«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2012-07-24 | #134, 2012-07-25 | #135, 2012-07-26


ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՎԱՔԵԼԸ ՄՆՈՒՄ Է ԱՆԼՈՒԾԵԼԻ ՀԱՐՑ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ հիմա գործում է 161 մանկապարտեզ, որտեղ այցելում են մինչեւ 22-23 հազար երեխա, իսկ հերթագրված երեխաների թիվը 7-8 հազար է: Սակայն նախկինում մանկապարտեզների քանակը կրկնակի էր:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթական բաժնի պետի տեղակալ Սիլվա Աչոյանը ասում է` մանկապարտեզների քանակը կրճատվեց հատկապես 90-ականներին, իսկ դրանց շենքերն օտարվեցին: Շատ մանկապարտեզների փակման պատճառներից մեկն այն էր, որ շատ երեխաներ այլեւս չէին հաճախում մանկապարտեզ: Բայց այսօր Սիլվա Աչոյանն ուրախությամբ նշում է` երեխաների թիվն այնքան է ավելացել, որ խմբերում նախատեսվածից էլ շատ երեխաների են ընդգրկում: Մի կողմիցՙ սա ուրախացնող փաստ է, բայց մյուս կողմից` անհանգստանալու տեղիք է տալիս, քանի որ մի դաստիարակը ֆիզիկապես ի վիճակի չէ նախատեսվածից ավելի երեխաների հոգ տանելու:

Սիլվա Աչոյանը չնայած ասում է` նման դեպքերում կես դրույքով մեկ ուրիշ դայակի կամ դաստիարակի եւս ընդունում են աշխատանքի, բայցեւ համաձայնում է, որ կգտնվի մանկապարտեզ, որտեղ կես դրույքը դեռ չի ավելացվել:

Մշակված չափորոշիչի համաձայն` մեկ խմբում պետք է ընդգրկված լինի 25-30 երեխա, բայց այսօր նրանց թիվը երբեմն հասնում է 40-ի: Եվ ի՞նչ է արվում նման դեպքում, եթե աշխատում է միայն մի դաստիարակ, ինչպես նշեցինքՙ ամենուր չէ, որ 2-րդ դաստիարակի կես դրույքն ավելացվել է: «Ստիպված մի դաստիարակը կանգնում է երեխաների մեջտեղում ու դաստիարակից վերածվում անվտանգության աշխատակցի», հարցին իր տեսած օրինակը մեջբերելով պատասխանեց երեկ հրավիրված ասուլիսին ներկա լրագրողներից մեկը:

Սակայն քաղաքապետարանը մանկապարտեզների վերաբերյալ ամենաշատ բողոքները ստանում է ներսում փող հավաքելու վերաբերյալ: Ասենք, հրաժեշտի համերգ է կազմակերպվում, եւ ծնողական խորհուրդը դրա համար սկսում է ծնողներից գումար հավաքել, որն էլ նորություն ասած չենք լինի, թե ինչի վրա է ծախսվում` հանդեսի, զգեստների, դաստիարակների կամ տնօրենների համար նվերներ գնելու եւ այլն: Իսկ գումարը մի ծնողը կարողանում է տալ, մյուսը չի կարողանում, բայց դարձյալ տալիս է, մինչեւ քաղաքապետարան հասնում է լուրը, բայց «սովորույթը» չի փոխվում:

Սիլվա Աչոյանը նշում է, որ մանկապարտեզում ներկա է եղել հանդեսի ու ինքն էլ զարմացել երեխաների զգեստների առատությունից: Բնականաբար, այդ հագուստները չեն գնվում ու կարվում մանկապարտեզի բյուջեով: Սիլվա Աչոյանն ընդգծում է` լինում են դեպքեր, որ հավաքված գումարը նույնիսկ չի էլ ծառայում իր նպատակին: Ընդհանրապես, մանկապարտեզում փող հավաքելը, ըստ նրա, նաեւ պետք է արգելի տնօրենը:

Ինչ վերաբերում է սննդին, որը հատկապես ամառվա շոգին կարող է խնդիրների պատճառ դառնալ, Սիլվա Աչոյանն ասում է` արդեն մի ամիս շոգ եղանակ է, սակայն 161 մանկապարտեզում էլ որեւէ տխուր փաստ չեն արձանագրել:

Բայց սննդային խախտումներ, առհասարակ, լինում են: Սիլվա Աչոյանը պատմում է` վերջերս մի այցելության ժամանակ հայտնաբերել են, որ մանակապարտեզում մաքրելիս են եղել ոչ որակյալ կարտոֆիլ:

Կան սննդամթերքի տեսակներ, որոնք մանկապարտեզ մտցնելն արգելված է: Ըստ սննդի արգելված տեսակների մասին փաստաթղթի` մանկապարտեզում երեխաներին չի կարելի տալ որեւէ տեսակի երշիկ, աղացած մսով ուտեստներ, ձկնեղեն, ջրային կենդանիների միս եւ այլն:

Անդրադառնալով սանիտարական պայմաններին` Սիլվա Աչոյանն ասում է, որ մանկապարտեզներում դրանք ապահովված են:

Ներկայումս Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզի յուրաքանչյուր երեխայի համար իր բյուջեից հատկացնում է 18 հազար դրամ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4