Նախքան Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիհ Ալիեւի հայտարարություններին անդրադառնալը նշենք, որ երկուշաբթի Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում, որտեղ ներկա էր նաեւ ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը: Երեքշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցավ ամերիկա-ադրբեջանական արդեն 13-րդ խորհրդակցությունը անվտանգության հարցերով, որին մասնակցում էին նաեւ ԱՄՆ էներգետիկայի նախարարի օգնականի տեղակալ Վիլյամ Բրայնը, ինչպես նաեւ Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան, էներգետիկ հարցերում մասնագիտացված Ռիչարդ Մորնինգսթարը: Այս համապատկերում էլ հենց հարեւան երկրի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիհ Ալիեւը հայտարարել է. «Ես կարծում եմ, որ Nabucco-West-ը կասպյան գազը Արեւմտյան Եվրոպա արտահանող լավագույն նախագիծն է եւ այլընտրանք է ռուսական նախագծի համար: Սա լավագույն նախագիծն է բոլոր առումներով: Nabucco-West-ը ԵՄ-ի նախագիծն է, որը մշտապես աջակցել է այս նախագծի իրագործմանը»:
Թե ԵՄ-ի նախարարների հետ հանդիպումն, այնուհետեւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ «անվտանգության հարցերով» խորհրդակցությունը որքանո՞վ են անդրադարձել նախարար Ալիեւի հայտարարության վրա, միայն հնարավոր է ենթադրել, սակայն ադրբեջանցի նախարարը, փաստորեն հստակորեն ընդգծում է, որ Բաքուն գազը Եվրոպա արտահանելիս ամենեւին էլ չի պատրաստվում դա կատարել «ռուսական ճանապարհներով»: Ավելին, նախարար Ալիեւը հայտարարել է. «Nabucco-West-ը մեզ հնարավորություն է տալիս գազ արտահանել Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպա: Սա ավելի հուսալի շուկա է ադրբեջանական գազի համար»: Այսինքն այն, ինչ առաջարկում էին ռուսները, անհրաժեշտ հնարավորությունները ադրբեջանական գազի արտահանման գործընթացում Բաքվին չէր տալիս: Տարբերակը, որ Ադրբեջանը կարող է գազ արտահանել ե՛ւ արեւմտյան, ե՛ւ ռուսական գազատարերի միջոցով, իրատեսական չէ, քանի որ Բաքուն այդքան գազ պարզապես չունի:
Ինչ վերաբերում է Nabucco-West նախագծին, ապա նշենք, որ սրա շրջանակներում նախատեսվում է կառուցել 1300 կմ-անոց գազատար, որը կսկսվի թուրք-բուլղարական սահմանից եւ կհասնի մինչեւ Կենտրոնական Եվրոպա: Գազատարը նախատեսված է բացառապես ադրբեջանական գազը արտահանելու համար, դրա հզորությունը կլինի 20 մլրդ խմ: Այս գազատարով ադրբեջանական կողմը գազ պետք է արտահանի իր «Շահ-Դենիզ-2» կայանից: Այս գործընթացը նախատեսվում է սկսել 2017-ից: Ի դեպ, ընդհանուր առմամբ նախատեսվում է 16 մլրդ խմ գազի արտահանում, որից 6 մլրդ խմ-ն Թուրքիայի կարիքների համար կլինի, եւ միայն 10 մլրդ խմ գազ Ադրբեջանը կարտահանի Եվրոպա:
Հ. Ա.