«Օ~, հեռո՛ւ ընկեր իմ, օ~, Վահա՛ն Տերյան...»
Եղիշե Չարենց
Հարյուր տարուց ավել է, որ հայ պոեզիայի հարուստ երկնակամարում լուսաստղի պես շողշողում է ընդամենը 10-15 տարի ստեղծագործած Վահան Տերյան պոետի աստղը եւ դեռ հազարամյակներ պիտի լուսավորի մեր ժողովրդի քնարերգության հավերժական ուղին: Համաշխարհային գրականության այս խոշորագույն դեմքը, մեր սիրելի Տերյանն իր ժողովրդին տալով մի անսպառ հարստություն, փոխարենն ընդամենը մեկ պատգամով է դիմել մեզ` «Բարի՛ հիշեք ինձ ձեր սրտում, մնա՜ք բարով, մնա՜ք բարով»:
Վահան Տերյանի ծննդավայրում` Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, արդեն 46-րդ անգամ, հուլիսի 21-ին տեղի ունեցավ «Տերյանական օր» ավանդական միջոցառումը` Տերյանական դաշտահանդեսը: Տերյանի ծննդավայրը, որտեղ անցել է պոետի մանկությունը, նորից էր շնչում Տերյանով, նորից Տերյանի ոգին թեւածում էր Գանձայում, կարծես լսելի էին պոետի շշուկն ու շրշյունը, եւ շատ-շատերն էին եկել հավաստելու իրենց խորին հարգանքն ու սերը հայ գրականության այդ հիմնասյուներից մեկի, լեգենդ դարձած պոետի նկատմամբ: Հավաքվել էին Մեծ պոետին իրենց հարգանքի տուրքը մատուցելու տերյանապաշտ ու տերյանասեր բազմաթիվ հյուրեր «աշխարհի յոթ ծայրերից»` Հայաստանից ու Վրաստանից, Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր ծայրերից ու մի շարք այլ երկրներից, Երեւանից ու Արցախից, Թբիլիսիից ու Նինոծմինդայից, Ախալքալաքից ու Ախալցիխեից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության պատվիրակությունը` միության նախագահ Լեւոն Անանյանի, Վրաստանի գրողների միության պատվիրակությունը` միության քարտուղար Դավիթ Շեմոքմեդելու գլխավորութամբ, Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Իվանե Ծիկլաուրին, Հայաստանի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Նինոծմինդայի եւ հարեւան վարչական շրջանների ղեկավարները, Վրաստանի նախագահի խորհրդականներ, պետական, գրական ու մշակութային բազմաթիվ գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուրախացնող էր երիտասարդության, պատանիների ու աղջիկների մեծաթիվ մասնակցությունը, ովքեր եկել էին արտահայտելու իրենց սերն ու նվիրումը մեծանուն բանաստեղծին:
Նախքան դաշտահանդեսի սկսվելը, պոետի նախնիների կառուցած եկեղեցում, Տերյանին նվիրված պատարագ մատուցեց Հայ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը : Միջոցառումը բացեց Գանձայի դպրոցի տնօրեն Սարգիս Դուրգարյանը : Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը : Ջերմ ելույթով հանդես եկավ Վրաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Շեմոքմեդելին , ով նաեւ արտասանեց Վահան Տերյանին նվիրված իր բանաստեղծությունները: Անվանի պոետին երախտիքի խոսքեր ասաց «Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը , ներկայացնելով նաեւ կենտրոնի բազմաճյուղ գործունեությունը Վահան Տերյանի գործերի հրատարակման, նրան նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման ուղղությամբ:
«Տերյանական օր» միջոցառման հանդիսավոր մասից հետո դաշտահանդեսը շարունակվեց գեղարվեստական մասով, որը վերածվեց ժողովրդական տոնախմբության: Այն վարեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը : Ելույթ ունեցան «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանից ժամանած «Կարին» ու Արցախից ժամանած «Արցախի բալիկներ» համույթները, Գանձայի մշակույթի տան գեղարվեստական խումբը: Մինչեւ ուշ երեկո Գանձայի, Ջավախքի ու Երեւանից ժամանած ստեղծագործական տարբեր խմբերի, առանձին անհատների, դպրոցականների ուժերով կատարվեցին պարեր, երգեր, բնության գեղեցկության հետ զուգընթաց հնչեցին Տերյանի գեղեցկագույն ու նուրբ, հուզական ու սքանչելի ստեղծագործությունները, նրա խոսքերով գրված երգեր, ներկայացվեցին Տերյանին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ:
Հյուրերի համար հոգեցունց էր այցելությունը Մեծ պոետի տուն-թանգարան. նրանք վայելեցին նաեւ Փարվանա լճի յուրատեսակ գեղեցկությունը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ, «Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ