«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2012-07-26 | #136, 2012-07-27 | #137, 2012-07-28


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ «ԱՍՏՂԱԲՈՒՅԼԸ» ՀԱՄԱԼՐՄԱՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Երեկ Լոնդոնում տրվեց 30-րդ օլիմպիադայի մեկնարկը

Երեկ կեսգիշերին Լոնդոնի օլիմպիական մարզադաշտում հանդիսավորությամբ վառվեց օլիմպիական կրակըՙ ազդարարելով 30-րդ ամառային օլիմպիադայի մեկնարկը: 2 շաբաթ շարունակ համաշխարհային սպորտի այդ խոշորագույն ստուգատեսը կլինի մոլորակի մարզասերների ուշադրության կենտրոնում: Այդ ընթացքում աշխարհի 204 երկրներից Լոնդոն ժամանած մարզիկները կվիճարկեն մեդալների 304 հավաքածու: Առաջին անգամ օլիմպիադաների պատմության մեջ օլիմպիական ծրագրում ընդգրկված է կանանց բռնցքամարտը: Լոնդոնի օլիմպիադայի առաջին չեմպիոնը հայտնի կդառնա այսօր, երբ Երեւանի ժամանակով ժամը 13-ին կտրվի տղամարդկանց խճուղային հեծանվավազքի մեկնարկը:

Ժամանակակից օլիմպիադաների պատմության մեջ Լոնդոնն առաջին քաղաքն է, որը 3-րդ անգամ է հյուրընկալում ամառային օլիմպիական խաղերի մասնակիցներին: Նախկինում Անգլիայի մայրաքաղաքում օլիմպիադաներ էին անցկացվել 1908-ին եւ 1948-ին:

Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 25 մարզիկներ, որոնք հանդես կգան 10 մարզաձեւում: Արդեն այսօր նրանցից 4-ը դուրս կգան օլիմպիական մրցասպարեզ: Մրցավեճի կբռնվեն ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը (10 մետր, օդամղիչ ատրճանակ) եւ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը:

Հուլիսի 29-ին պայքարի մեջ կներգրավվեն ձյուդոյիստ Արմեն Նազարյանն ու լողորդուհի Անահիտ Բարսեղյանը, որը կմասնակցի 100 մետր թիկնալողի մրցումներին: Մեր մյուս լողորդըՙ Միքայել Քոլոյանը մեկնարկի դուրս կգա հուլիսի 31-ին: Նա կմասնակցի 100 մետր ազատ լողաոճի մրցումներին: Այդ օրը կկայանան նաեւ մինչեւ 69 կգ ծանրորդների մրցումները: Մեր ծանրորդներից առաջինը մրցասպարեզ դուրս կգա Առաքել Միրզոյանը: Օգոստոսի 1-ին հայ մարզասերները հնարավորություն կունենան հետեւելու Մելինե Դալուզյանի (69 կգ) եւ Տիգրան Մարտիրոսյանի (77 կգ) ելույթներին: Օգոստոսի 3-ին էլ մրցահարթակ դուրս կգա մեր մյուս ծանրորդ Արա Խաչատրյանը (85 կգ): Այդ օրը մեկնարկի դուրս կգան նաեւ հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանն ու Արսեն Սարգսյանը:

Օգոստոսի 4-ին օլիմպիական խաղերում իր նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդինՙ Նորայրը, որը կմասնակցի մինչեւ 94 կգ ծանրորդների մրցավեճին: Հաջորդ օրը Նորայր Բախտամյանը կփորձի մեդալ նվաճել ատրճանակով 50 մետր մրցատարածությունում: Պայքարի մեջ կներգրավվեն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) եւ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը (գերծանր քաշ):

Օգոստոսի 6-ին մրցագորգ դուրս կգա Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը: Հաջորդ օրը մրցավեճի կբռնվեն ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանն (66 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Օգոստոսի 8-ին Մելիք Ջանոյանը կմասնակցի նիզականետման մրցումներին, իսկ հաջորդ օրը նույն մրցումներում հանդես կգա Քրիստինե Հարությունյանը: Օգոստոսի 10-ին ասպարեզ դուրս կգան թհեքվոնդոյիստ Արման Երեմյանն (80 կգ) ու ըմբիշ Միհրան Ջաբուրյանը (55 կգ): Հաջորդ օրը պայքարի մեջ կմտնի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմոհամեդովը (84 կգ): Մրցումների վերջին օրըՙ օգոստոսի 12-ին մրցասպարեզ դուրս կգա 66 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը:

Ժամանակակից օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկները մասնակցում են 1952-ից: Հայաստանցի առաջին օլիմպիական չեմպիոնը մեր փառապանծ մարմնամարզիկ Հրանտ Շահինյանն է, որը 1952-ին Հելսինկիի ամառային 15-րդ օլիմպիադայում ոսկե մեդալի արժանացավ: Չորս տարի անց Մելբուռնում Շահինյանի մարզական սխրանքը կրկնեց մյուս հռչակավոր մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, որը 1960-ին Հռոմում իր 2-րդ ոսկե մեդալը նվաճեց: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է նաեւ հնգամարտիկ Իգոր Նովիկովը (1956, 1964-ին): Հետագայում օլիմպիական խաղերի չեմպիոններ դարձան բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը (1956-ին), սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը (1972-ին), ծանրորդ Յուրի Վարդանյանը (1980-ին), մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը (1980-ին), ծանրորդ Օգսեն Միրզոյանը (1988-ին), ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանը (1988-ին), ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը (1992-ին), հրաձիգ Հրաչյա Պետիկյանը (1992-ին), ըմբիշներ Մնացական Իսկանդարյանը (1992-ին) եւ Արմեն Նազարյանը (1996-ին): Վերջինս անկախ Հայաստանի առաջին եւ առայժմ միակ օլիմպիական չեմպիոնն է: 1996-ի Ատլանտայի օլիմպիական խաղերից հետո հայաստանցի մարզիկներին առայժմ չի հաջողվել ոսկե մեդալ նվաճել օլիմպիադաներում: Արդեն 16 տարի օլիմպիական հայաստանցի չեմպիոնների թիվն անփոփոխ էՙ 13: Ժամանակն է, որ օլիմպիական չեմպիոնների պատվավոր ընտանիքը նոր համալրում ստանա: Հուսանք, որ Լոնդոնում դա մեր մարզիկներին կհաջողվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4