«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2012-07-28 | #138, 2012-08-15 | #139, 2012-08-16


ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ` ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

65 տարի առաջ` օգոստոսի 15-ին Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուն Դելիում բարձրացրեց անկախ Հնդկաստանի ազգային դրոշը: Դրանից հետո` ամեն տարի օգոստոսի 15-ին ազգային դրոշի բարձրացման գեղեցիկ ավանդույթով հնդիկ ժողովուրդը նշում է իր անկախության օրը: Երեկ հենց այդ օրն էր: Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը հավաքվել էին ինչպես հնդկական համայնքի ներկայացուցիչները, դեսպանատան աշխատակիցները, այնպես էլ ներկայացուցիչներ Հայաստանից: Հավաքված հայերից ամեն մեկն իր հերթին ինչ-որ առումով կապված է հնդկական իրականությանը, որն իր տարաբնույթ կողմերով եւ միայն իրեն բնորոշ ժողովրդավարությամբ գրավում է անգամ նրանց, որոնք երբեւէ չեն եղել Հնդկաստանում:

Թեեւ անկախության տոնը նշվում է 66-րդ անգամ, սակայն հաշվարկվում է, որ այս տարի Հնդկաստանի անկախության 65-րդ տարեդարձն է: Անկախության օրը Հնդկաստանում նշում են բոլոր քաղաքացիները` անկախ ազգային ու դավանական պատկանելությունից: Ու ոչ միայն քաղաքացիները, այլեւ այնտեղ գտնվող օտարերկրացիները եւս հետաքրքրությամբ են մասնակցում անկախության օրվան կամ մյուս տոներին նվիրված արարողություններին, որոնց կազմակերպումն ու մոտեցումն ուղղակի կլանում են քեզ, նույնիսկ այն դեպքում, երբ այդ տոնի մասին դեռ ոչինչ չգիտես:

1947 թվականին Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացումից հետո 3 տարվա ընթացքում հաստատվեց երկրի սահմանադրությունը, ու երբ 1950-ին սահմանադրությունն արդեն պատրաստ էր, հունվարի 26-ին Հնդկաստանը հռչակվեց հանրապետություն: Հնդիկներն ամեն տարի` հունվարի 26-ին էլ նշում են իրենց հանրապետության օրը` ու կրկին պետական դրոշի բարձրացման ու ազգային հիմնը երգելու ավանդույթով:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան երեկ իր ելույթում ներկաներին փոխանցեց Հնդկաստանի նորընտիր նախագահի ուղերձը` գրված անկախության օրվա առիթով:

Իսկ «Ազգի» հետ զրույցում Պանկաջ Սաքսենան նշեց հոբելյանական մի ուրիշ միջոցառման մասին էլ. «Այս տարի լրանում է մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարին, ինչին նվիրված մի շարք ծրագրեր ունենք»:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը Հայաստանի ու Հնդկաստանի հանրապետությունների միջեւ ստորագրվել է 1992-ի օգոստոսի 31-ին:

Պանկաջ Սաքսենան ասում է` 20-րդ տարեդարձի առթիվ առաջիկա ամիսներին Հայաստանում կկազմակերպվեն միջոցառումներ` նախատեսվում է հնդկական ֆիլմի ցուցադրություն, մշակութային ներկայացումներ: «Սպասում ենք, որ Հնդկաստանից այստեղ կգան մշակութային խմբեր, եւ ավելի շատ ուզում ենք հայերին ներկայացնել հնդկական դասական արվեստը, քանի որ Բոլիվուդից զատ` Հնդկաստանն ունի նաեւ դասական ու ավանդական շատ հարուստ մշակույթ»:

Ինչ վերաբերում է երկու երկրների միջեւ հարաբերություններին, ապա զրուցակիցս ընդգծում է` բոլոր ոլորտներում, լինի դա քաղաքական ու տնտեսական թե մշակութային, Հայաստանն ու Հնդկաստանն ունեն գերազանց հարաբերություններ: Բացի համագործակցությունից` հայ ու հնդիկ ժողովուրդներն ունեն նաեւ նմանություններ: «Օրինակՙ 2 ժողովուրդներն էլ հավատում են ընտանիքին ու գնահատում այն: Մեր ժողովուրդները նմանություններ ունեն նաեւ ապրելաձեւի, մտածողության մեջ, նույնիսկ նմանություններ կգտնեք մարդկանց արտաքինի մեջ, իսկ մեր լեզուներում կգտնեք ընդհանուր բառեր», հավելում է Պանկաջ Սաքսենան:

Սակայն բացի նմանություններից` երկու ժողովուրդներն ունեն իրենց առանձին ավանդույթների ու արժեքների հարուստ ժառանգությունը, չէ՞ որ երկուսն էլ աշխարհի հին ժողովուրդներից են, ու անկախ զարգացման` իրենց որդեգրած ուղղություններից` նրանք մնացել են բարեկամ ժողովուրդներ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4