«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2012-08-23 | #145, 2012-08-24 | #146, 2012-08-25


ԲԺԻՇԿ-ՀԻՎԱՆԴ ԱՆԿԱՏԱՐ ՈՒ ԵՐԲԵՄՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՓՈՒՄՆԵՐԸ

Ովքե՞ր են ավելի անպաշտպան` բժիշկնե՞րը, թե՞ հիվանդները: Եթե շտապենք պատասխանել, կընտրենք երկրորդ տարբերակն առանց երկար մտածելու, քանի որ բազմաթիվ օրինակներ ունենք բժիշկների անփութության, բժշկական սխալների ու դրանցից տուժած հիվանդների: Ընդունենք, որ հիվանդներն ավելի անպաշտպան են, բայց դա դեռ չի նշանակում, որ պաշտպանված են բժիշկները:

Ցավոք, սեփական առողջության ու բժիշկների հանդեպ դրսեւորվող վերաբերմունքը, ավելի շուտ` մշակույթը մեզ մոտ դեռեւս չի հասել այն մակարդակին, որպեսզի շատերը հասկանան, որ առողջության հարցերը չի կարելի լուծել բռունցքի ուժով ու բժշկին ծեծելով կամ էլ բուժաշխատողի գրպանը գումար դնելով:

Ինչո՞ւ վերեւում օգտագործեցի մշակույթ բառը, որովհետեւ սեփական առողջությունը գնահատելը, պահպանելու գիտակցումը, մյուս կողմից էլ բժիշկների պատասխանատվությունն ու վերաբերմունքը հիվանդի հանդեպ ձեւավորում են մի ամբողջ մշակույթ, որը մեզանում, դժվար է ասել, թե չկա, սակայն եղածն էլ այնպես աղճատված է, որ տուժում են ե՛ւ հիվանդները, ե՛ւ բժիշկները: Ապացույցները բազմաթիվ են: Օրինակ` հիվանդի ազգականը կարծում է, թե իրավունք ունի ծեծելու շտապ օգնության բժշկին` ուշանալու կամ պարզապես հիվանդի կյանքը չփրկելու պատճառով` առանց հասկանալու, որ բժիշկը միգուցե չի էլ ուշացել կամ ուշացել է ոչ իր մեղքով, իսկ հիվանդին փրկելն արդեն վեր է եղել նրա ուժերից: Արագ գործի են դնում բռունցքները, առանց ժամանակ կորցնելու, որովհետեւ հազիվ գտել են «մեղավորին»:

Բժիշկը նույնիսկ «մեղավոր» է դառնում, երբ տալիս է ախտորոշում անբուժելի հիվանդության մասին: Բժշկին անգամ ծեծել են օնկոլոգիական հիվանդությունն ախտորոշելու պատճառով` առանց հասկանալու` ի՞նչ մեղք ունի բժիշկը: Բայց մյուս կողմից` քիչ չեն դեպքերը, երբ բժիշկները սխալ ախտորոշում են տվել, սխալ բուժում նշանակել ու այնքան ժամանակ մի դռնից մյուսն ուղարկել հիվանդին, որ վերջինս բուժվելուց հույսը կտրել է:

Բայց որեւէ դեպքում էլ ծեծն ու բժշկական սխալն արդարացում չունեն, պատժելու համար կան իրավապահ մարմիններ, թե ի՞նչ պատիժ կսահմանեն, դա նրանց գործն է:

Արդարացում չունի եւ երեխաներին շփոթելու դեպքը մեր հիվանդանոցներից մեկում, երբ մի երեխայի փոխարեն վիրահատական սեղանին պառկեցրել էին ուրիշ երեխայի: Հիշենք նաեւ փետրվարին` Աբովյան քաղաքի ծննդատանը, մոր ու նրա չծնված երեխայի մահվան մասին: Աբովյանի ծննդատան դեպքի առնչությամբ հարուցվեց քրեական գործ, մեղադրանք առաջադրվեց բժիշկ-անեսթեզիոլոգին:

Բժշկական սխալների օրինակներն էլ շատ են, սակայն թվարկածներս եզրափակեմ մի դեպքով, երբ բժիշկը հիվանդին սխալ ախտորոշում էր տվել` կանխատեսելով ընդամենը 3 ամսվա կյանք, իսկ երբ հիվանդն արդեն բուժվելուց հետո գնացել էր նույն բժշկի մոտ, վերջինս առանց ամաչելու ասել էր. «Ինչո՞ւ եք եկել, արդեն պետք է մահացած լինեիք»: Թվարկված օրինակները պատկերում են բժշկական մեր աղճատված մշակույթի միայն մի փոքր մասը, դեռ չեմ խոսում բժշկի դիմելուց խուսափելու մասին, իսկ խուսափելն էլ ոչ այնքան գումարի պատճառով է, որքան վստահության պակասի:

Հայերս մի ուրիշ հատկություն էլ ունենք, աստվածացնում ենք բժշկին, եթե օգնում է մեզ, իսկ հակառակ դեպքում` քննադատում, փնովում, գործը մինչեւ ծեծի հասցնում: Պաշտպանության կարիք ունեն եւ բժիշկները, ինչին ուղղված վերջերս ստորագրահավաք սկսել են հենց իրենք` բուժաշխատողները պահանջելով 10 տարով ազատազրկումը կիրառել որպես պատիժ աշխատանքի ընթացքում բուժաշխատողի հանդեպ բռնություն կիրառողի նկատմամբ: Նախաձեռնության հեղինակներն ընտրել են «եկեք առաջինը ինքներս լինենք մեր պաշտպանը» կարգախոսը: Սա ընդամենը ստորագրահավաք է, բայց արդեն զգուշացում է, տեղեկություն, որ պաշտպանված չեն եւ բժիշկները: Բայց բժիշկներն էլ իրենց հերթին պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր հիվանդի պաշտպանված լինելն առաջին հերթին կախված է բժշկից, նրա գիտելիքներից ու ուշադրությունից: Եվ այդ մշակույթ ասվածը կարող է հղկվել, օգտավետ դառնալ երկու կողմերի` հիվանդի ու բժշկի միջոցով:

Իսկ իրավապահ մարմիններն իրենց անաչառ հետաքննությամբ ու որոշումներով պետք է ապացուցեն, որ նրանք, ովքեր խաղում են հիվանդի թե բժշկի կյանքի հետ, օրենքի կողմից անպատիժ չեն մնում: Եվ միայն այս դեպքում բոլոր բժիշկների համար արդեն թանկ կլինի իրենց յուրաքանչյուր հիվանդի կյանքը, իսկ հիվանդի ու նրա ազգականների համար բժիշկը չի դառնա քավության նոխազ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4