«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2012-07-26 | #136, 2012-07-27 | #137, 2012-07-28


ԼԻԱՐԺԵՔ ՀԱՆԳԻՍՏ ԾԱՂԿԱՁՈՐԻ «ԿԵՉԻՈՒՄ»

Ամռան տապը մեղմելու լավագույն առիթ

Ամառային արձակուրդների ամենաեռուն շրջանն է հիմա, շոգն ու տապը խեղդում են բոլորին, եւ բնականաբար Հայաստանի հանգստյան տներն ու առողջարաններն իրենց ծառայություններն են առաջարկում հանգստացողներին: Մեր երկրի առողջարանային ամենագեղատեսիլ քաղաքներից Ծաղկաձորի հանգստյան տները նույնպես այս օրերին լի են այցելուներով: Նրանցից ամենագողտրիկի` «Կեչի» հանգստյան տան տնօրեն Սուրեն Մարտիրոսյանի հետ զրուցեցինք իրենց գործունեության, առաջարկած ծառայությունների, հայաստանյան զբոսաշրջության եւ հատկապես «Կեչի» հանգստյան տան առանձնահատկությունների մասին:

- Ե՞րբ է ստեղծվել «Կեչի» հանգստյան տունը եւ ի՞նչ է առաջարկում հանգստացողներին տարվա տարբեր սեզոններին, հատկապես ներկա սեզոնին:

- «Կեչին» գործում է դեռ խորհրդային տարիներից, սակայն երկու անգամ հիմնանորոգվել է եւ դարձել ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան հանգստյան տունՙ իր բոլոր հարմարություններով: 2005-ի նորոգումից հետո Ծաղկաձորի կենտրոնում գտնվող մեր հանգստյան տունն առաջարկում է երկուսենյականոց 48 համարներ, նախկին մեկսենյականոցների փոխարեն, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք հանգիստ վայելել, պատշաճ ընդունել իրենց հյուրերին:

- Իսկ սնո՞ւնդը...

- Մեզ մոտ հանգստացողները կարող են ընտրություն կատարել` նախընտրում են երեք անգամ առողջ սնունդը ներառող հանգի՞ստը, թե՞ առանց սննդի, անշուշտՙ գների տարբերությամբ:

- Ժամանցի ինչպիսի՞ հնարավորություններ կարող եք առաջարկել:

- Ազատ ժամանակն անցկացնելու համար մենք մեր հյուրերին առաջարկում ենք սեղանի թենիս, տուրարշավներ դեպի Բջնի, Սեւան, Հանքավան, անվճար ինտերնետ wi-fi տարածքում գտնվում է մանկական խաղահրապարակը, ինչպես նաեւ մերսում` առանձին վճարով: Ձմռանը, որը Ծաղկաձորում միշտ լինում է փափուկ ու ձյունառատ, տրամադրում ենք ամենագնացներ, դահուկներ եւ այլն:

- Տարածված կարծիք կա, որ Հայաստանի հանգստյան տներում եւ հյուրանոցներում գներն ավելի բարձր են, քան հարեւան երկրներում: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին եւ Ձեր առաջարկած ծառայությունները թա՞նկ արժեն:

- Նման կարծիք ձեւավորվել է այն պատճառով, որ Ծաղկաձորում կան բարձրակարգ եւ, հետեւաբար, թանկարժեք հինգաստղանի հյուրանոցներ եւ հանգստյան տներ, որտեղ գները որոշակիորեն բարձր պետք է լինեն: Սակայն կան նաեւ միջին գներով եւ ավելի ցածր գներով հանգստյան տներ: Եթե համեմատենք գին-որակ հարաբերությունները, ապա կոնկրետ մեր հանգստյան տան գները նմանատիպ են, օրինակ` Վրաստանում առաջարկող համանման ծառայությունների գին-որակ հարաբերակցության համեմատ: Եթե հաշվի առնենք նաեւ Վրաստան գնալու ճանապարհածախսը, ապա մեր գները շատ ավելի ձեռնտու են:

- Տարիքային տարբերություններ կա՞ն ձեր գնացուցակում:

- Անշուշտ, մինչեւ 3 տարեկան երեխաների հանգիստն անվճար է, իսկ 3-10 տարեկաններն օգտվում են 50 տոկոս զեղչից:

- Նոր ասացիք, որ հանգստացողների թիվը ձեզ մոտ տարեցտարի ավելանում է: Ի՞նչն է նպաստում դրան:

- Ես ասացի արդեն, որ երկու անգամ հանգստյան տունը նորոգվել է: Երկրորդ հիմնանորոգումը կատարել ենք 2010-ին: Այցելուն բնականաբար նախընտրում է մաքուր, կոկիկ, հարմարավետ ու լուսավոր միջավայրը, համարյա իր տան մթնոլորտը: Այդ մթնոլորտը ստեղծելու համար մենք նյութական միջոցներ չենք խնայել:

- Բայց նման միջոցներ գտնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպե՞ս հայթայթեցիք անհրաժեշտ գումարները, եթե գաղտնիք չէ:

- Դիմեցինք «Ամերիաբանկին»: Կցանկանայի նշել, որ գոհ ենք նրանց առաջարկած վարկավորման պայմաններից եւ ընդհանրապես բանկի այլ ծառայություններից, որոնցից օգտվում էինք մինչ այդ էլ: Կարող եմ հաստատապես ասել, որ գործ ունենք պրոֆեսիոնալների հետ, եւ համագործակցությունը «Ամերիաբանկի» հետ շարունակական է լինելու:

Բացի վերոնշյալից, դեռեւս 2005-ից մենք համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որոնք մեծ վստահությամբ իրենց դիմող մարդկանց ուղղորդում են դեպի մեր հանգստյան տուն: Խոստովանեմ նաեւ, որ այս տարի այցելուների ավելացմանը նպաստեց նաեւ պետական ծառայողների համար կառավարության ընդունած սոցիալական փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետության հատկացրած միջոցներով պետական ծառայողներին իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Մեր կողմից առաջարկվող ծառայությունների բարձր որակի եւ ուսումնասիրված գների, մեր գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ հնարավորություն ենք ընձեռում մեզ մոտ հանգստացնողների համար ապահովել լավագույն հանգիստը տարվա տարբեր սեզոններին:

Մանրամասներին ծանոթանալու համար դիմելՙ www.kechi.am, Հեռ.ՙ 055 110 999


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4