Ինչո՞ւ, օրինակ, հունգարացին առավել ապահովագրված է երկրաշարժերից, քան հայը: Խնդիրն ամենեւին էլ միայն այն չէ, որ Հայաստանն, ի տարբերություն Հունգարիայի, սեյսմավտանգ գոտում է: Խնդիր ունենք նաեւ ազգային խառնվածքի հետ կապված: Օրինակՙ 10 հունգարացուց միայն մեկ-երկուսի մտքով կարող է անցնել ընդլայնել իր բնակարանը բազմահարկ շենքի, ասենք, 8-րդ հարկում, սակայն 10 հայից առավելագույնը մեկ-երկուսի մտքով սա կարող է չանցնել: Մինչդեռ բազմահարկ շենքերի սեյսմավտանգ լինելն էլ ավելի է սրվում, երբ շենքին կցվում են այլ շինություններ, կամ բնակիչներից ոմանք կամայական փոփոխությունների են ենթարկում շենքը:
Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայաստանյան սեյսմիկ վտանգներին հավելեց նաեւ այն, որ Երեւանի շենքերի մեծ մասը վտանգված է: «Դրանք կառուցված են խորհրդային շրջանում, համապատեսխանեցված են այն ժամանակների սեյսմիկ չափանիշներին, այդ շենքերի վրա ազդեցություն թողել է նաեւ Սպիտակի երկրաշարժը», ասաց տիկին Թովմասյանը:
Սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանն իր հերթին, իրենց իսկ շենքի օրինակով, ընդգծում է, որ վերջին 30 տարվա ընթացքում ինքը չի հիշում մի դեպք, երբ համապատասխան վարչությունից գան եւ քննության ենթարկեն շենքը: Այնինչ սեյսմոլոգն ինքը ամեն օր առիթ է ունենում տեսնելու, որ իրենց շենքի հենասյուները այլեւս ամուր չեն: Միեւնույն ժամանակ, սակայն, ԱԻՆ սեյսմիկ ծառայության ներկայացուցիչը պնդում է. «Երեւանի շենք-շինությունների համար պարբերաբար կատարվում են տեխնիկական վիճակի գնահատումներ, սակայն միայն այն դեպքում, երբ սեփականատերն է այս առաջարկով դիմում»: Փաստորեն, երբ հաշվի ենք առնում, որ բնակելի շենքերը սեփանակատեր չունեն, ապա ԱԻՆ սեյմսիկ ծառայությունն այդ շենքերի տեխնիկական վիճակի գնահատականներ չի տալիս, ինչպես սեյսմոլոգ Բալասանյանն է նշում` «կոնկրետ վերջին 30 տարում ես այդպիսի բան չեմ հիշում»: Այդուհանդերձ նախարարության ներկայացուցիչը ընդգծում է. «Կառավարությունը շենքերի ամրացման համապատասխան միջոցներ ձեռք է առնում, որոնք, սակայն, դեռեւս կյանքի չեն կոչվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով»: Այսինքն, կարող ենք եզրակացնել, որ բնակելի շենքերի ամրացման ուղղությամբ կառավարությունը, եթե անգամ «մտածում է», չունի միջոցներ` իրագործելու, հետեւաբար այն շենքերը, որտեղ ապրում ենք, սեյսմավտանգ են: Իսկ եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքում է կենտրոնացած հանրապետության բնակչության զգալի մասը, նաեւ այն, որ երկիրը սեյսմավտանգ գոտում է, այսինքնՙ երկրաշարժերը մեր տարածաշրջանում, ինչպես տեսնում ենք, հաճախակի կարող են լինել, ապա պատկերացնելն անգամ սարսափելի է այն աղետը, որը կարող է լինել, եթե Երեւանի մոտ երկրաշարժ լինի:
Նախարարության ներկայացուցիչ Աշխեն Թովմասյանը վստահեցնում է, որ տարածաշրջանում վերջին` Իրանի երկրաշարժը, որը զգացվեց նաեւ Հայաստանում, այսօր մարման փուլում է, հետեւաբար ավելի ուժեղ երկրաշարժ սպասելի չէ: Ճիշտ է, տիկին Թովմասյանը ընդգծեց. «Մենք երբեք չենք բացառում ուժեղ երկրաշարժերը»: Իսկ սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը ո՛չ բացառում է ավելի ուժեղ երկրաշարժը տարածաշրջանում իրանյանից հետո, ո՛չ հերքում. «Կարող է լինել, որ Իրանի երկրաշարժով տարածաշրջանային երկրաշարժների այս փուլը փակվի, բայց կարող է եւ չփակվի», ասում է Բալասանյանը` վերհիշելով 1988-ը. «Հիշում ենք, որ այդ թվականին եւ նախորդ ու հաջորդ տարիներին երկրաշարժեր եղան Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հիմա, փաստորեն, եղան Թուրքիայում (Վանի ավերիչ երկրաշարժը), Ադրբեջանում եւ կրկին Իրանում», հիշեցնում է սեյսմոլոգը: Ի դեպ, Բալասանյանը համաձայն չէ այն վարկածին, թե Ադրբեջանի նավթարդյունաբերությունը կարող է սրել սեյմսիկ վտանգը ողջ տարածաշրջանում, քանի որ Ապշերոնյան թերակղզին բոլորովին էլ մեր տարածաշրջանի սեյսմիկ գոտում չէ. «Դա միայն նրանց խնդիրն է, ոչ տարածաշրջանի», համոզմունք հայտնեց Բալասանյանը:
Իսկ մեր խնդիրն, անշուշտ, շենք-շինությունների ապրապնդումն է, եւ դրանց կամային ձեւափոխությունների բացառումը. իհարկեՙ բոլորս ենք ցանկանում ապրել ավելի հարմարավետ բնակարանում, սակայն հարմարավետությունը չպետք է լինի անվտանգության հաշվին:
Ի դեպ, սեյմսոլոգ Բալասանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում սեյսմիկ վտանգը հնարավորինս կմեղմվի, երբ «նախագահը սեյսմոլոգ լինի, վարչապետն էլ, ԱԺ նախագահն էլ»: Հետաքրքրական է, թե, օրինակ, ծանրամարտում օլիմպիական չեմպիոններ ունենալու համար էլ պե՞տք է, որ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը ծանրամարտիկ լինեն:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ