Արգենտինայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ սիրով ընդունում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերըՙ առաջիկա ամիսներին այցելելու Հայաստան:
Ու մինչ այդ այցելությունը տեղի կունենա, այս օրերին լատինամերիկյան տուրնե է սկսել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` այցելելու Կոլումբիա, Արգենտինա, Ուրուգվայ եւ Պերու, որոնցից Արգենտինայում եւ Կոլումբիայում կանցկացվեն երկկողմ բիզնես- համաժողովներ:
Փաստացիՙ Մամեդյարովի այցը, հատկապես Արգենտինա, պատասխան այցելություն է, քանի որ այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը Բաքվում էր դեռեւս հուլիսի սկզբին` ներքին առեւտրի քարտուղարի ու գործարարների պատվիրակության հետ: Այդ այցն, առաջին հերթին, կապվում է վերջերս ազգայնացված YPF նավթային ընկերության նավթահանքերում ադրբեջանական SOCAR-ի հավանական ներդրումների հետ: Ադրբեջանն էլ, արդեն իսկ ունենալով մեքսիկական ու կոլումբիական տարբեր հարթակներում ադրբեջանամետ քայլեր անելու փորձը, հաստատապես բաց չի թողնի արգենտինական տարածքում էլ նավթ ու ձկնկիթով ադրբեջանամետ դիրքորոշման վկայություններ պոկելու հնարավորությունը:
Հասկանալի է, որ լատինամերիկյան հատվածի ղարաբաղյան խնդրի առնչությամբ չեզոք դիրքորոշումները այսօրինակ գործելակերպի պարագայում կարող են փոփոխություններ կրել, ինչն էլ Բաքու արգենտինական պատվիրակության այցելության շրջանում անհանգստություն էր առաջացրել Արգենտինայի հայ համայնքում, նաեւ արգենտինյան հասարակության զգալի հատվածի մեջ:
Արգենտինական մամուլում կասկածներ են հայտնվել, թե որքանով էր արդյունավետ արգենտինական պատվիրակության այցելությունը Ադրբեջան, հատկապես որ վերադարձին արգենտինացի գործարարներն առանձնակի փայլուն արդյունքի մասին չեն խոսել: Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ այս օրերին ադբեջանական պատվիրակության Բուենոս Այրես այցելության ու արգենտինա-ադրբեջանական գործարար համաժողովի անցկացմամբ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվի` դրանց դիմաց այլ բաների ակնկալիքով:
Արգենտինական մամուլից «Clarin» օրաթերթը, նախ, հիշեցրել է Իսրայել-Ադրբեջան ռազմական 1,5 մլրդ դոլարի գործարքն ու այդ միջոցով ձեռք բերված սպառազինությամբ տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգն ու ընդգծել, որ Արգենտինայի ներկայիս քայլերն էլ կդառնան խրախուսանք Ադրբեջանի ռազմական քայլերի համար: «La Nacion» օրաթերթն էլ անդրադարձել է Ադրբեջանում տիրող իրավիճակին ու արգենտինական նավթային հարցերում նոր գործընկեր SOCAR-ին: Ըստ թերթի խմբագրականի, Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, նախագահ Ալիեւը իշխանությունը ժառանգել է հորից, վարչակազմը կոռումպացված է, ընտրակեղծարար, երկրում էլ հալածական ու բանտարկյալ են անկախ լրագրողները եւ այլն:
Արգենտինայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ռիկարդո Ալֆոնսինն էլ պահանջել է ղարաբաղյան հարցում պահպանել արգենտինական դիրքորոշումը` խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու առումով: Պատգամավորն անհանգստություն է հայտնել, որ Արգենտինա-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է ազդել հակամարտության առնչությամբ Արգենտինայի դիրքորոշման վրա:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ