«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մասին հայաստանյան քաղաքացիական կյանքով քիչ թե շատ հետաքրքրվողները, թվում է, գիտեն, սակայն, ուշագրավ է, որ նույնիսկ հայաստանյան քաղաքացիական կյանքով շատ հետաքրքրվողները չգիտեն, ծանոթ չեն, թե ովքե՞ր են մտնում այս «երիտասարդական նախաձեռնության» մեջ, նրանց անունները, կրթությունը (եթե ունեն), գործունեության նպատակը, ֆինանսավորման աղբյուրները:
Սակայն այս ամենը չի խանգարում «Չենք լռելու»-ին` չլռել: Այս անգամ «աղաղակելու» առիթը «երիտասարդական նախաձեռնությանը» տվել է Մայր աթոռը, որը, ըստ «Չենք լռելու»-ի` «ստիպում է իր արտերկրի թեմերին զբաղվել լրտեսությամբ, սեփական հոտի անդամների մատնությամբ եւ որսով»:
Խնդիրը, եթե կա իհարկե, հետեւյալն է: Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նամակ է հղել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ կառավարության անունից Վեհափառ հայրապետին դիմում է կատարվել` աջակցելու միգրացիայի պետական կարգավորման քաղաքականությանը: ՀՀ կառավարության ակնկալությունն է Մայր աթոռի արտերկրյա թեմերի օժանդակությամբ ստանալ համապատասխան տեղեկատվություն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձանց վերաբերյալ, որոնց արտերկրում ծնված երեխաները համապատասխան փաստաթղթեր չունեն, ովքեր խնդիրներ ունեն փաստաթղթերի հետ զինակոչային տարիքի պատճառով, ովքեր ունեն ժամկետանց կամ նույնիսկ ԽՍՀՄ նմուշի անձնագրեր, ովքեր արտասահման են մեկնել ծնողների հետ` ունենալով միայն ծննդյան վկայականներ»: Այնուհետեւ Մայր աթոռի դիվանապետը տեղեկացնում է տեր Նորվանին, որ ընդառաջելով ՀՀ կառավարության դիմումին` Նորին սրբությունը հանձնարարություն է ուղարկում տեր Նորվանի տիրախնամ թեմ` «վերը նշված դասակարգումներին ենթակա ՀՀ քաղաքացիների առկայությունը եւ համապատասխան տեղագրով ներկայացնել նրանց տվյալները...»:
Այս նամակը «էլեկտրոնային տարբերակով» չգիտես ումի՞ց ու ինչո՞ւ հայտնվել է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի ձեռքը, որից վերցրել է «Չենք լռելու» խմբակը: Նրանք, հավանաբար բոլորով, հավաքվել են, կարդացել, վերլուծել եւ եզրակացրել` «Մայր աթոռը ստիպում է իր արտերկրի թեմերին զբաղվել լրտեսությամբ, որսալ եւ մատնել սեփական հոտի անդամներին»:
Նախ, ի՞նչ է նշանակում լրտեսություն: Սա նշանակում է որեւէ պետության, կամ քաղաքական, հասարակական խմբի ներսում այլ պետության (պետությունների), քաղաքական, հասարակական խմբի (խմբերի) շահերին ծառայող գործողության իրագործում: Հետեւաբար, համաձայն «Չենք լռելու»-ի տրամաբանության, որ Մայր աթոռի վերոհիշյալ թեմը զբաղվել է ազգությամբ հայերի տվյալների հավաքագրմամբ ու դրանք ՀՀ կառավարությանը փոխանցմամբ, ուրեմն իրականացրել է լրտեսական գործողություն: Հարց է առաջանում` հօգուտ ո՞ւմ կամ ի վնաս ո՞ւմ. չէ՞ որ լրտեսությունը ենթադրում է հենց մի կողմի շահ, մյուս կողմի կրած վնասի տեսքով: «Չենք լռելու»-ին թերեւս հարկ է տալ նաեւ «մատնել» եւ «որսալ» եզրույթների սահմանումները: Մասնավորապես մատնում են սեփական քաղաքացուն, համախոհին` թշնամուն, իսկ ո՞վ է այս պարագայում թշնամին, ՀՀ կառավարությո՞ւնը: Ինչ վերաբերում է «որսալ» եզրույթին, ապա այս առումով նկատենք, որ ազգությամբ հայերի, սակայն որեւէ փաստաթուղթ չունեցողների տվյալների հավաքագրումն ու համակարգումը եւ կամ այս գործին նպաստելը կարող է կոչվել «որս», սակայն սա միայն այն պարագայում, երբ հայրենի պետությունը քեզ համար ընկալելի է որպես «որսորդ», որի հետ շփումից դու պետք է խուսափես:
Մինչդեռ գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում, այդ թվումՙ Ֆրանսիայում եւ Արեւմտյան Եվրոպայում, վերոհիշյալ նամակում հայտնած դասակարգումներին համապատասխան բազմաթիվ մարդիկ կան, որոնք ունեն լուրջ խնդիրներ հենց իրենց բնակության երկրներում, քանի որ փաստաթղթեր չունեն: Մի՞թե նման մարդկանց հայտնաբերումը «մատնում է», մի՞թե նրանց տվյալների հավաքագրումը, այդպիսով սեփական հոտի մի շատ կարեւոր խնդրի լուծմանը նպաստելը «լրտեսություն է», չէ՞ որ մատնում են սեփականին` թշնամուն, եւ լրտեսում են հօգուտ թշնամու, իսկ ՀՀ կառավարությունն, անշուշտ, Մայր աթոռի եւ թեկուզ որեւէ փաստաթուղթ չունեցող հայ մարդու թշնամին չէ, չի կարող լինել: Իսկ «Չենք լռելու»-ն կարող է երբեմն լռել, հենց իր իսկ օգտին, քանի որ հաճախ լռելն առավել ազդեցիկ է լինում ուզածդ «աղաղակումից», մանավանդ երբ այն անհիմն է:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ