Կար ժամանակ, երբ ընդունված ընդհանուր կենսակերպից դուրս գոյություն ունեցող ամեն տեսակի հոսանք կամ անհատ մեկը պատժվում էր այդ ընդհանուր ընդունված կենսակերպը կրողների ձեռամբ: Օրինակՙ միջնադարում կաթոլիկ եկեղեցին տխրահռչակ ինկվիզիցիայի էր ենթարկում «բոլոր անհավատներին», այլ կերպ ասած` ընդհանուր ընդունված կենսակերպից դուրս գտնվողներին: Կրոնական հողի վրա պատերազմներ էին բռնկվում, որոնց ժամանակ թշնամիները միմյանց կոչում էին անհավատներ: Ավելի ուշ արդեն ընդհանուրից առանձնացողին ոչ թե պատժում էին, այլ հետապնդում, ճնշում, վարկաբեկում... թերեւս հենց այդ տարիներին գերմանացի մտածող Գյոթեն իր հայտնի աֆորիզմը հեղինակեց. «Չկա ավելի նողկալի բան, քան մեծամասնությունը»: Մարդիկ այսօր էլ, իսկ առաջներում` առավել շատ, չեն սիրում մեկին, ով իրենց նման չէ, ընդ որում ամենեւին նշանակություն չունիՙ իրենց նման չէ մաշկի գույնո՞վ, աչքերի կառուցվածքո՞վ, կրոնո՞վ, քաղաքական հայացքներո՞վ, թե անգամ հագուստով:
Ինչեւէ, դառն ալով մեր օրերին, նկատենք, որ այսօր էլ աշխարհում, չնայած մի քանի սերունդ ամերիկացիներ (եւ ոչ միայն ամերիկացիներ) պատերազմներ մղեցին, սակայն, միեւնույն է, ռասայական, կրոնական եւ այլ խտրականություն կա: Ընդ որում, ամենեւին էլ նշանակություն չունիՙ այդ երկիրն, ասենք, թույլ զարգացած Մոնղոլիան է, թե գերզարգացած Իտալիան, որի ֆուտբոլի առաջնությունում սեւամորթ ֆուտբոլիստներին դեռեւս սուլում են:
Չնայած, ուրեմն, միջկրոնական զանազան ընկերակցություններին, ժողովներին, գիտաժողովներին, միեւնույն է, աշխարհում ասօր էլ ժողովրդական մակարդակում քրիստոնյաները մահմեդականներին են համարում անհավատներ, մահմեդականները` քրիստոնյաներին: Սակայն սա դեռ ամենաուշագրավը չէ, քանի որ ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական աշխարհում այսօր առաջացել է մի ստվար հոսանք` աթեիստները, այլ կերպ` անհավատները: Ժամանակակից աշխարհում աթեիստների թիվն այնքան է աճել եւ շարունակում է աճել, որ առաջացել է աննախադեպ մի դրություն. եթե նախկինում աթեիստները խանգարում էին եկեղեցուն, ապա այսօր դեռ հարց է, թե ո՞վ է ում ավելի շատ խանգարում: Ընդհանուրից դուրս գալը, համընդհանուր կենսակերպի նորմերից հրաժարվելը այսօր աշխարհում լայնորեն տարածված է, եթե, օրինակ, քայլում ես Նյու Յորքի փողոցում եւ տեսնում, թե ինչպես է մեկ ուրիշը սողեսող առաջանում նույն այդ փողոցով, մի շտապիր նրան աննորմալ անվանել, քանի որ գուցե նրա կարծիքով դու ես աննորմալը: Մարդկանց մեջ, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում հավատի, հավատամքի կորուստ կա, քանի որ հավատամքը մարդկանց անցյալին, ավանդականին գերի է պահում, ինչ-որ հոգեկան կապանքների տակ առնում, ժամանակակից մարդը չի սիրում լսել` «Չի կարելի», «Մի արա», նա ինքն է ցանկանում հասկանալ, զննել, տեսնել, թե ի՞նչ է ուզում, ու հենց այս պատճառով էլ անում է ամեն ինչ: Այս սկզբունքն է հենց, որի շնորհիվ տարեցտարի աշխարհում ավելանում են աթեիստները: WIN-Gallup International ընկերությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Շվեյցարիայում, անցկացրել է հարցում` պարզելու աթեիստների եւ իրենց հավատացյալ համարողների հարաբերակցությունը: Եթե 2005-ին, նույն հարցումների համաձայն, ամերիկացիների 73 տոկոսը նշել էր, թե հավատացյալ է, ապա այսօր ամերիկացիների միայն 60 տոկոսն է իրեն հավատացյալ համարում: Իսկ ընդհանուր առմամբ 33 տոկոսը` ամերիկացիներ, իրենց չեն համարում հավատացյալ մարդ: «Ամենաանհավատ» երկիրն է ճանաչվել Չինաստանը. այնտեղ հարցվածների 57 տոկոսը նշել է, որ աթեիստ է: Ճապոնացիների 31 տոկոսն է «անհավատ», երրորդ տեղում են չեխերը` 30 տոկոս, ֆրանսիացիները` 29 տոկոս եւ Հարավային Կորեան` 15 տոկոս: Ինչ վերաբերում է «հավատացյալ» երկրներին, ապա այստեղ առաջին տեղում է... աֆրիկյան Գանան. գանացիների 96 տոկոսը վստահեցրել է, որ իրենք հավատացյալ են: Ուշագրավ է, որ հաջորդ «հավատացյալ երկիրը» կրկին աֆրիկյան է, նիգերիացիների 93 տոկոսն է հայտնել, որ իրենք հավատացյալ են: Իսկ աշխարհի «երրորդ հավատացյալ» երկիր է ճանաչվել Հայաստանը, ըստ հարցումների հայաստանցիների 92 տոկոսը նշել է, որ հավատում է Աստծուն: Հայաստանին հաջորդում են Ֆիջին (92 տոկոս), Մակեդոնիան (90 տոկոս), Ռումինիան (89 տոկոս), Իրաքը (88 տոկոս), Քենիան (88 տոկոս), Պերուն (86 տոկոս) եւ Բրազիլիան (85 տոկոս):
Փաստորեն, աշխարհի «անհավատ երկրներն» առավել զարգացած են, քան «հավատացյալները»: Եթե «անհավատները» հիմնականում բնակվում են Եվրոպայում, զարգացման բարձր տեմպեր բռնած Ասիայում եւ Հյուսիսային Ամերիկայում, ապա «հավատացյալները» Աֆրիկայում են, Հարավային Ամերիկայում: Ստացվում է, որ այն, ինչի դեմ դարեր շարունակ պայքարել է Հին Աշխարհը, այսօր ինքն է դրա կրողը, այսինք, եթե առաջներում պայքարում էին անհավատների դեմ, այսօր հենց իրենք են դառնում անհավատ: Ստացվում է, որ զարգացած հասարակարգում ապրող մարդն ավելի քիչ ունի հավատքի կարիք, քան ավելի թույլ զարգացած երկրի բնակիչը:
Մի կարեւորագույն հարց մնում է. ո՞վ է ավելի զարգացած, նա, ով նետվում է դուրս բոլոր տեսակի կապանքների՞ց, թե՞ նա, ում համոզմամբ առանց կապանքների, բացարձակ ազատ ապրող մարդ գոյություն չունի եւ չի էլ կարող ունենալ:
Ընդհանուր առմամբ` «աթեիստն ու ոչ աթեիստը գրեթե չեն տարբերվում միմյանցից»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ