Իսկ խաղողի մթերման գինը անցյալ տարվանից ցածր չի լինի
Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կեսին 203 մլրդ 600 մլն դրամի համախառն արտադրանք է թողարկվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին երեկ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը : Ըստ նախարարի, ամենամեծ աճն արձանագրվել է բուսաբուծությունում` 28 տոկոս, անասնապահությունում` 2 տոկոս, իսկ ձկնաբուծությունը աճել է 25 տոկոսով: Սերգո Կարապետյանի կանխատեսմամբ, նկատի ունեալով պետության աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերը, հավանական է, որ տարեվերջին գյուղատնտեսությունն ունենա 8-9 տոկոս աճ:
Գյուղնախարարի տեղեկացմամբ, բարձր են պտղաբուծության զարգացման ձեռքբերումները: Մասնավորապես, անցյալ տարվա այս ժամանակահատվածում մթերվել է 6 հազար տոննաՙ նախորդ տարվա 2 հազար տոննայի դիմաց: Դեղձի եւ խնձորի բերքը նույնպես բարձր է, նույն ակնկալիքները կան խաղողի բերքից: Խաղողի մթերման գինը, Սերգո Կարապետյանի հավաստմամբ, այս տարի անցյալ տարվանից ցածր չի լինի եւ գուցե բարձր լինի:
Մշակաբույսերի եւ հատկապես հացահատիկի առումով, սակայն, խնդիրներ կան: Բերքատվությունը ցածր է եղել, չնայած համախառն բերքն ավելի շատ է ստացվել, քանի որ ավելացել են մշակվող հողատարածությունները: Գյուղնախարարն ասաց, որ մշակվող հողերի տարածքներն ավելացել են 7 տոկոսով եւ այս գործընթացը շարունակվելու է: Ինչ մնում է ցածր բերքին, ապա Սերգո Կարապետյանը դա բացատրեց ցածր խոնավությամբ եւ ուշացած ցանքսով: Այս տարի էլիտար սերմացուն կտրամադրվի ավելի վաղ, որ նման բան չկրկնվի:
Գյուղատնտեսական շուկայի գործունեության մասին խոսելով գյուղնախարարն ասաց, որ այն շահավետ է ե՛ւ գյուղացիներին, ե՛ւ քաղաքացիներին: Նրա տեղեկացմամբ, հունիսի 30-ից գործող այս շուկային օգոստոսի 1-ին կավելանա եւս մեկը` «Այրարատ» կինոթատրոնի մոտ, որն ավելի մեծ տարածք ունի:
Պետական աջակցության ծրագրերը գյուղատնտեսությանը շարունակական կլինեն: Դա վերաբերում է պարարտանյութերի, դիզվառելիքի սուբսիդավորմանը: Սերգո Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ գյուղտեխնիկայի ձեռքբերման եւ գյուղացիներին լիզինգային պայմաններով տրամադրելու համար բանակցություններ են ընթանում Բելառուսի եւ Ռուսաստանի համապատասխան ձեռնարկությունների հետ: Ըստ նախարարիՙ կստեղծվի «Ռոսագրոլիզինգ» ընկերության մասնաճյուղը Հայաստանում, որը կզբաղվի գյուղտեխնիկայի ներմուծմամբ եւ վաճառքով:
Որպես գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիր, գյուղատնտեսության նախարարը մատնանշեց փոքր գյուղացիական տնտեսությունները` փոքր հողակտորներով, ինչը դա թույլ չի տալիս արդյունավետ տնտեսություն մշակել: Ելքը գյուղատնտեսական կոոպերատիվներում միավորվելն է: Ներկայումս կան 35 այդպիսի կոոպերատիվներ, մինչեւ տարեվերջ կստեղծվեն եւս 20-ը: Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ դրանց մեջ միավորվելը կամավոր է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ