«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2012-07-26 | #136, 2012-07-27 | #137, 2012-07-28


ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ԴԱՐՁԵԼ Է ԶՎԱՐՃԱՆՔԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՎԱՅՐ

Կենդանաբանական այգի գնալը շատերիս ընտանիքներում, եթե հիշում եք, խորհրդային տարիներին վերածվել էր սովորույթի: Ամեն տարի` մայիսի 2-ին տոնական տրամադրությամբ ուղեւորվում էինք Կենդանաբանական այգի` դեռ մի օր առաջ անհամբեր սպասելով, թե այս անգամ ինչ անակնկալ ենք տեսնելու այնտեղ: Եվ որեւէ կենդանու մոտիկից տեսնելն արդեն իսկ անակնկալ էր երեխաների համար:

Ինչքան էլ փոխված լինեն ժամանակները, երեխաները հիմա էլ հրճվում ու զարմանում են, երբ տեսնում են վանդակների միջից իրենց հանգիստ նայող կենդանիներին, ինչպիսիք մինչ այդ տեսել էին միայն ֆիլմերում ու մուլտֆիլմերում:

Թարմացնելով մանկական հիշողություններս` մտաբերում եմ` նաեւ թույլ չէին տալիս կերակրել կենդանիներին, դրա համար այգում շրջում էին ոստիկանները, որոնք տվյալ դեպքում ոչ թե մարդկանց, այլ կենդանիներին էին պաշտպանում:

Այգի գնում էինք կենդանիներ տեսնելու ու նրանց մասին իմանալու համար, իսկ մյուս զվարճությունների, օրինակ` կարուսել նստելու, խաղալու կամ սրճարանում պաղպաղակ ուտելու համար ուրիշ վայրեր կային, ի դեպ, ուրիշ այդ վայրերից շատ սիրված էր նաեւ «Հաղթանակ» զբոսայգին:

Բայց ինչպես հանրային մյուս վայրերը, Երեւանի Կենդանաբանական այգին էլ ենթարկվեց փոփոխության, հիմա՞ է ավելի լավ, թե՞ նախկինում, դժվար է ասել, համենայն դեպս նախկինում վատ չէր, հիմա... Այսօր Կենդանաբանական այգին առաջարկում է համալիր ժամանց, այսինքնՙ կարուսելներ, սրճարան, կենդանիներին կերակրելու հնարավորություն, կինոդիտում, մանկական իրերով լի խանութ եւ այլն: Եվ այս համալիրի մեջ կենդանիներն արդեն չես հասկանում թե հետաքրքրության ո՞ր պլան են մղվում:

Կենդանաբանական այգու հենց մուտքի մոտից, ավելի ստույգ` դրամարկղի մոտից, սկսվում են ծնողների դժգոհությունները, թե երեխաների մուտքն ինչո՞ւ է վճարովի:

Մուտքն ազատ է միայն մինչեւ 3 տարեկանների համար, մինչեւ 16 տարեկանների համար մուտքի տոմսն արժե 300 դրամ, 16 տարեկանից մեծերի համար` 500 դրամ:

Սակայն ծնողների ծախսերը չեն ավարտվում միայն մուտքի տոմսեր գնելով: Չմերժելով երեխայի ցանկությունն ու չզրկելով նրան կենդանիներին կերակրելու ուրախությունից` ծնողը գնում է նաեւ կենդանիներին կերակրելու համար նախատեսված հատուկ կերը, որը վաճառում են թղթե տոպրակներով` ե՛ւ մուտքի մոտ, ե՛ւ այգու ներսում: Ընդամենը 200 գրամ կերի դիմաց ծնողը վճարում է 400 դրամ: Կենդանիներին 2-3 անգամ տալուց հետո տոպրակի պարունակությունը սպառվում է: Սակայն ուրախանում է երեխան, նրա ուրախությամբ ուրախանում է ծնողը ու այս դեպքում գումարը չի խնայում:

Այգու մուտքից մի քանի քայլ ներս գցելուց հետո ծնողները կանգնում են նոր ծախսի առաջ: Կարուսելները: Մինչ կենդանիներին հասնելը երեխայի ուշադրությունը գրավում են կարուսելները, դրանց առջեւ հավաքված երեխաների խմբերն ու արդեն կարուսելի պտույտները վայելող փոքրիկները: Ի՞նչ արած, ծնողը վճարում է կարուսելի մի տեղի դիմաց 300 դրամ ու սպասում, մինչ կավարտվի կարուսելի պտույտն ու կբարձրանան կենդանիների մոտ:

Այգում ծնողերից մի քանիսի հետ զրուցեցի, Թեհմինան եկել էր 2 երեխաների հետ, սկզբում գնացել էին տեսնելու կենդանիներին, սակայն խոստացել էր, որ հետ գնալուց անպայման կարուսել կնստեն: Չնայած երեխաներին չէր մերժել, բայց նշեց, որ կարուսելների համար Կենդանաբանական այգին հարմար տեղ չէ, կարուսելի համար կան զվարճանքի մանկական կենտրոններ, զբոսայգիներ եւ այլն: Իսկ սիմվոլիկ կերակուրը, ըստ Թեհմինայի, լավ կլինի, որ տան անվճար, ի վերջո վաճառվող տոպրակների պարունակությունը չնչին է:

Տիկին Ռուզանը, որն էլ եկել էր թոռնիկների հետ, համակարծիք է. «Եթե կենդանաբանական այգի է, ուրեմն պետք է գանք կենդանիներ տեսնելու, ոչ թե կարուսել նստելու»:

Լավ փոփոխություններ այգում նույնպես կատարվել են, Թեհմինան ասում է, որ անցյալ տարի տհաճ հոտն ավելի շատ էր, իսկ հիմա վանդակներն ավելի մաքուր են:

Վերջին տարիների համեմատությամբ` հիմա այգու տարածքն էլ մաքուր է դարձել, տեղադրվել են ավելի շատ աղբամաններ` պոլիէթիլենի, թղթի, սննդի մնացորդների ու պլաստիկ շշերի համար առանձին-առանձին: Նաեւ դրվել են նոր տնկիներ` պատված պաշտպանող փայտերով, տեղադրվել են պլաստիկ շշերից ու պոլիէթիլենի տոպրակներից պատրաստված ցուցադրական նմուշներ, որոնցից ամեն մեկը մի կենդանու է պատկերում: Իսկ դրանց կողքին դրված վահանակների վրա գրված է, թե դրսում թափթփած պոլիէթիլենը որքան մեծ վնաս կարող է հասցնել շրջակա միջավայրին, մարդկությանն ու կենդանական աշխարհին:

Այս ամենն ունի դաստիարակչական նշանակություն, բայց լավ կլիներ` այգու մյուս հարցերն էլ լուծված լինեին դաստիարակչական նույնպիսի ոճով: Օրինակ` որոշ կենդանատեսակներ չունեն բնութագրեր, շատերինն էլ այնքան կարճ են, որ դրանցով կենդանիների ու թռչունների միայն անունները կհիշես:

Վաճառվող կերն էլ մի կողմից լավ է, որ գոնե ապահով է կենդանիների համար, հիշում եմՙ շուրջ 5 տարի առաջ կերակրելու վերահսկողությունն էլ չկար, մի քանի անգամ տեսել եմ, թե այցելուներն ինչպես են կենդանիներին անգամ ծխախոտ տալիս: Սակայն մյուս կողմից` մի փոքր տոպրակի դիմաց 400 դրամ վճարելը... Ու օրական քանի՞ հոգի է գալիս Կենդանաբանական այգի ու քանի՞ տոպրակ է վաճառվում: Կարծում եմՙ դժվար չէ հասկանալը, որ սիմվոլիկ սնունդը դարձել է բավականին եկամտաբեր: Ու ոչ միայն սնունդը, այլեւ սրճարանը, խանութը, կարուսելները, որոնք չգիտես ինչո՞ւ հայտնվել են հանրային տարածքում: Սակայն մեզ չհաջողվեց իմանալՙ ո՞ւմ են պատկանում ժամանցի ու առեւտրի այդ կետերը, քանի որ այգու տնօրենը` Ռուբեն Խաչատրյանը, նույնիսկ մեզ հետ հեռախոսով չխոսեց, նրա հետ մեր շփումը եղավ միայն քարտուղարուհու միջոցով: Տնօրենն աշխատում է «շատ խիտ» գրաֆիկով ու մեզ հետ հանդիպել չկարողացավ: Մի քանի փուլով, որոնք շուրջ 10 օր տեւեցին, լավագույն պատասխանը, որ ստացանք քարտուղարուհուց, այն էր, որ 3 օրվա ընթացքում մեր հարցերին կփորձեն բանավոր պատասխանել միայն հեռախոսով: «Դուք աշխատում եք Ձեր գրաֆիկով, մենք էլ` մեր», եզրափակեց քարտուղարուհին: Իհարկե, վերջինս մեղավոր չէ. անում է այն, ինչ ասում է իր ղեկավարը, որը չհասկացանք, թե ե՞րբ հասցրեց այսչափ բյուրոկրատ դառնալ: Ի զարմանս ինձ` Ռուբեն Խաչատրյանին ասես չէր էլ հետաքրքրում, թե ինչ ենք գրելու իր տնօրինությանը հանձնված կառույցի մասին, նրան ոչ էլ հետաքրքրում էին իր այցելուների դժգոհությունը կամ գոհունակությունը, որոնք ուզում էինք փոխանցել:

Իսկ մոտավոր հաշվարկներով` յուրաքանչյուր երեխայի համար ծնողն ամեն այցելությանը ծախսում է նվազագույնը 5000 դրամ:

Ինչեւիցե, Կենդանաբանական այգին, որը հիմնադրվել է 1940-ականներին, ունի 204 տեսակի 2749 կենդանի (ըստ այգու ինտերնետային էջի): 2749 թվում է մեծ թիվ, սակայն ներսում տեսնելու շատ բան չկա, ցուցադրության համար կենդանատեսակները շատ չեն, որոշներն էլ պահվում են փոքր ու մութ վանդակներում, այն դեպքում, երբ այգում չգիտես ինչ տրամաբանությամբ բացվել են բացօթյա կինոդիտման վայր, խանութ եւ այլն: Իսկ տնօրենը համառորեն խուսափեց հարցազրույցից ու սույն խնդիրների շուրջը խոսելուց:

Անկախ բոլոր այս թերություններից, ու հավանականությունից, ծնողները, պապիկներն ու տատիկները մտածում են ինչպես նախկինում. երեխաները պետք է տեսնեն կենդանիներին, քանի որ Կենդանաբանական այգին մի վայր է, որը նաեւ դաստիարակում է:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4