Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը հայտարարել է, որ քրդերի ու հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրողների նկատմամբ բացասական դիրքորոշումների պատճառով թուրքական բուրժուազիան նյարդայնացնում է իրեն: «Արմենպրեսի» փոխանցմամբ` Օրհան Փամուկը գերմանական «Die Zeit» թերթին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարվում է դասել իրեն Թուրքիայի բարձրաշխարհիկ մարդկանց թվին:
«Թուրքական բուրժուազիան նյարդայնացնում է ինձ: Սիրտս խառնում է մեծամիտ, ամբարտավան, գոռոզամիտ, անհեռատեսությամբ ու սեփական երկրի մարդկանց նկատմամբ ատելությամբ լցված թուրքական բուրժուազիայից: Թուրքական վերնախավը չի անհանգստանում ռազմական հեղաշրջումների կամ քրդերի դեմ ցուցաբերվող վատ վերաբերմունքի համար: Նրանք վերեւից են նայում հիջաբավոր կանանց: Դա ինձ հիշեցնում է Հարավային Աֆրիկայում` նախկինում, սեւամորթների նկատմամբ սպիտակամորթների վերաբերմունքը», ասել է Օրհան Փամուկը գերմանական թերթին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Օրհան Փամուկը հետապնդվում է իր արած հետեւյալ հայտարարության համար. «Թուրքիայում 1,5 միլիոն հայեր ու 30 հազար քրդեր են սպանվել: Այդ մասին ոչ ոք չի խոսում, իսկ ես հայտարարում եմ»:
Ի. Պ.