«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


ՀՈԳԵԲՈՒՅԺՆ ՈՒ ՆՐԱ «ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ»

Ցեղասպանություն տեսած ծնողների զավակ, Երուսաղեմում ծնված Կարապետ Զաքարյանը , որն այսօր ապրում է Հորդանանում եւ այդ երկրի, ինչպես նաեւ ողջ Մերձավոր Արեւելքի ամենահայտնի հոգեբույժներից է, խնդիր ունի ապացուցելու, որ ինքը հայ է:

Բայց սկզբից սկսենք: Բժիշկ Զաքարյանը, որ ուսանել, աշխատել եւ դասախոսել է աշխարհի մի շարք երկրներում, ազդեցիկ դեմք է Մերձավոր Արեւելքի հայ համայնքում, Հայաստան է ժամանել, ինչպես ինքն է ասում` «Ուսումնասիրելու ձեր մարդկանց»: Բժիշկը փողոցում քայլելով, մարդկանց հետ շփվելով եկել է եզրակացության, որ մեր հասարակությունը խնդիր ունի բուժվելու. «Մարդկանց մեծամասնությունը կարծես դեպրեսիայի մեջ լինի, դա երեւում է նրանց հագնվելուց, խոսելիս», պատմում է բժիշկը: Պատճառն, ըստ հոգեբույժի, «մարդկանց աղքատությունն է, սոցիալական ծանր խնդիրները»: Երբ մարդն ամեն օր հացի խնդիր է լուծում, բնականաբար ամեն օրը նրա համար դառնում է դեպրեսիայի նոր փուլ:

Հետեւաբար, ընդհանուր առմամբ, մենք դեպրեսիվ հասարակություն ենք: Այս առիթով բժիշկ Զաքարյանն առաջարկում է հայ հոգեբույժներին համագործակցություն, սեփական հսկայական փորձի փոխանցում, սակայն ապարդյուն... նա դեռ պետք է ապացուցի, որ հայ է:

Խնդիրն այն է, որ հոգեբույժը ծննդական չունի, հետեւաբար նրա ազգությունը, համաձայն ՀՀ վերափոխված սահմանադրության, պետք է ապացուցվի, որպեսզի անձնագրային վարչությունը Զաքարյանին ՀՀ քաղաքացիություն տա: 75-ամյա բժիշկը Հայաստան կատարած իր նախորդ այցելությունների ժամանակ դիմել է համապատասխան վարչություն` երկքաղաքացիություն ստանալու խնդրանքով, սակայն, ինչպես ինքն է պատմում, վարչության երիտասարդ ներկայացուցիչը նախ ընդգծել է, որ պետք է Զաքարյանն ապացուցի, որ հայ է, ապա եւ, երբ Զաքարյանը հակադարձել է, անգամ փորձել է հարվածել բժշկին: Այս ամենի պատճառով Զաքարյանն ասում է. «Ես ամեն երկրում հայ եմ, բացի Հայաստանից»:

Մինչդեռ ՌԱԿ անդամ Կարապետ Զաքարյանը, բացի մասնագիտական հաջողություններից ու համբավից, նաեւ զբաղվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներով, նա օգնություն է ցուցաբերել նորանկախ Հայաստանին, նա օգնել եւ օգնում է Մերձավոր Արեւելքի, կոնկրետՙ Հորդանանի հայ համայնքին վերջինիս ունեցած խնդիրների պարագայում: Հորդանանում անգամ թագավորը գիտի, որ Զաքարյանը հայ է, Հայաստանում, ինչպես տեսնում ենք, նա դա պետք է ապացուցի:

Հասկանալի է, որ ազգության պարտադիր ապացույցը կարեւոր նորմ է երկաքաղաքացիության մեր օրենքում: Սա մասնավորապես նպաստում է, որ, օրինակ, Իրանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցին ՀՀ անձնագիր չստանա` իր բոլոր լիազորություններով, սակայն բժիշկ Զաքարյանի պարագան, իհարկե, այլ է, ինչպես ինքն է ասում, եւ իրենից լավ ոչ ոք չի կարող ասել. «Ես ամեն երկրում հայ եմ, բացի Հայաստանից»: Իսկ Հայաստանում, նկատենք, բժիշկը շատ աշխատանք ունի, քանի որ մենք ընդհանուր առմամբ` դեպրեսիվ հասարակություն ենք, եւ 75-ամյա հոգեբույժին հարվածելու ցանկությամբ անձնագրային վարչության երիտասարդ ներկայացուցիչն ընդամենը այս հասարակության մի մասնիկն է:

Ի դեպ, հայրենի կառավարությունը, ինչպես գիտենք, իրականացնում է «Արի տուն» ծրագիրը, ամեն կերպ փորձում խրախուսել ներգաղթը, հատկապես «ուղեղների ներգաղթը», սա` իմիջիայլոց:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4