Ամռան շոգ եղանակը տրամադրում է փոխել սննդատեսակներն ու սննդի ռեժիմը:
ԱՆ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն ասում է` ամռանը կերակրացանկում անհրաժեշտ է ավելացնել մրգերն ու բանջարեղենը, քչացնել յուղային ու ձվային սննդատեսակները: Միրգն ու բանջարեղենն ավելացնելը, սակայն չի նշանակում, որ ամռանը չի կարելի ուտել մսեղեն ու ձկնեղեն, պարզապես պետք է դրանց չափաբաժինը սահմանափակել:
Բժշկուհին խորհուրդ է տալիս նաեւ շատ հեղուկ խմել. առողջ մարդկանց խորհուրդ է տրվում օրական խմել առնվազն 2,5 լիտր հեղուկ, իսկ արյան բարձր ճնշում ունեցողներին` օրական 1,5 լիտր: Հեղուկի հարցում հիպերտոնիա ունեցողները պետք է զգույշ լինեն ու չգերազանցեն 1,5 լիտրը:
«Սակայն գազավորված գունավոր ըմպելիքները չենք ընդունում որպես հեղուկ, դրանք պարունակում են կոնսերվանտներ, արհեստական նյութեր ու շաքար», նշում է մասնագետը:
Գազավորված գունավոր ըմպելիքները չեն հագեցնում, խմելուց հետո կարճ ժամանակվա մեջ մարդը նորից է ուզում խմել: Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս ընդհանրապես չօգտվել այդ ըմպելիքներից` անկախ տարվա սեզոնից:
Իսկ ջուր խմելու համար կարիք չկա սպասելու մինչեւ կառաջանա ծարավի զգացողություն ու օրգանիզմը կջրազրկվի, ջուր պետք է խմել մինչ ծարավ զգալը: Քանի որ Երեւանը չոր քաղաք է, ապա տնից դուրս գալիս լավ կլինի, որ մարդիկ իրենց հետ վերցնեն ջրով լցված շշեր: Վ. Պետրոսյանը նաեւ զգուշացնում է` հեղուկը խմել ուտելուց կես ժամ առաջ կամ մի ժամ հետո, բայց ոչ ուտելու ընթացքում:
Ամռանը պաղպաղակ ուտելուց էլ չպետք է մոռանալ, որ պաղպաղակը պարունակում է թաքնված կալորիաներ, եթե չենք ուզում մեզ անհրաժեշտ կալորիաներից ավելին ստանալ, ուրեմն զովանալու համար պաղպաղակի փոխարեն պետք է այլ բան ընտրենք:
Ճարպակալումը` որպես ռիսկային հիվանդություն
Հայաստանում բնակչության կեսից ավելին արդեն ունի ճարպակալում: Վարդանուշ Պետրոսյանը նշում է` նաեւ անհանգստացնող է, որ ավելանում է ճարպակալում ունեցող երեխաների թիվը:
Ճարպակալումը համարվում է հիվանդություն, որը չի բուժվում ինքնաբուժումով ու քաղցած մնալով: Եվ քաշը նվազեցնելու արագ մեթոդներն արդյունավետ չեն, որովհետեւ քաշը կորցնելուց հետո կարճ ժամանակում մարդու քաշը նորից ավելանում է:
Ավելորդ քաշն ու ճարպակալումը ռիսկային են արյան բարձր ճնշման, շաքարային դիաբետի ու մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Հաճախ հարկ է լինում նվազեցնել քաշը, որպեսզի իջնի արյան ճնշումը: Այսինքն` յուրաքանչյուր մարդու բուժումը ճարպակալումից պետք է լինի կախված նրա անհատականությունից, առողջական վիճակից կենսակերպից ու տարաբնույթ գործոններից: Ամեն դեպքում` բուժման առաջին կետերը, ըստ բժիշկ-սննդաբանի, ապրելակերպի փոփոխությունը, ֆիզիկական ակտիվության ավելացումն ու վնասակար սովորություններից հրաժարվելն են:
Ի. Պ.