«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԾԽԱԽՈՏԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ

Ավստրալիայի գերագույն դատարանը բավարարեց կառավարության առաջ քաշած նոր օրենքը, որի համաձայն Ավստրալիայում վաճառվող ծխախոտների տուփերի վրա այլեւս չպետք է պատկերվեն ծխախոտի տվյալ բրենդի գույներն ու լոգոն: Փոխարենը, օրենքի պահանջն է` վաճառել սիգարետները կանաչ տուփերով ու այնպիսի նկարներով, որոնք կպատկերեն թե ծխելու սովորությունն ինչ հետեւանքների կարող է հանգեցնել:

BBC հեռուստաընկերության փոխանցմամբ` նախատեսված է, որ ծխախոտների փաթեթավորման մասին նոր կանոնները կիրագործվեն այս տարվա դեկտեմբերի 1-ից:

Իշխանությունները կարծում են, որ փաթեթավորման նոր կարգը կօգնի կրճատելու Ավստրալիայում ծխողների թիվը: Սակայն նոր օրենքը լուրջ մարտահրավեր է ծխախոտ արտադրող ընկերություններին: Վերջիններս փաստարկում են, որ իրենց բրենդների ու դիզայնի վերացումը տուփերի վրայից կտրուկ կկրճատի արտադրողների եկամուտը, նաեւ կարող է հանգեցնել շուկաներում կեղծ արտադրանքի ի հայտ գալուն: Նման օրենք առաջին անգամ կսկսեն կիրառել հենց Ավստրալիայում, այն դեպքում, երբ Ավստրալիան, մյուս երկրների համեմատությամբ, չի համարվում շատ ծխողների երկիր եւ ունի ծխախոտի վաճառքի համեմատաբար փոքր շուկա: Սակայն ծխախոտ արտադրող ընկերությունները քաջ գիտակցում են, որ Ավստրալիան կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար, ինչն էլ արդեն կդառնա սպառնալիք ընկերությունների ավելի մեծ ու իրական շուկաների համար:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4