«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2012-08-23 | #145, 2012-08-24 | #146, 2012-08-25


ՄԻՆԱՍԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ` ՎՏԱՆԳՎԱ՞Ծ

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ստացել ու հրապարակել է «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի` Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին ուղղված նամակի պատճենը, այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանը չի կատարում Մինասի մի որմնանկարի վերականգնման համար հիմնադրամի հետ կնքված պայմանագրային պարտավորությունների մի մասը եւ այդ պատճառով որմնանկարի փրկությունը վտանգված է: Ըստ ակումբի երեկ տարածած հաղորդագրության, խոսքը վերաբերում է նկարչի «Հայկական հովվերգություն» մեծածավալ որմնանկարին:

Ինչպես նշվում է, քաղաքապետարանը վերականգնող կազմակերպությանը վճարելու պարտավորությունից բացի ստանձնել էր մի շարք աշխատանքների (շինարարական նախապատրաստական աշխատանք, ջրամատակարարում, կապի ու համացանցի տրամադրում, բեռնափոխադրում եւ բարձում, տրանսպորտի, լուսանկարչական, նյութերի եւ պարագաների, Երեւանում իտալացի եւ հայ վերականգնողների կեցության ծախսեր եւ այլն) կատարման պարտավորություն, որոնք չի կատարում կամ թերի է կատարել: Ըստ նամակի, ընդհանուր առմամբ հիմնադրամը քաղաքապետարանի փոխարեն նախահաշվից դուրս կատարել եւ կարող է կատարել մոտ 13 մլն դրամի աշխատանք: Բացի այդ, հիմնադրամի նախագահի հաղորդմամբ, քաղաքապետարանը նախահաշվում հիմնադրամին վերապահված ժամանակացույցով նախատեսվածից պակաս է վճարել եւս 13 մլն դրամ:

«Այսպիսով, ազգային արժեք ներկայացնող որմնանկարի վերականգնումը, որն ամբողջությամբ անջատված է պատից եւ փռված է գետնին, ունի կոնկրետ տեխնոլոգիական պրոցեսի ժամկետ, եւ ժամկետի խախտումը կհանգեցնի հուշարձանի կորստի, ուստի հիմնադրամը խնդրում է Ձեր միջնորդությունը ՀՀ կառավարությանը` անհապաղ լուծում տալու վերը նշված խնդրին», ասվում է նամակում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4