Բանակում սովետական կամ չգիտես «ինչական» ժամանակներից եկած մի սովորություն կա, անգամ` ավանդույթ, երբ դու մի բան թույլ ես տալիսՙ որեւէ զիջում կամ արարք, ուրեմն պետք է պատրաստ լինես, որ մշտապես զիջելու ես: Այլ կերպ ասած` մի անգամ ավլողը անընդատ պետք է ավլի: Ճիշտ է, հայկական բանակում այս ավանդույթը կարծես թե կամաց-կամաց տեղի է տալիս, սակայն մեծ քաղաքականությունում դեռեւս մնում է ամրագրված: Ավելին, խոշոր քաղաքական գործիչները ուշադիր հետեւում են այլ գործիչների պահվածքներին` այս առումով, ու երբ որեւէ հզոր տերության ղեկավարի առջեւ մի «միջին հզորության» գործիչ «ընկրկում է», մեկ այլ հզոր տերության ղեկավարը եւս ձգտում է, որ տվյալ գործիչը իրեն էլ «զիջի»:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն «միջին հզորության» քաղաքական գործիչ է, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ «Թուրքիան չի դարձել մահմեդական աշխարհի առաջնորդը»: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները, բնականաբար, բոլորի համար ընկալելի են որպես հզոր տերությունների ղեկավարներ: Հիշում ենք, որ Օբամա-Էրդողան հանդիպումից հետո, երբ միացան նաեւ երկկողմ ընդլայնված պատվիրակությունները, այդ թվումՙ Թուրքիայի ԱԳ նախարարը, նախագահ Օբաման նրան մատով կանչեց, ինչը թուրքական կողմն ու առավելաբար մամուլը ընկալեցին որպես «վիրավորական ժեստ», իսկ ամերիկյան կողմն «արդարացավ»` ասելով, որ Օբամայի ժեստն, ընդհակառակը, «բարեկամությունն ու անմիջականությունն ապացուցող հանգամանք էր»: Այս իրադարձությունն արագորեն մոռացվեց, սակայն օրերս, երբ թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը` վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, Մոսկվայում էր, նախագահ Պուտինը կրկին հիշեցրեց այս մասին: Մասնավորապես թուրք վարչապետին մոտենալով ու նրա ձեռքը սեղմելուց հետո Պուտինը ձեռքով իր մոտ է կանչում Էրդողանի հետեւում սպասող թուրքական պատվիրակության անդամներին, կոնկրետՙ Դավութօղլուին: Առաջին ժեստից հետո ոչ ոք թուրքերից առաջ չի շարժվում, եւ միայն այն բանից հետո, երբ Պուտինը ժպտալով երկրորդ-երրորդ անգամ է արդեն երկու ձեռքերով կանչում թուրքերին, վերջիններս` կրկին ժպտալով, մոտենում են, առաջինն, իհարկե, Դավութօղլուն:
Իրադարձության տեսատարբերակը ցուցադրել է «ԱՆՍ» հեռուստաընկերությունը, այն կարելի է դիտել նաեւ ադրբեջանական 1news.az կայքում, որն, ի դեպ, չնայած զուգահեռներ անցկացրել է Օբամայի եւ Պուտինի նույնատիպ ժեստերի միջեւ, սակայն, արձանագրել է, որ Պուտինը «հաստատ դա արել է ընկերաբար», այնուամենայնիվ ադրբեջանական կայքը, զետեղելով տարբերակը, ընդգծել է` դատեք ինքներդ: Մենք էլ դատեցինք. նախ, երբ քեզ մի անգամ մատով են կանչում, էլի կկանչեն, երկրորդը` նախագահ Պուտինն, ինչ խոսք, ամենափոքր տարրն անգամ կօգտագործի, որպեսզի ապացուցի, որ ինքն Օբամայից պակաս ազդեցություն չունի, եւ իր երկիրը ԱՄՆ-ից պակաս հզոր չէ: Այս առումով Թուրքիայի ԱԳ նախարարը «հաճելի թիրախ է»... դարձել:
Հ. ԱՖՅԱՆ