Բնապահպանների անհանգստությունը եւ «SOS-Սեւան» ահազանգն առաջին հերթին պետք է վերաբերեն ձկնային պաշարներին, քանի որ Սեւանում արդյունագործական ձկնային պաշարներ այլեւս չեն մնացել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ` երեկ նման կարծիք հայտնեց ԳԱԱ հիդրոլոգիայի ու կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը :
Կոնկրետ սիգի պաշարները, ըստ նրա, լիովին խզված են, դրանք արդեն այնքան սակավ են, որ այդ տարածումը ինքնավերականգնվել այլեւս չի կարող, խոսքը Սեւանա լճում սիգի վայրի բազմացման մասին է: Ելնելով ստեղծված վիճակից` Հիդրոլոգիայի ու կենդանաբանության կենտրոնը նախատեսում է առաջարկել, որ սիգի ձկնկիթը ներկրվի Ռուսաստանից, ինչպես արվել է 1920-30-ականներին, ինչը կօգնի վերականգնելու սիգի բազմացումն ու արդյունագործական պաշարները, բայց միայն այն դեպքում, եթե վերացվի որսագողությունը:
Իշխան ձկնատեսակը եւս որսագողերի թիրախում է: Բարդուխ Գաբրիելյանը նշում է, որ 1970-ականներից իշխանը համարվում է արգելված տեսակ, 1978-ից որպես անհետացող տեսակ գրանցվել է Հայաստանի, ապա Խորհրդային Միության Կարմիր գրքում: Վերջին տարիներին բնապահպանության նախարարությունը սկսեց մի ծրագիր, որի շրջանակում Սեւանա լիճ բաց էին թողնվում մանրաձկներ, եւ դրա շնորհիվ իշխանի բազմացումն ինչ-որ չափով վերականգնվեց: Սակայն դարձյալ օգտվում են ձկնագողերը, եւ վերահսկողության պակասի պատճառով պետության ջանքերն ու ծախսած գումարն անցնում են ապարդյուն:
Վերահսկողություն լճի վրա կամ շուկաներում, ըստ Բարդուխ Գաբրիելյանի, ընդհանրապես չկա` ոչ ոստիկանության, ոչ էլ համապատասխան կազմակերպությունների կողմից: «Թե ինչո՞ւ չկաՙ մեկնաբանել չեմ ուզում, քանի որ պատճառներն օբյեկտիվ ու սուբյեկտիվ են», ասաց Բարդուխ Գաբրիելյանը` եւս մեկ անգամ շեշտելով, որ հիմնականում որսագողությունն ու վերահսկողության բացակայությունն են հանգեցրել արդյունագործական պաշարների վերացմանը Սեւանա լճում. «Նույնիսկ մի անգամ սիգ վաճառողին հարցրել եմ` ինչո՞ւ եք վաճառում, չէ՞ որ արգելված է, իսկ նա պատասխանեց` լավ եմ անում, գնա, բողոքիր որտեղ ուզում ես»:
Ինչ վերաբերում է Սեւանի ջրի մաքրությանը, եւ դրա ազդեցությանը ձկնատեսակների վրա, մասնագետը նշում է, որ վերջին 2 տարիներին նկատվում է ջրի որակի բարձրացում: «Ու եթե մենք ունենանք բարձրորակ ջուր, ապա կունենանք ավելի արժեքավոր ձկնատեսակներ», հավելում է Բարդուխ Գաբրիելյանը:
Ի. Պ.