Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելուՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները: Այս մասին Նալբանդյանը հայտարարել է հուլիսի 24-ին Փարիզումՙ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպմանը:
Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրությանՙ Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը համանախագահ երկրների ղեկավարներիՙ Լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս Կաբոսում ընդունված հայտարարությունների եւ ներկայացված առաջարկությունների հիման վրա:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարինՙ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ այդ հանդիպումը լավ առիթ է ամփոփելու երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները եւ նոր ազդակ հաղորդելու հայ-ֆրանսիական համագործակցությանը:
Նալբանդյանի խոսքովՙ Ֆրանսիան եւ Հայաստանը ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք խարսխված են ավանդական բարեկամության վրա: Դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում, ըստ Նալբանդյանի, փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել, երկու երկրների ամենաբարձր մակարդակի մի քանի տասնյակ փոխայցելություններ են տեղի ունեցել, ներառյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների փոխադարձ պետական այցելությունները:
«Երկու երկրների միջեւ այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձեւավորված են լայն իրավապայմանագրային դաշտ, միջխորհրդարանական, ապակենտրոնացված ինտենսիվ կապեր, ֆրանսիական ընկերությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունում ծավալով երկրորդն ենՙ գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն բանկային, հեռահաղորդակցության, ագրոարդյունաբերության եւ այլ բնագավառներում: Ակտիվ համագործակցություն է ընթանում մշակութային եւ գիտակրթական ոլորտներում», ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Այս ենթատեքստում նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են: Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը, անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը Լորան Ֆաբիուսին հրավիրել է այցելել Հայաստան:
Ա. Հ.