Ադրբեջանում իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ իրենց կուսակցության թեկնածուն գալիք տարի նախագահական ընտրություններում լինելու է Իլհամ Ալիեւը: Ըստ Ահմեդովի` «նա ադրբեջանցի ժողովրդի թեկնածուն է»: «Ենի Ազարբայջանի» գործադիր քարտուղարը մանրամասնել է, թե «Հաջորդ տարի տեղի կունենա կուսակցության համագումար, որի ընթացքում էլ մենք կառաջադրենք Իլհամ Ալիեւի թեկնածությունը»:
Ընդ որումՙ իշխող կուսակցության այս շտապողականությունը պայմանավորված է մամուլում հրապարակված բազմաթիվ տեղեկություններով, թե ո՞ւմ պետք է վերջապես սատարի «Ենի Ազարբայջանը», ավելի ճիշտ` կդնի՞ արդյոք Իլհամ Ալիեւը երրորդ անգամ անընդմեջ սեփական թեկնածությունը երկրի ամենաբարձր պաշտոնի համար: Ինքը` Ահմեդովն, այս կապակցությամբ ասել է. «Մեր որոշումը վերջնական է: Ցավոք սրտի, որոշ լրատվամիջոցներ այս հարցի առնչությամբ գնում են պրովոկացիաների, սակայն, շեշտում եմ, մեր որոշումը վերջնական է, մեր թեկնածուն Իլհամ Ալիեւն է»:
Շատ լավ, սակայն սա նշանակում է, որ Ալիեւ կրտսերը ոչ միայն հորից իշխանությունը ժառանգեց, այլեւ գնում է արդեն երրորդ ժամկետին, ասել է թե իր հավանական հաջորդին է նախապատրաստումՙ որդի Հեյդարին, որն արդեն չափահասության տարիքում է: Մինչդեռ, եթե մենք ամեն ինչ ճիշտ ենք հիշում ու ամեն բան ճիշտ ենք հասկացել` «արաբական գարուն» կոչվածը հենց այս «թագավորների» դեմ եղավ: Հետեւաբար կարող ենք նկատել, որ կամ «արաբական գարունը» գարուն չէր, կամ Իլհամ Ալիեւը ոչինչ չհասկացավ այդ ամենից, կամ էլ Իլհամ Ալիեւին ասել են, որ «արաբական գարունը» քեզ չի վերաբերում, հարգելիս:
Ի դեպ, խոսակցություններ կային նաեւ ու բավական հիմնավորված, որ Ալիեւը պաշտոնը կարող է զիջել կնոջը` Մեհրիբան խանումին, դրանով նա կպահեր նախագահական աթոռը սեփական ընտանիքում, չէր վաստակի արեւմտյան ինչ-ինչ շրջանակներից «բամբասանքներ» եւ կրկին կնախապատրաստեր կրտսեր Հեյդար Ալիեւին, սակայն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի գործող նախագահը չի վստահում կնոջ ընտանիքին` Փաշաեւներին, որոնք եւ որոնց հարող քաղաքական ուժերը դեռեւս այս ամենի կապակցությամբ իրենց դիրքորոշումը չեն հայտնել:
Հ. ԱՖՅԱՆ