Իսրայելի հայտնի պարբերականներից մեկը` «Հաարեցը», օրերս հոդված էր հրապարակել, որտեղ պատմում է «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչված «Հզբոլլահի» նախագծած «ահաբեկչական գործողությունների» մասին: Հրեական պարբերականը տեղեկացնում է, որ «Հզբոլլահը» նախատեսել էր կազմակերպել Ադրբեջանի Գաբալայի շրջանում տեղակայված ռադիոլոկացիոն կայանի պայթեցումը: Թերթը մանրամասնում է, որ դեռեւս 2007-ին «Հզբոլլահը» նախագծել էր «ահաբեկչական գործողություններ» Բաքվում` «հրեական օբյեկտների վրա». «Բայց պարզվում է, որ ահաբեկիչների թիրախը ոչ միայն հրեական օբյեկտներն են եղել, այլեւ Գաբալայի կայանը, որն, ի դեպ, Մոսկվան առաջարկել է ԱՄՆ-ին` Իրանի գործողությունները վերահսկելու համար», գրում է «Հաարեցը»:
Թերթը հիշեցնում է նաեւ, որ 2012-ին «Հզբոլլահի» «ահաբեկիչները» ծրագրել էին Բաքվում Իսրայելի դեսպան Միխաել Լոթեմի սպանությունը. «Երեք կասկածյալները` Ռասիմ Ալիեւը, Ալի Հուսեյնովը եւ Բալաղարդաշ Դադաշովը, մեծ քանականությամբ զենք եւ պայթուցիկ սարքեր էին բերել Իրանից Ադրբեջան: Զինամթերքը պահված էր Բաքվից 150 կմ հեռավորության վրա», գրում է հրեական պարբերականը: «Հաարեցի» ուշադրությունից չի վրիպել նաեւ այն հանգամանքը, որ 2009-ին Լիբանանի քաղաքացի Ալի Մուհամմեդը իրեն մեղավոր ճանաչեց Բաքվում Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու փորձ կատարած լինելու համար. «Այդպիսով Ալի Մուհամմեդը փորձում էր վրեժխնդիր լինել «Հզբոլլահի» առաջնորդներից մեկի` Իմադ Մուգնիեի սպանության համար: «Ալի Մուհամմեդը խոստովանել էր, որ իրեն հանձնարարել էին գալ Բաքու Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու հրահանգով: Սակայն այս փորձը ձախողվեց: Մուհամմեդը ձերբակալվեց, ինչպես նաեւ ձերբակալվեցին նրա հետ գործող Ադրբեջանի 4 քաղաքացիներ, երբ խմբավորման մի շարք անդամներին հաջողվեց թաքնվել», գրում է պարբերականը:
Ի՞նչ է սա նշանակում, այսինքն ինչո՞ւ է հրեական ազդեցիկ պարբերականը հիշեցնում Ադրբեջանում հակահրեական «ահաբեկչությունները»ՙ տալով նաեւ Բաքվի համար խիստ մտահոգիչ մեսիջ, թե Գաբալայի կայանը հակաիսրայելական խմբավորումների «հետաքրքրությունների կենտրոնում է»:
Նախ եթե հրեական պարբերականը նշում է, թե «Հզբոլլահը» ցանկացել է վերացնել «Ադրբեջանում իսրայելական օբյեկտները», ուրեմն Ադրբեջանում իսրայելական օբյեկտներ իրոք կան: Սա հատկապես ուշագրավ է նաեւ այն առումով, որ ըստ հարեւան երկրի սահմանադրության` Ադրբեջանում չի կարող լինել այլ պետության ռազմական կամ այդ նշանակության բազա: Անշուշտ, հնարավոր է, որ իսրայելական օբյեկտները հարեւան երկրում ամենեւին էլ ռազմական նշանակության չեն, սակայն այդ պարագայում ինչո՞ւ են այդ օբյեկտները անհանգստացնում «Հզբոլլահին»: Ստացվեց, ուրեմն, որ հարեւան երկրում կամ իսրայելական ռազմական ներկայություն կա, ինչի «կործանված ապացույց» կարող ենք ներկայացնել ԼՂՀ հակաօդային պաշտպանության զորքերի ոչնչացրած հրեական ծագմամբ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը, կամ Ադրբեջանում կան իսրայելական օբյեկտներ, որոնք գործնականում ռազմական առաքելություն ունեն:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում էլ Իրանը դիտարկվում է որպես հիմնական սպառնալիք, ու այս երկու մահմեդական երկրների հարաբերությունները, մեղմ ասած, փայլուն չեն, գումարած, որ Ադրբեջանում դեռ սովետական ժամանակներից միշտ էլ հրեական տարրն ազդեցություն ունեցել է, ապա ստացվում է, որ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը ամենեւին էլ դիվանագիտություն չի խաղում, երբ ասում է. «Բաքվում ես զգում եմ ինձ ինչպես իմ տանը»:
Այս համապատկերում խիստ ուշագրավ են դառնում «Հաարեցի» տեղեկությունները, որ հակաիսրայելական կազմակերպությունների թիրախ է եղել նաեւ Գաբալայի կայանը: Ընդ որում` 2007-ին դեռեւս: Սա նշանակում է, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը հակաիսրայելական ուժերը ցանկացել են պայթեցնել այն ժամանակ, երբ դեռեւս առանց խոսակցությունների գործարկում էին ռուսները, որոնք, բնականաբար, չեն կարող եւ չեն ցանկանա այս տարածաշրջանում հակաիրանական քայլեր ձեռնարկել, որոնք ինքնաբերաբար կդիտարկվեն որպես արեւմտամետ: Հետեւաբար կամ «Հաարեցը» ժամանակագրության սխալ է թույլ տվել, կամ փորձում է այսպիսով թշնամանք սերմանել մահմեդական աշխարհի (չխառնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ - Հ. Ա.) ու Մոսկվայի միջեւ, կամ էլ պարզապես մեսիջ է տվել Բաքվին, որ Գաբալան այսօր էլ ահաբեկիչների թիրախն է, քանի որ, ինչպես պարբերականն է ընդգծում կայանի վերաբերյալՙ «...որը, ի դեպ, Մոսկվան առաջարկել է ԱՄՆ-ին` Իրանի գործողությունները վերահսկելու համար»:
Իսկ մեսիջի իմաստը կարող է լինել, օրինակ, հետեւյալը: Ճիշտ է, հրեաները նախազգուշացնում են Բաքվին, որ Գաբալան ռուսներից վերցնելն ու ամերիկացիներին հանձնելը կարող է բերել ահաբեկչական վտանգ, սակայն Իսրայելն ու ԱՄՆ-ը Գաբալան դիտարկում են նաեւ որպես «Իրանին վերահսկելու միջոց», հետեւաբար Բաքուն այլընտրանք այնքան էլ չունի: Հակառակ պարագայում հրեական թերթը չէր ընդգծի մի բան, որը չի եղել ու չի կարող լինել. ռուսները, այն էլ Հարավային Կովկասում, չեն կարող հզոր օբյեկտ հանձնել ամերիկացիներին` Իրանին վերահսկելու համար, եթե միայն ռուսներն արդեն իսկ չունեն «հակաիրանական վերահսկողություն իրականացնող օբյեկտին» վերահսկող նոր օբյեկտ նոր տեղանքում:
Ինչեւէ, եզրակացնելով նշենք, որ հրեական պարբերականի այս հրապարակումը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, ուրեմն սա մեսիջ է: Սակայն եթե այս ամենն իրականություն է, ուրեմն հերթական անգամ ապացուցում է Բաքվի հակաիրանական ցանկություններն ու պլանները, այն էլ երրորդ, Իրանի համար «պատմական չարիք» պետության ներկայությամբ: Չնայած, անգամ եթե սա իրականություն չէ, միեւնույն է, չի հերքում Ադրբեջանում «իսրայելական օբյեկտների» առկայությունը, եւ բնականաբար, հրեաները հարեւան երկրում «Ղարաբաղը ագրեսոր հայերից ազատագրելու համար չեն», եւ էլ ավելի կարող են ակտիվանալ, երբ Արեւմուտքը վերջապես «Սիրիայի հարցը լուծի» ու անցնի «բուն խնդիր» Իրանին, ինչը, հետեւաբար նաեւ «իսրայելական օբյկետների» ակտիվացում Ադրբեջանում ռուսները թույլ տալ չեն կարող:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ