«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2012-07-21 | #133, 2012-07-24 | #134, 2012-07-25


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ Ի՞ՆՉ ՑՈՒՑԱՆԻՇ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

Ի՞նչ են հուշում հունվար-հունիսի սոցիալ-տնտեսական զարգացումները

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր 2012-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 7,8 տոկոս: Հիշեցնենք, որ 2011-ից Ազգային վիճակագրական ծառայությունն անցել է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի` դադարեցվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվել է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Սովորաբար ՏԱՑ-ի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է լինում, քան ՀՆԱ-ի ցուցանիշը: Այդուհանդերձ, ՏԱՑ-ի ցուցանիշը որոշակիորեն կողմնորոշում է, թե ինչ սահմաններում կգտնվի ՀՆԱ-ի ցուցանիշը:

Այժմ, նկատի ունենալով կիսամյակի 7,8 տոկոս տնտեսական ակտիվության աճը, որքանո՞վ է իրատեսական տարեկան 7 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ ակնկալելը, ինչպիսի հանձնարարություն կառավարության առջեւ դրեց երկրի նախագահը: Հարցի պատասխանը ստանալու համար նախ դիտարկենք ըստ ճյուղերի տնտեսական ցուցանիշները:

Ամենամեծ աճն այս տարվա առաջին կեսին արձանագրվել է արդյունաբերությունում` 13 տոկոս, ապա գալիս է ծառայությունների ոլորտը` 12 տոկոս աճ, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 9,1 տոկոս աճ, գյուղատնտեսությունը` 8,1 տոկոս աճ: Վերոնշյալ ճյուղերը, բացի ծառայություններից, ներկայացնում են տնտեսության իրական հատվածը: Միանշանակ, դրական է, որ հենց իրական հատվածի շնորհիվ է տնտեսությունն աճ ապահովում: Հիշեցնենք, որ 29 ներդրումային ծրագրեր ստացել են ավելացված արժեքի հարկ հետաձգման հնարավորություն եւս 5-ի համար երկարացվել է ժամանակավոր ներմուծման համար սահմանված ռեժիմը: Այս ծրագրերի արդյունքում ավելի քան 100 մլրդ դրամի ներդում կկատարվի Հայաստանի տնտեսության` կոնկրետ արդյունաբերության մեջ: Դրանց մի մասն արդեն կատարվում է, ինչի շնորհիվ է նաեւ արդյունաբերության ոլորտում արձանագրվող աճը: Նշենք, որ երկրորդ տարին է, ինչ արդյունաբերությունը պահպանում է առաջանցիկ աճի տեմպը: Այսինքն, այս միտումը, ինչպես նաեւ իրագործման փուլում գտնվող ծրագրերը հույս են ներշնչում, որ արդյունաբերության աճի տեմպը մոտ կլինի ներկայիս ցուցանիշին նաեւ տարեվերջին:

Գյուղատնտեսության ոլորտում աճը պայմանավորված է ոչ միայն այս տարվա բարենպաստ կլիմայական պայմաններով, այլ նաեւ մի շարք կարեւոր հարցերում գյուղացիներին ցուցաբերվող պետական աջակցությամբ: Դրանցից ամենաէականը դիզվառելիքի եւ պարարտանյութի տրամադրումն է գյուղացիներին` պետության աջակցության շնորհիվ շուկայականից ցածր գներով, եւ գյուղատնտեսական վարկերը, որոնց տոկոսների մի մասի սուբսիդավորումը նույնպես կառավարությունը ֆինանսավորում է պետական բյուջեից: Գյուղատնտեսության արտադրության ծավալները, բնականաբար, սեզոնային գործոնով են պայմանավորված: Այսինքն, այն ընդհանուր տնտեսական աճի վրա ազդելու է հիմնականում ամռանը եւ աշնան առաջին երկու ամիսներին:

Ծառայությունների ոլորտում աճի տեմպի պահպանումն առավել հավանական է, քան գյուղատնտեսության ոլորտում: Հատկապես ամռան ամսիներին զբոսաշրջային ոլորտի հետ կապված ծառայությունները աճ կունենան: Ծառայությունների մեկ այլ` հեռահաղորդակցության ոլորտը, ամենադինամիկ եւ մրցակցային ոլորտը լինելով, կշարունակի զարգանալ առաջիկա ամիսներին եւս:

Մյուս ոլորտներից մանրածախ առեւտուրը, որն առաջին կիսամյակում աճել է 2,4 տոկոսով, ինչպես միշտ, կտրուկ աճ կունենա տարեվերջին` կապված նախատոնական շրջանի հետ:

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այստեղ հունվար-հունիսին արձանագրվել է 6,7 տոկոս անկում: Շինարարության հետ կապված աճի հույսեր տածել չարժե: Նրա առավել ակտիվ սեզոնը հիմա է` ամռանը: Լավագույն դեպքում անկման տեմպը կարող է այստեղ փոքր-ինչ նվազել, սակայն դա էլ քիչ հավանական է թվում: Ի դեպ, չէր խանգարի, որ կառավարությունը այս ոլորտում նույնպես որոշակի աջակցության ծրագրեր իրականացներ` հիմնական ուշադրությունը արդյունաբերությունից չշեղելով: Չմոռանանք, որ տնտեսական երկնիշ աճի տարիներին այս ոլորտն ապահում էր զգալի թվով աշխատատեղեր եւ նպաստում շինանյութերի արտադրության աճին:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի հունվար-հունիսին 2011-ի հունվար-հունիսի նկատմամբ ավելացել է 8,3 տոկոսով եւ կազմել մոտ 2 մլրդ 702 մլն դոլար: Արտահանումը կազմել է 684,4 մլն դոլարՙ արձանագրելով 13,5 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 2 մլրդ 17 մլն դոլարՙ աճելով 6,7 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-հունիսին կազմել է մոտ 1,3 մլրդ դոլար, գրեթե այնքան, ինչքան անցյալ տարվա հունվար-հունիսին: Սակայն, այստեղ հարկ է նկատի ունենալ, որ արտահանումն ավելի արագ տեմպերով է աճում, քան ներմուծումը, եւ որ դա տեղի է ունենում միջազգային շուկայում մետաղների գների որոշակի նվազման պայմաններում: Ինչը վկայում է, որ արտահանման կառուցվածքը որոշակիորեն փոխվում է:

Վերադառնալով այն հարցին, թե տնտեսական, այսինքնՙ ՀՆԱ աճի ի՞նչ ցուցանիշ կունենանք տարեվերջին, ապա, նկատի ունենալով տնտեսության առաջին կիսամյակի միտումները եւ հնարավոր զարգացումները, կարելի է ենթադրել, որ եթե 7 տոկոսի չհասնի էլ, համենայն դեպս, կգտնվի 6-7 տոկոսի միջակայքում: Միջազգային տնտեսության ներկայիս ավելի ցածր աճի տեմպերը հաշվի առնելովՙ դա նույնպես լավ արդյունք կլինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4